«Հրապարակ»-ը գրում է․ «Տարեվերջին Արմեն Սարգսյանը, Նիկոլ Փաշինյանն ու որոշ իրավապահ կառույցներ ամանորյա «նվերներ» մատուցեցին հայ հանրությանը։ Պարզ է, որ, մի կողմից, մենք վերադառնում ենք «հին, բարի» սովետական ժամանակներ, երբ մեկ հոգու ցուցմունքի հիման վրա մարդ են կալանավորում, այն էլ ընդդիմադիր ուղղվածությամբ հեռուստաընկերության սեփականատիրոջը։
Մյուս կողմից, ամեն օր ավելի ու ավելի է խրախուսվում վրեժի ու ատելության մթնոլորտը։ Արմեն Թավադյանի կալանավորումը երեկ զարմացրել էր անգամ շատ բան տեսած իրավաբաններին՝ չէ որ բուն գործողությունը կատարած անձը՝ ցուցմունք փոխելուն դրդողը, ազատության մեջ է, ինչը եւս վկայում է Թավադյանին առաջադրված մեղադրանքի քաղաքական եւ ուղղորդված լինելու մասին։ Բայց Ռոբերտ Քոչարյանի ընկերոջ կալանավորումը երեկվա միակ «իրադարձությունը» չէր։
Երեկ՝ Արմեն Սարգսյանի կողմից ՍԴ անդամների վաղաժամկետ թոշակի օրենքը ստորագրվելուց րոպեներ անց, ՀՔԾ-ն, ԱԱԾ-ի ձեռքը բռնած, այցելեց Սահմանադրական դատարան։ Հրայր Թովմասյանը վաղը հարցաքննվելու է, իսկ նրա սանիկի նկատմամբ նոր մեղադրանք է առաջադրվել եւ նորից կալանքի միջնորդություն է ներկայացվել դատարան։ Քրեաիրավական լուրերը սրանով չավարտվեցին․ լուր ստացանք, որ Դավիթ Խաժակյանին են հրավիրել ՀՔԾ։ Իսկ ավելի վաղ հաղորդագրություն էր տարածվել, որ Հոկտեմբերի 27-ի կարճված գործն են վերաբացել։ Երկիրը մտնում է 2020 թվական, եւ տարին բարության, ներելու եւ հաշտվելու մթնոլորտում ճանապարհելու ու դիմավորելու փոխարեն մարդկանց միակ «ուրախությունը» մնացել է ոմանց բանտ ուղարկելն ու հետապնդելը։ Չարության, ատելության, վրեժխնդրության այս մթնոլորտը Նիկոլ Փաշինյանի եւ նրա թիմի գրեթե միակ ձեռքբերումն է 2019 թվականին, ինչը ոչ մի ողջամիտ մարդ չի կարող ողջունել։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը