168.am-ը գրում է․ «Միջին աշխատավարձն այս տարի Հայաստանում ավելացել է 5,9 տոկոսով։ Վերջին տվյալներով՝ այն կազմում է շուրջ 178.000 դրամ։ Չնայած մեկ անգամ չի հայտարարվել այս կամ այն ոլորտում աշխատավարձերի աննախադեպ բարձրացումների մասին, այնուհանդերձ պարզորոշ երևում է, որ դրա ազդեցությունը միջին աշխատավարձի վրա մեծ չէ։
Ու դա ակնհայտ է հատկապես մասնավոր հատվածում։ Տնտեսության մեջ միջին աշխատավարձն այս տարի ավելացել է ընդամենը 4,1 տոկոսով։
Ոչինչ, որ միջին աշխատավարձի աճը Հայաստանում բարձր չէ, աշխատող քաղաքացիների մեծ մասի աշխատավարձը միջինից շատ ավելի ցածր է։ Այսօր Հայաստանում հաշվվում է ավելի քան 610.000 աշխատող։ Նրանց գրեթե 65 տոկոսի դեպքում աշխատավարձը չի անցնում 150.000 դրամից։
Խոսքը շուրջ 390.000 աշխատողի մասին է։ Նրանց մեջ քիչ չեն նաև այնպիսիք, որոնց աշխատավարձը շատ ավելի ցածր է, քան 150.000-ը։ Եվ դա՝ չհաշված հարկումը։ Հարկումից հետո աշխատավարձից շատ քիչ բան է մնում։
Միայն այսօր գործող հարկերն ու մյուս պարտադիր վճարները տանում են անվանական աշխատավարձի գրեթե 26 տոկոսը։ Խոսքը մինչև 150.000 ստացողների մասին է։ Իսկ եթե ընդունենք, որ քաղաքացու անվանական աշխատավարձը 100 հազար դրամ է, ապա նա ստանում է փաստացի 74.000։ 150.000-ի դեպքում` պահումները կկազմեն շուրջ 40.000 դրամ։ Այսինքն` փաստացի աշխատավարձը կկազմի հազիվ 110.000 դրամ։
Ակնհայտ է, որ անվանական և փաստացի տնօրինվող աշխատավարձերի միջև տարբերությունը բավական մեծ է։ Ու նաև դա է պատճառը, որ երբեմն տպավորություն է ստեղծվում, թե աշխատավարձերն այնքան էլ ցածր չեն։ Բայց մոռանում ենք, թե իրականում դրանից ինչքանն է մտնում քաղաքացու գրպանը։ Հատկապես որ, աշխատավարձի մի մասն էլ՝ ինչպես մտնում, այնպես էլ՝ դուրս է գալիս։ Դուրս է գալիս սպասարկման տարբեր վճարների տեսքով` գազ, ջուր հոսանք, հեռախոս և այլն։ Խոսքը ոչ պակաս փոքր գումարների մասին է։ Ու այդքանից հետո դժվար չէ հաշվել, թե իրականում ի՞նչ է մնում հայտարարվող անվանական աշխատավարձից ապրելու համար։
Աշխատավարձի տեսքով հասարակության աշխատող հատվածի մեծ մասի ստացած եկամուտները շատ ցածր են։ Երբեմն անվանական աշխատավարձի նույնիսկ կեսը չի մնում` սեփական կենսագործունեության ապահովման համար։ Ու դեռ չհաշված, որ ցածր աշխատավարձերն ուղեկցվում են ոչ պակաս բարձր գնաճով։ Խոսքը միջին գնաճի մասին չէ։
Արտաքուստ գնաճը Հայաստանում ցածր է` հազիվ 1 տոկոս։ Բայց դա այն չէ, ինչը սպառողներն իրականում զգում են իրենց գրպանի պարունակության վրա։
Գնաճի ազդեցությունը շատ ավելի մեծ է, քան արձանագրվող միջին ցուցանիշն է։ Գաղտնիք չէ, որ գնաճն անհամեմատ բարձր է առաջին անհրաժեշտության ապրանքների դեպքում։
Սա, իհարկե, նոր բան չէ։ Նախկինում էլ այդպես էր։ Դրան իշխանությունները սովորաբար ուշադրություն չեն դարձնում։ Նրանց հետաքրքրում է ավելի շատ գնաճի միջինացված ցուցանիշը։ Ոչինչ, որ դրա հաշվարկի հիմքում դրված բազմաթիվ ապրանքներ հասարակության ցածր եկամուտներ ունեցող հատվածը տարիներով չի էլ օգտագործում։ Ոչ թե չի ուզում, այլ պարզապես չի կարող իրեն նման շռայլություն կամ ճոխություն թույլ տալ։ Բայց դա դրված է գնաճի հաշվարկի հիմքում ու երբեմն էական դեր է կատարում ցուցանիշների ձևավորման գործում։
Ցածր եկամուտներ ունեցողների համար գնաճի առումով առավել կարևոր են առաջին անհրաժեշտության այն ապրանքները, որոնք գրեթե ամենօրյա օգտագործման են։ Ու դրանց գների փոփոխություններից է կախված, թե ինչպիսին կլինի գնաճի իրական ազդեցությունը մարդկանց կյանքի պայմանների վրա։
Այստեղ է, որ բախվում են հասարակության և իշխանությունների պատկերացումները գնաճի վերաբերյալ։ Եվ դա պատահական չէ, եթե հաշվի առնենք, որ ընդամենը 1 տոկոսանոց գնաճի պայմաններում այս տարի, ասենք` բանջարեղենի շուկայում գները բարձրացել են գրեթե 11 տոկոսով։
Հիշեցնենք, որ նույն ժամանակահատվածում միջին աշխատավարձի աճը Հայաստանում կազմել է ընդամենը 5,9 տոկոս։ Այսինքն` գրեթե կրկնակի քիչ։
Այս տարվա նոյեմբերին սպառողները ստիպված են եղել լոլիկի համար 24 տոկոսով ավելի շատ գին վճարել, քան նախորդ տարի։ Վարունգն այս տարի թանկ է 16 տոկոսով, կանաչ լոբու գնաճը հասնում է 37 տոկոսի։ Մեկ տարի առաջվա համեմատ՝ գլուխ սոխը վաճառվում է՝ 26, կանաչ սոխը` գրեթե 30 տոկոս բարձր գնով, գազարը թանկացել է 40 տոկոսով, և այսպես շարունակ։
Մեկ տարվա կտրվածքով՝ կարտոֆիլի գնաճը կազմել է 3 տոկոս։ Նախորդ ամիս այն շուրջ 18 տոկոս էր։ Մի փոքր` 1,1 տոկոսով, էժանացել է կաղամբը։
Եվ սա դեռ ամենը չէ։ Ընդամենը 1 տոկոսանոց գնաճի պայմաններում, ինչպես փաստում է պաշտոնական վիճակագրությունը, շատ ավելի են թանկացել հացամթերքները։ Այս տարվա նոյեմբերին ալյուրի և ձավարեղենի գնաճը կազմել է 5 տոկոս։ Հացը թանկացել է՝ 4, հացաբուլկեղենը` 3,7 տոկոսով։ Մակարոնեղենի գները բարձրացել են 7,5 տոկոսով։
Մրգերի տարեկան գնաճը հասնում է 4,3 տոկոսի։ Բայց դա էլ այն չէ, ինչ ցույց է տալիս թանկացումների իրական ազդեցությունը մարդկանց գրպանի վրա։
Մեկ տարի առաջվա համեմատ՝ մանդարինը այս տարվա նոյեմբերին թանկ է եղել գրեթե 14 տոկոսով, նարնջի գնաճը կազմել է շուրջ 13 տոկոս։ Այդքան չարչրկված բանանի գինը բարձր է եղել ավելի քան 19 տոկոսով։ Էլ չասենք՝ ելակը և կիտրոնը, որոնց գնաճը կազմել է մի դեպքում՝ 33, մյուս դեպքում` շուրջ 13 տոկոս։
Գոնե մեծ փոփոխություններ չեն կրել խնձորի և տանձի գները. առաջինը թանկացել է՝ 1,8, երկրորդն էժանացել է 0,1 տոկոսով։
Այս մթերքների շարքում գուցե և կան բազմաթիվ այնպիսի ապրանքներ, որոնք էժանացել են։ Բայց դրանց ազդեցությունը մարդկանց մեծ մասի սպառողական զամբյուղի վրա շատ թույլ է կամ նույնիսկ չկա։ Մինչդեռ, նույնը դժվար է ասել հացամթերքների, մակարոնեղենի, բանջարեղենի ու մրգերի տարբեր տեսակների դեպքում, որոնք առավել հաճախ են օգտագործվում։ Դրանց գների բարձրացումը շատ ավելի է, քան միջին գնաճը կամ աշխատավարձի աճը։
Թերևս, դա է պատճառը, որ անգամ աշխատավարձի բնականոն աճի պայմաններում, մարդկանց կյանքի պայմանները լավանալու փոխարեն` վատանում են։ Զարմանալի չէ, որ Հայաստանի բնակչության գրեթե մեկ քառորդն աղքատ է կամ ստանում է ամսական 43 հազար դրամից պակաս եկամուտ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը