«168 Ժամ»-ը գրում է․ «168 Ժամը» ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի հետ զրուցել է դատական իշխանության շուրջ կատարվող իրադարձությունների մասին
– Երեկ Ազգային ժողովը 2-րդ ընթերցմամբ և ամբողջովին ընդունեց Սահմանադրական դատարանի (ՍԴ) դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման օրենքի նախագիծը: Ինչպե՞ս եք գնահատում օրենքի ընդունումը, և արդյո՞ք այս օրենքը հետագայում խնդիրներ չի առաջացնելու:
– Ես չեմ կարող այդ հարցին պատասխանել, որովհետև իմ պատասխանը քաղաքական կլինի, և ես չեմ կարող նման բան թույլ տալ:
– Մեր դատարաններն այսօր անկա՞խ են: Օրերս Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին էլ, ըստ էության, հստակ չէր պատասխանել այդ հարցին՝ ասելով. «Դատական համակարգում մենք ունենք անկախ դատավորներ։ Այսօրվա դրությամբ ընդհանուր առմամբ համակարգը որքանով է անկախ, չգիտեմ, նաև որպես դատավոր, կարծում եմ, իմ կողմից գնահատական տալն այնքան էլ ճիշտ չէ»:
– Մենք անկախ դատավորներ ունենք, անկախ դատական համակարգ՝ այսօրվա դրությամբ, չունենք:
– Կարծում եք՝ ճնշումնե՞ր կան:
– Իսկ ինչ-որ մի գիտակից անձնավորություն կա՞, որ կարծում է, որ ճնշումներ չկան: Իհարկե կան, բացահայտ ճնշումներ՝ գործադիր և օրենսդիր մարմինների կողմից:
– Արդյո՞ք բարձրագույն իշխանության թողտվությամբ է դա արվում:
– Ոչ թե թողտվությամբ, այլ հենց իրենց կողմից է արվում:
– Ընտրովի արդարադատության դեպքի հետ գործ չունե՞նք արդյոք, երբ, օրինակ, ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանի հետ կապված միջադեպը, որի ընթացքում անգամ կարծես թե քաշքշոց եղավ, որևէ գնահատականի չարժանացավ, իսկ, օրինակ՝ դատավոր Աննա Դանիբեկյանի հետ կապված միջադեպի առիթով երկու երիտասարդները ձերբակալվեցին, որոնցից մեկը 2 օր առաջ ազատ արձակվեց, և դա այն դեպքում, երբ նրանք կրկնել էին երկրի վարչապետի հարցը «վնգստացող դատավորների» մասին:
– Ես չեմ կարող դա մեկնաբանել՝ նկատի ունենալով, որ այդ նույն երիտասարդների գործը վաղը կարող է հայտնվել ինձ մոտ, և այսօր կարծիք հայտնելով՝ ես ինքս ինձ կդնեմ վատ դրության մեջ: Ցանկացած պարագայում, ցանկացած կարծիք արտահայտելու դեպքում՝ կամ մեղադրանքի կողմը, կամ պաշտպանության կողմն ինձ ինքնաբացարկի միջնորդություն կներկայացնի:
– Դատավորների անփոփոխելիությունն առհասարակ դատական իշխանության երաշխիքներից չէ՞։
– Իհարկե:
– Այդ դեպքում վատ նախադեպ չի՞ ստեղծվի, եթե այսօր իշխանությունների ցանկությամբ դատավորներ փոխվեն, որովհետև վաղվա իշխանությունը կարող է ցանկանալ իր դատավորներն ունենալ, մյուսը՝ իր:
– Ցանկացած իշխանության ձեռնտու է իրեն ենթարկվող դատական իշխանություն ունենալ, և ես չեմ զարմանում, որ նման կերպ են վարվում այսօրվա քաղաքական իշխանությունները, սակայն, իմ կարծիքով, ոչ ոք չէր սպասում նման բիրտ ճնշումների դատական համակարգի նկատմամբ:
– Այսօր, թերևս, դատավորի լավ կամ վատ լինելը որոշվում է մեկ գործի շրջանակներում, և դա Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործն է: Ըստ էության, Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակելու՝ Ձեր կայացրած վճռից հետո մեծ արշավ ծավալվեց Ձեր դեմ: Տեմպը թուլացե՞լ է, թե՞ նույն կերպ շարունակվում է:
– Տեմպը թուլացել է, մինչև հայտնի գործով մի նոր դատավոր ինքնուրույն կարծիք կարտահայտի և ազատ կարձակի Երկրորդ նախագահին:
– Իսկ Ձեր հանդեպ այժմ ճնշումներ իրականացվո՞ւմ են:
– Հավատացեք, ես ինձ Ռեմբոյի տեղը չեմ դնում, բայց ինձ շատ դժվար է ճնշել, շա՜տ դժվար: Եվ ոչ միայն ես եմ այդպիսին. շատերս ենք: Դատական համակարգում կան դատավորներ, որոնց հիմա հնարավոր չէ ճնշել:
– Կարծում եք՝ հիմա Վազգեն Ռշտունու հարցազրույցից հետո ճնշումների սլաքներն ուղղվել են նրա դե՞մ:
– Այո, միանշանակ: Իսկ ի՞նչ է, Ռշտունին իր հարցազրույցում ինչ-որ նոր բա՞ն է ասել: Նա ասում է, որ՝ այո, կան ճնշումներ գործադիր և օրենսդիր մարմինների ներկայացուցիչների կողմից: Կարծում եմ՝ Ռշտունին նոր բան չի ասել: Ես էլ եմ ասել, շատերն էլ են ասել: Ես զարմանում եմ արդարադատության նախարարի ռեակցիայից Վազգեն Ռշտունու խոսքերի վերաբերյալ: Ես շատ ավելի կոշտ եմ արտահայտվել այդ ճնշումների վերաբերյալ: Այդ ի՞նչ ասաց Ռշտունին, որ արդարադատության նախարարն այդպես ցավագին ընդունեց: Ես ոչ միայն արդարադատության նախարարին, այլ նաև բոլորին խորհուրդ կտամ՝ Վազգեն Ռշտունու մասին ինչ-որ բաներ խոսելիս՝ թող մի հատ նրա անցյալը նայեն, ներկան նայեն ու մտածեն, նոր խոսեն:
– Հիմա Ձեզ կմեղադրեն Ձեր ընկերոջը պաշտպանելու մեջ:
– Ես չեմ հերքում, որ Ռշտունին, այո, իմ 10 տարվա ընկերն է: Ես նրան պաշտպանում եմ ոչ թե՝ որպես ընկերն ընկերոջը: Վազգեն Ռշտունու մասին հարցրեք դատախազներից, քննիչներից, պաշտպաններից, իրավաբաններից: Իրենք կտան Ռշտունու գնահատականը: Ես պարզապես խորհուրդ կտամ ցանկացած անձնավորության՝ Ռշտունու մասին արտահայտություններ անելուց առաջ իրենց կենսագրությունը նայեն, հետո նոր՝ իրենը, ու ապա գնահատականներ տան: Արդարադատության նախարարն ասաց, թե իբր Վազգեն Ռշտունին գնում է 3-րդ մաս, հանդիպում է քրեական աշխարհի ներկայացուցիչների հետ, հետո գնում է դատարան ու դատական ակտ է կայացնում: Ինձ հետաքրքիր է, թող բացատրեն՝ ովքե՞ր են կազմում այդ քրեական աշխարհը: Ես էլ եմ ծնվել, մեծացել այս քաղաքում, դպրոց եմ հաճախել, ինստիտուտ ավարտել այստեղ: Փողոցում մինչև հիմա ինձ մոտենում են, ձեռքս սեղմում են, շնորհակալություն են հայտնում 1.5 տարի առաջ կայացրած իմ որոշման համար: Ես չգիտեմ՝ հանցագործ աշխարհի ներկայացուցի՞չն է ինձ մոտենում, ո՞վ է ինձ մոտենում, շփվում հետս: Եվ երկրորդը, ում հետ Ռշտունին հանդիպում է, դա իր գործն է. երբևիցե նրա անաչառությունն ինչ-որ մեկը կասկածի տակ դրե՞լ է, երբ որ նա դատական նիստերի դահլիճում դատական ակտ է կայացնում: Ցանկացած կողմ կարող է չհամաձայնել նրա կայացրած դատական ակտի հետ ու բողոքարկել վերադաս դատարան, բայց ոչ ոք երբևիցե կասկածի տակ չի դրել նրա անաչառությունը
– Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մխիթար Պապոյանն է՞լ է Ձեր ընկերը:
– Այո:
– Ինքն էլ վերջին դատական նիստի ընթացքում չհերքեց, որ Դուք իր ընկերն եք:
– Եթե հերքեր՝ կնեղանայի:
– Որպես դատավոր, մասնագետ՝ Ձեզ համար համոզի՞չ էր Մխիթար Պապոյանի ինքնաբացարկի որոշումը:
– Մխիթար Պապոյանն իմ ընկերն է, բայց հավատացեք, այդ թեմայով մենք չենք զրուցել: Մենք օրը մի քանի անգամ կարող ենք տեսնվել: Ոչ Մխիթար Պապոյանի հետ եմ խոսել, ոչ մյուս դատավորների կարծիքն եմ հարցրել, թե ի՞նչ են անելու, կամ ինչո՞ւ են այդպես արել: Բացարձակապես: Մխիթար Պապոյանը փորձառու դատավոր է, և ես չեմ կարող նրա որոշումը կասկածի տակ դնել: Ինձ նույնիսկ հետաքրքիր էլ չէր, թե նա ի՞նչ է անելու: Թե Մխիթար Պապոյանը, և թե Վազգեն Ռշտունին դատական համակարգում մեծ հեղինակություն ու հարգանք ունեցող դատավորներ են, որոնց անաչառությունը ցանկացած իրավաբանի մոտ, ով մասնակցում է դատական պրոցեսին, կասկած չի հարուցում:
– Նախկին իշխանության օրոք Ձեզ վրա ճնշում գործադրվե՞լ է: Ձեզ փորձե՞լ են վճիռ պարտադրել:
– Նախորդ իշխանության ժամանակ էլ են ճնշումներ եղել: Բացատրեմ, թե դրանք ինչում են կայացել: Դատավորը դատական ակտ է կայացնում: Ենթադրենք՝ նա ի օգուտ ամբաստանյալի դատական ակտ է կայացնում: Եղել են դեպքեր և շատ հաճախ, երբ զեկուցվել է Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) կամ թե դատախազության աշխատակցի կողմից, որ դատավորը եղել է այդ գործով կաշկանդված, դրա համար է նման որոշում կայացրել: Դրանից հետո սկսվում էին ստուգումներ ԱԱԾ-ի, Ոստիկանության միջոցով, պարզաբանումներ: Այսպիսի ճնշում կար: Ու Աստված չաներ, եթե ամբաստանյալի բարեկամներն ամբաստանյալի օգտին ինչ-որ գործողություն կատարելու համար մինչև գործը դատարան ուղարկելը մոտենային քննիչին, դատախազին: Այսինքն՝ քննիչն ու դատախազն արդեն գիտեին, որ այդ գործը, որ ես ուղարկում եմ դատարան, տեր ունի: Ամբաստանյալը տեր ունի: Եվ եթե դատավորն անաչառ որոշման հետևանքով դատական ակտ կայացներ, այդ դատավորը մեխանիկորեն հայտնվում էր հարվածի տակ: Այսպիսի ճնշումների մասին էր խոսքը:
– Ուղիղ զանգ Նախագահականից, Կառավարությունից չի՞ եղել:
– Միգուցե եղել են: Ես չեմ կարող ասել, որովհետև իմ պարագայում չեն եղել: Ինձ չեն զանգել: Ես չեմ էլ պատկերացնում, թե Նախագահականից պիտի զանգեին, ի՞նչ ասեին:
– Դատական իշխանության հանդեպ ձևավորված այս մթնոլորտը մեզ մինչև ո՞ւր կհասցնի:
– Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ այն ամենը, ինչ կատարվում է դատական համակարգում, կոնկրետ դատավորներին չեզոքացնելու նպատակ է հետապնդում: Ես անուններ չեմ տա հիմա: Բայց շատ-շատ են այդ դատավորները:
– Իսկապե՞ս շատ են:
– Ես հուսով եմ, որ մենք շատ ենք: Վեթինգ ասեմ, անցումային արդարադատություն թե բարեվարքություն, մի նպատակ է հետապնդում, և մենք դա շատ լավ հասկանում ենք՝ ո՞րն է դրա նպատակը, և արդյունքում ի՞նչ են ցանկանում քաղաքական իշխանությունները:
– Ձեր օրինակով Դուք ցույց տվեցիք, որ, այո, կա այն դատավորը, որը կարող է երկրի վարչապետի ասածը չկատարել: Հիմա էլ ունե՞ք այն վստահությունը, որ ճիշտ եք արել:
– Ես ասել եմ, ասում եմ և պնդում եմ՝ ոչ ոքի համար գաղտնիք չէ, թե վարչապետը կոնկրետ Ռոբերտ Քոչարյանի գործով ի՞նչ է ակնկալում, ի՞նչ է պահանջում և իր հայտարարություններով ի՞նչ է պարտադրում: Իմ համոզմամբ՝ ես ճիշտ որոշում եմ կայացրել:
– Ովքե՞ր են վարչապետի ասած «վնգստացող դատավորները»:
– Իմ կարծիքով՝ պետք չէ վարչապետի այդ արտահայտությունը բառացի ընդունել, հասկանալ, որ ինչ-որ դատավորներ գնում են, պատի տակ նստում են ու շան նման վնգստում են: Կոնկրետ ինձ համար վնգստացող դատավորն այն դատավորն է, ով տեղի է տալիս քաղաքական իշխանության ճնշումներին, ով քաղաքական իշխանության պատվերներն է կատարում, ով իր խղճին, օրենքներին ու Սահմանադրությանը հակառակ դատական ակտեր է կայացնում: Նույն հաջողությամբ ինձ համար էլ ակնհայտ էր քաղաքական իշխանության որոշ ներկայացուցիչների «վնգստոցները»՝ մասնավորապես՝ իմ և Դավիթ Գրիգորյանի որոշումներից հետո: Ինչ վերաբերում է վարչապետի այն դիտարկմանը, թե որոշ դատավորներ պատերի տակ վնգստալով՝ տերերին են ման գալիս, պետք է ասեմ, որ ինձ թվում է՝ վարչապետը շատ լավ գիտի, որ այն դատավորը, ով տեր է ունեցել նախորդ իշխանության ժամանակ, իր տիրոջն արդեն 1.5 տարի առաջ գտել է:
– Բարձրագույն դատական խորհուրդն (ԲԴԽ) իր առաքելությունը կատարո՞ւմ է:
– Ինձ թվում է՝ ժամանակ է պետք, որ ԲԴԽ-ն լիարժեք կարողանա կատարել իր վրա դրված պարտականությունները: Մենք ԲԴԽ-ից շատ բան ենք պահանջում հենց սկզբից: Պետք է հունի մեջ մտնեն, նոր պահանջենք:
– Իրավունքի լեզվով ասած՝ կողմնակի դիտորդի մոտ կարո՞ղ է վստահություն առաջացնել այն ԲԴԽ-ն, որի անդամը կարող է իր ֆեյսբուքյան էջում հրաժարական ներկայացնել ու 2 ժամ հետո առանց պատճառի հրաժարվել իր հրաժարականից:
– Բայց ի՞նչ կա դրա մեջ: Հայկ Հովհաննիսյանը միգուցե ինչ-որ պատճառ ունեցել է հրաժարական ներկայացնելու, սակայն, ես որքան տեղյակ եմ, իրեն ոչ թե համոզել են, այլ բացատրել են, որ նա պետք է ԲԴԽ-ում, իր առաքելությամբ կարող է նպաստել նրա աշխատանքներին:
– Իսկ նորմա՞լ է, որ ԲԴԽ-ն որևէ դիրքորոշում չի հայտնում դատարանների շրջափակման՝ Փաշինյանի կոչի վերաբերյալ:
– Ոչ: Նորմալ չեմ համարում: Նորմալ չեմ համարում նաև Դատավորների միության լռությունը և Դատախազության լռությունը:
– Դատարանների արգելափակման կոչը երկրի համար ի՞նչ հետևանքներ կունենա հետագայում:
– Ես չեմ կարող ասել՝ ինչ հետևանք կունենա, սակայն դրանով իսկ պարոն վարչապետը լրացուցիչ անգամ ընդգծեց իր վերաբերմունքը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ և այդ գործով դատավորներից ու դատարաններից իր ակնկալիքները:
– Այսինքն՝ վստահ եք, որ այդ կոչը կապված էր Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու հետ:
– Իմ կարծիքով՝ միանշանակ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը