«Ժողովուրդ»-ը գրում է․ «Հունվարի 16-ին ՀՀ ոստիկանությունը հատուկ միջոցառում էր իրականացրել Արագածոտնի մարզում, և տարբեր կասկածանքներով ոստիկանության բաժիններ էին բերման ենթարկվել, այսպես ասած, քրեական ենթամշակույթ կրող անձինք: Հրապարակված տեսանյութում անձանց դեմքերը չեն երևում, ոչ էլ հասկանալի է դառնում, թե ինչու են քաղաքացիների արժանապատվությունը նսեմացնելով բերման ենթարկում: Ի վերջո, հարց է առաջանում՝ որտեղի՞ց ոստիկանությունը իմացավ, որ այդ անձինք քրեական, այլ ոչ թե, օրինակ, գրական ենթամշակույթ կրող են: Փաստեր կա՞ն, թե՞ շոու է:
Այս հարցերի պատասխանը «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ստանալ ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանից: «Ոչ միայն Արագածոտնի մարզում, այլ, առհասարակ, այն կանխարգելիչ աշխատանքը, որ իրականացվում է, կատարվում է օպերատիվ տվյալների հիման վրա: Ես, ընդհանրապես, շոուի սիրահար չեմ… Այդ մարդկանց տրամադրվածությունը հանցավոր երևույթների հանդեպ պետք է փոխվի: Իրենց ընկալման մեջ փոփոխություն մտցնելու համար են արվում այդ գործողությունները, որ հասկանան վերջնականապես՝ հանցագործ լինելը լավ բան չէ»: Սարգսյանից հետաքրքրվեցինք, որ իրեն երկու ամիս է մնացել ոստիկանապետի ԺՊ աշխատելու համար, ինչ ճակատագիր է սպասվում: «Մինչև վերջին օրը ծառայելու եմ պետությանը բարձր նվիրվածությամբ: Շուրջ 25 տարի ծառայում եմ ոստիկանությունում»,-պատասխանեց Սարգսյանը»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը