168․am-ը գրում է․ «Տարեվերջին ընդառաջ՝ տնտեսական ակտիվության ցուցանիշը Հայաստանում բարելավվում է ու բարելավվում։ Արդեն հայտնի են նաև այս տարվա 11 ամիսների տվյալները։ Ու դրանց համաձայն՝ տնտեսական ակտիվությունը Հայաստանում հասել է ընդհուպ 7,5 տոկոսի։
Ի դեպ, այն դեռևս օպերատիվ տվյալ է, որն առաջիկայում դեռ կարող է վերանայվել և կրկին բարձրանալ։ Այնպես, ինչպես հրապարակումից ամիսներ հետո բարելավվեցին եռամսյակային տնտեսական աճի ցուցանիշները։
Ու ոչինչ, որ հերթական հրապարակումն առանց գյուղատնտեսության է, որտեղ, ինչպես հայտնի է, զարգացումներն այնքան էլ չեն տեղավորվում իշխանությունների մտադրությունների մեջ։ Չնայած կառավարության ջանքերին, գյուղատնտեսությունն առայժմ անկումային է. 9 ամիսների տվյալներով՝ արտադրության ծավալները տնտեսության այս առանցքային ճյուղում նվազել են 4,3 տոկոսով։
Բայց դա չի նշանակում, թե տարեվերջին էլ այդպես կլինի։ Կառավարությունն իր կանխատեսումներում արդեն ամրագրել է, որ գյուղատնտեսությունն այս տարի առնվազն անկում չպիտի արձանագրի։ Ու հիմա հերթը վիճակագիրներինն է։ Կասկած չկա, որ չորրորդ եռամսյակի տվյալներով՝ գյուղատնտեսությունը դուրս կգա անկումից։
Տնտեսական ակտիվության այն տեմպերին, որոնք արձանագրվում են Հայաստանում, իսկապես շատերը կնախանձեն։ Կարևոր չէ՝ դրանք իրակա՞ն են, թե՞ վիճակագրական։ Կարևոր չէ նաև, որ այդ աճերը որակ չունեն։ Կարևորը՝ կառավարությունը և միջազգային կազմակերպությունները գոհ են ու երջանիկ։ Նրանք առիթը բաց չեն թողնում փառաբանելու Հայաստանի հետհեղափոխական տնտեսական ձեռքբերումները։ Ոչինչ, որ հասարակության մեծ մասը շարունակում է անմասն մնալ դրանից։
Նոյեմբերի տնտեսական գործընթացների արդյունքում, ըստ Վիճակագրական կոմիտեի օպերատիվ տվյալների, տնտեսական ակտիվության տարեկան աճը Հայաստանում ավելացել է, չնայած նախորդ ամսվա նկատմամբ գրանցված բավական կտրուկ անկման։ Հոկտեմբերի համեմատ՝ նոյեմբերին տնտեսական ակտիվությունը նվազել է 8,5 տոկոսով։ Ու դա տեղի է ունեցել հոկտեմբերին` սեպտեմբերի համեմատ գրանցված 4,7 տոկոս անկումից հետո։
Նոյեմբերին տնտեսական ակտիվությունը Հայաստանում նախորդ ամսվանից զգալի ցածր է եղել։ Եվ դա պայմանավորվել է նրանով, որ ծառայությունների ոլորտում այդ ամսին աճ չի գրանցվել։ Ոչ միայն աճ չի գրանցվել, այլև անկում է եղել։
Նոյեմբերին ծառայությունների ծավալը՝ հոկտեմբերի համեմատ, նվազել է 8,4 տոկոսով։ Այսինքն` գրեթե այնքանով, որքանով տնտեսական ակտիվության անկումն է։
Թե դա ինչո՞վ է պայմանավորվել, հայտնի չէ։ Տարեսկզբից ոլորտում բարձր աճ է գրանցվում, ու նոյեմբերի կտրուկ փոփոխությունն ինչ-որ տեղ տարօրինակ է։ Բայց դա ցույց է տալիս, թե ծառայությունների ոլորտը, որի մեջ մեծ տեղ են զբաղեցնում խաղային բիզնեսն ու զվարճանքները, ինչպիսի էական ազդեցություն ունի Հայաստանում արձանագրվող տնտեսական ակտիվության վրա։ Ու եթե հանկարծ չլիներ տարեսկզբից արձանագրվող այդքան բարձր աճը, դժվար չէ պատկերացնել, թե հիմա ինչպիսին էր տնտեսական ակտիվության մակարդակը։
Չնայած նոյեմբերին նախորդ ամսվա համեմատ արձանագրված ավելի ցածր տնտեսական ակտիվությանը` դա չի խանգարել, որպեսզի Հայաստանի տնտեսության տարեկան ցուցանիշները շարունակեն բարելավվել։
11 ամիսների տվյալներով՝ աճը վերստին ավելացել է արդյունաբերության մեջ։ Այն դեռևս չի հասել նախկին մակարդակին, բայց բավականաչափ մոտեցել է։ Հիմա արդեն արդյունաբերության աճը կազմում է 9,3 տոկոս։ Թե դրա վրա ինչպիսի՞ ազդեցություն է ունեցել հանքարդյունաբերությունը, հնարավոր կլինի ասել ավելի ուշ։ Բայց փաստ է, որ վերջին ամիսներին այդ ճյուղը դարձել է արդյունաբերության աճին նպաստող առաջնային գործոններից մեկը։ Աճն այստեղ ավելի քան կրկնակի բարձր է ոլորտի ընդհանուր միտումներից։ Որքան էլ ժամանակին Նիկոլ Փաշինյանը խոստանում էր, որ Հայաստանի տնտեսության զարգացումն այլևս չի լինելու ընդերքի հաշվին, իրականությունն ամենևին էլ այդպես չէ։ Հանքարդյունաբերությունը շարունակում է կարևոր դեր կատարել տնտեսական աճի և ակտիվության գործում։ Չի բացառվում, որ դրա արդյունք է նաև նոյեմբերին գրանցված արդյունաբերության ցուցանիշի հերթական բարելավումը։
Տարվա ավարտից ընդամենը 1 ամիս առաջ շինարարության մեջ պաշտոնական վիճակագրությունը հաշվարկել է 4,5 տոկոսանոց աճ։ Վերջին ամիսներին տնտեսության այս հատվածում ցուցանիշներն էական փոփոխությունների չեն ենթարկվում։ Ենթադրվում է, որ այդպես էլ կփակվի նաև տարին։
Նոյեմբերի զարգացումներից հետո մի փոքր նստել է ծառայությունների տարեկան աճի տեմպը։ Բայց այն շարունակել է երկնիշ լինել` ամենամեծ նպաստը ունենալով տնտեսական ակտիվության գործում։ Տարեսկզբի 11 ամիսների տվյալներով՝ ծառայությունների աճը նախկին 15,1 տոկոսից նահանջել է և կազմել 14,8 տոկոս։
Պահպանվել է ներքին առևտրի աճը։ Ակտիվացել է նաև արտաքին առևտուրը, որն արտահայտվել է՝ ինչպես արտահանման, այնպես էլ՝ ներմուծման ծավալների ավելացման տեսքով։ Արձանագրվել է արտահանման 9 տոկոս ավելացում։ Նույն ժամանակահատվածում ներմուծումն աճել է 6,6 տոկոսով։
Զարգացումները նպաստավոր չեն եղել միայն էներգետիկայում։ Էլեկտրաէներգիայի արտադրությունը կրճատվել է։
Ահա սրանք են այս տարվա 11 ամիսների տնտեսական զարգացումների հիմնական ցուցանիշները։ Շուտով կավարտվի տնտեսական տարին, և կմնա ամփոփելու դեկտեմբերի ցուցանիշները։ Չնայած առանց դրանց էլ պարզ է, որ այն կլինի առնվազն 7 տոկոս։ Կառավարությունը, ըստ էության, արդեն սահմանել է աճի նվազագույն շեմը։
Առավել ևս, որ, ինչպես օրերս իր ֆեյսբուքյան էջում գրել էր վարչապետը` «Աշխարհի ամենահեղինակավոր ամսագրերից մեկը՝ «Time»-ը, տպավորված 2019-ին Հայաստանի ցույց տված տնտեսական արդյունքներով, իր տարեվերջյան համարում Հայաստանն անվանում է «Կովկասյան վագր»: Ուշադրություն դարձրեք, ոչ թե մենք ենք անվանում, այլ «Time»-ը»:
Ոչինչ, որ հետո պիտի պարզվեր, որ դա ոչ թե «Time»-ի կարծիքն է, այլ պատվիրատուի։ Իսկ թե ով է պատվիրատուն, հավանաբար դժվար չէ կռահել»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը