168.am-ը գրում է․ «Սահմանադրական դատարանի (ՍԴ) նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ տեղի ունեցող գործողությունների հերթական փուլի մասին 168.am-ը զրուցել է Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի հետ:
«Այս ամենի սկիզբը կարելի է համարել, երբ դատավոր Դավիթ Գրիգորյանը ՍԴ ուղարկեց Քրեական օրենսգրքի 300.1 սահմանադրականության հարցը քննելը: Սա սկիզբն էր ՍԴ նկատմամբ հարձակումների: Ես ուղղակի համեմատության համար ասեմ. պատկերացրեք, որ, եթե ՍԴ-ն մերժեր հայցի ընդունումը, ապա ես համոզված եմ, որ նրա հետ որևէ բան չէր կատարվի: Ու հակառակը: Եթե գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը որևէ մեղադրանք չպաշտպաներ, ի՞նչ կկատարվեր նրա հետ: Վստահաբար ինչ-որ մարդիկ կհայտնվեին, ցուցմունքներ կտային ժամանակին նրա կատարած կոռուպցիոն գործարքների մասին, ու անմիջապես քրեական գործ կհարուցվեր»,- ասաց իրավապաշտպանը:
Հաջորդ ահաբեկումը, ըստ Ավետիք Իշխանյանի, «Ազատություն» ռադիոկայանին տված վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցն էր, որի ժամանակ նա ասաց, որ մենք պետք է ունենանք 2019 թվականի Սահմանադրական դատարան: Այսինքն՝ դա հստակ քաղաքական որոշում էր, և դրանից հետո սկսվեցին հետապնդումները:
«Քրեական գործեր էին հարուցվում, և հանկարծ «պարզվում էր», որ դրանցով անցնողները Հրայր Թովմասյանի սանիկներն են: Հաջորդը Թովմասյանի ընտանիքի նկատմամբ ճնշումներն էին: Մի քիչ մտածող մարդու համար ակնհայտ էր, որ սա քաղաքական հետապնդում է Հրայր Թովմասյանի նկատմամբ՝ նրան ստիպելու հրաժարական տալ»,- ասաց Ավետիք Իշխանյանը:
Իրավապաշտպանը վստահ է, որ, եթե ՍԴ նախագահը հլու-հնազանդ կատարեր իշխանության բոլոր ցանկությունները, ոչինչ էլ չէր պատահի, բայց իշխանությունների համար զարմանալիորեն ՍԴ-ն՝ իր նախագահով, բավականին ամուր գտնվեցին, և դրանից հետո եկան Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու տարատեսակ օրինագծերը, ապա՝ վաղ կենսաթոշակի օրենքը:
«Ես համոզված եմ, որ, ինչպես Արա Բաբլոյանի ու Արսեն Բաբայանի նկատմամբ էր քրեական գործն օդից վերցրած, ուղղակի հանձնարարականով, այնպես էլ հիմա է Հրայր Թովմասյանի մասով»,- ասաց Հելսինկյան կոմիտեի նախագահը:
Հարցին, թե ՀՔԾ-ի մեղադրանք առաջադրելը, Հրայր Թովմասյանի հարցաքննությունը կարո՞ղ էր կապ ունենալ նախագահ Արմեն Սարգսյանի՝ վաղ կենսաթոշակի օրենքը երեկ ստորագրելու հետ, Ավետիք Իշխանյանն ասաց, որ, երևի թե ավելի շատ զուգադիպություն էր:
«Եթե նախագահը չստորագրեր, այլ ուղարկեր ՍԴ, համոզված եմ, նույն հալածանքները կսկսվեին»,- ասաց իրավապաշտպանը՝ հավելելով, որ այս գործընթացը ոչ միայն Հրայր Թովմասյանին ահաբեկելու, այլև ՍԴ մյուս դատավորներին զգուշացնելու նպատակ ունի:
Մեր հարցին, թե իր տպավորությամբ՝ ՍԴ դատավորները կգնա՞ն վաղ կենսաթոշակի, Ավետիք Իշխանյանը դժվարացավ պատասխանել:
«Մենք մարդկանցից հերոսություն ենք պահանջում: Տեսնենք՝ ինչպես կլինի, որովհետև դուք չգիտեք՝ ինչ ճնշումներ կարող են հետագայում լինել: Քանի որ Քննչական կոմիտեն, ԱԱԾ-ն, Ոստիկանությունն ու ՀՔԾ-ն վարչապետին կից կառույցներ են, ես պատկերացնում եմ՝ դա ինչ կերպ է լինում. վարչապետ Փաշինյանը կանչում է, պահանջում գործ հարուցել, ու վերջիններս դա անում են, քանի որ վարչապետին հետաքրքիր չէ, թե ինչ կերպ ապացույցներ ձեռք կբերեն այդ կառույցները, կամ կգտնեն մարդիկ, ովքեր ցուցմունք կտան»,- ասաց Ավետիք Իշխանյանը:
Վերջինս նշեց, որ, թերևս, միջազգային իրավապաշտպան կառույցներն իրենք էլ, որ ողջունել էին հեղափոխությունը, չեն պատկերացնում, թե ինչ ոչ իրավական գործընթաց է սկսվել Հայաստանում:
168.am-ի հարցին, թե այսպիսի իրավիճակ էլ ե՞րբ է եղել Հայաստանում, իրավապաշտպանն ասաց՝ անկեղծ ասած, չեմ հիշում:
«Այն, որ դատարանները և ՍԴ-ն հիմնականում, որպես կանոն, եղել են գործադիրի ազդեցության տակ, երկու կարծիք լինել չի կարող, բայց որ լինեն բացահայտ ճնշումներ առաջին դեմքի բերանով, քաղաքական իշխող ուժի կողմից ու նաև հասարակական բացահայտ ճնշում, որին որևէ կերպ չեն միջամտում իրավապահ մարմինները, չեմ հիշում: Նորից եմ կրկնում, ճնշումներ եղել են, ամենայն հավանականությամբ՝ ստվերային, իսկ հիմա և ստվերային է, և բացահայտ»,- ասաց Ավետիք Իշխանյանը:
Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանը ձգտում է բացարձակ իշխանության, և այդ ճանապարհին ներկայիս ՍԴ-ն խոչընդոտ է:
«Խոսքը չի վերաբերում նախկիններին և իսկապես անկախ դատարան ունենալուն: Ինչո՞ւ: Շատ պարզ պատճառով: ՍԴ դատավորի թափուր տեղի համար ՀՀ նախագահը 2 անգամ առաջադրումներ արեց, և երկու անգամ էլ դրանք մերժվեցին իշխող ուժի կողմից: Երկու թեկնածուներն էլ քաղաքականապես չեզոք, բարձր կարգի մասնագետներ էին: Եվ հարց՝ ինչո՞ւ մերժվեցին նրանց թեկնածությունները, որ իսկապես տանելու էին ՍԴ անկախության, եթե մինչ այդ կախյալ էր: Ավելին, նրանց նկատմամբ, ցավոք սրտի, Ազգային ժողովում ծաղրանք եղավ և ինկվիզիցիայի պես հարցաքննություն, և անցավ քաղաքականապես ոչ չեզոք, յուրային Վահե Գրիգորյանը: Ահա թե ինչպիսի ՍԴ է պետք իշխանությանը»,- նշեց Ավետիք Իշխանյանը:
Հարցին, թե այս իրավիճակում մեր տեղական իրավապաշտպան կառույցների լռությունն ի՞նչ բացատրություն ունի, Ավետիք Իշխանյանն ասաց՝ No comment»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը