22 12 2019

Ոչ թե Փաշինյանին պաշտպանողներն են հերոսները, այլ՝ Քոչարյանին․ «Հրապարակ»

Ոչ թե Փաշինյանին պաշտպանողներն են հերոսները, այլ՝ Քոչարյանին․ «Հրապարակ»

Hraparak.am-ը գրում է․ «Ամբողջությամբ կիսում եմ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցում ասված միտքը․ «Այն հասարակությունը, որում մարդիկ ուրախանում են կալանքներից, չի կարող ստեղծարար լինել»:Քոչարյանի համակիրը չեմ, բայց ապշած եմ այն մարդկանց ինքնավստահությունից եւ չարությունից, որոնք երկու օր է՝ զբաղված են ՀՀ երկրորդ նախագահի խափանման միջոցը փոխելու կողմնակիցների «ոսկորներն աղալով»։

Ուզում ես բղավել՝ այ ժողովուրդ, կանգ առեք, հերիք է թույլ տաք, որ փաշինյանական թիմը չարություն ու ատելություն հրահրի մեր երկրում։ Մի տրվեք սադրանքների ու մի մեղադրեք այն մարդկանց, ովքեր երախտագիտության զգացում ունեն, մարդկային են, ներողամիտ են, բռնել-դատելու կողմնակից չեն եւ ստորագրել են Քոչարյանի կալանքը փոխելու հայտարարության տակ։Այդ հայտարարությունների տակ ստորագրած մարդիկ շատ ավելի լավն են ու բարի, օգտակար մեր հանրությանը, քան վրեժի ծարավ ունեցողները, երկրում ատելության ու թշնամանքի մթնոլորտը շիկացնողները։ Թողեք, որ մի քանի երգիչ-երգչուհի, մտավորական ու քաղաքական գործիչ էլ իրենց խոսքն ասեն։

Ի վերջո, ի՞նչ են ասում այդ մարդիկ՝ ընդամենը ասում են՝ ամոթ է, բաց թողեք երկրի նախկին նախագահին։ Դատն արեք նրա ազատության պայմաններում։ Քանի դեռ չկա դատարանի դատավճիռ, մարդուն հանցագործ մի անվանեք։ Ու առհասարակ՝ մի տարի մարդը նստած է, չբավարարվե՞ց ձեր վրեժի զգացումը, չհասկացա՞ք, որ Քոչարյանի մեղքը չի ապացուցվում եւ չի էլ կարող այդ մեղադրանքով ապացուցվել, որովհետեւ մեղադրանքը քրեական չէ՝ քաղաքական է։Լավ, ձեր կյանքում ի՞նչ է փոխվում նրանից, որ Ռոբերտ Քոչարյանը բանտում է։ Սկսել եք ավելի լա՞վ ապրել, ավելի պայծա՞ռ է դարձել երկրի ու կոնկրետ ձեր ապագան։ Կամ՝ անձամբ Ձեզ ի՞նչ է արել Քոչարյանը, որ այդպես ատում եք։

Անգամ եթե կարծում եք, որ Քոչարյանը պետք է առանց դատ ու դատաստանի նստի, ինչո՞ւ չեք հանդուրժում, որ ինչ-որ մարդիկ էլ այլ կերպ մտածեն։ Ձեզ ոչ մեկը չի՞ ասել, որ «ինչքան մարդ՝ այնքան կարծիք», որ հասարակության որակը երեւում է այլակարծության նկատմամբ վերաբերմունքից։ Ոչ մեկը չի՞ ասել ձեզ, որ ատելությունը, նախանձը, չարությունը քայքայում են մարդուն, զրկում երջանիկ լինելու զգացումից։ Նիկոլ Փաշինյանն իր «նստելու» մուռն է հանում Քոչարյանից, դուք ի՞նչ հաշիվներ ունեք նրա հետ պարզելու։

Ու մեկ էլ հիշեք՝ գործող իշխանությանը քծնելն ամոթալի բան է, իսկ հալածվող մարդուն պաշտպանելը՝ ազնիվ ու գովելի արարք։

Հիմա ոչ թե Նիկոլ Փաշինյանին գովերգողներն են հերոս, այլ հենց Քոչարյանին ու Սերժին պաշտպանողները, որոնք իմանալով, որ մի խումբ խավարամիտներ քարկոծելու են իրենց, չեն վախենում նրանց կողքին կանգնելուց։

Վարդուհի ՀԱԿՈԲՅԱՆ

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ