«Փաստ»-ը գրում է․ «2019 թվականն աչքի ընկավ դատական համակարգի նկատմամբ իշխանությունների կողմից գործադրվող տոտալ ճնշումներով։
Ժողովրդավարական երկրներում իշխանության երեք ճյուղերի (օրենսդիր, գործադիր և դատական) միջև հավասարակշռության և փոխզսպումների ապահովումը կարևոր սկզբունքներից մեկն է, սակայն Հայաստանում իշխանության ճյուղերը զսպելու և հակակշռելու փոխարեն առաջին երկուսը կոշտ միջամտություն են ցուցաբերում երրորդի գործունեության առումով՝ նպատակ դնելով ունենալ գրպանային արդարադատություն, ինչը ոչ մի աղերս չունի ժողովրդավարության հետ։
Եվ քանի որ դատական իշխանության գոնե որոշ մասը իշխանափոխությունից հետո պահպանել էր իր ինքնուրույնությունը, շատ արագ հայտնվեց հարվածների տակ։
Մասնավորապես, վարչապետ Փաշինյանը մայիսին, երբ դատարաններն իրենց քիմքին ու քաղաքական նախընտրություններին չհամապատասխանող որոշումներ ընդունեցին, քաղաքացիներին կոչ արեց արգելափակել առանց բացառության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը, այնպես, որ դատավորները, փաստաբանները և դատարանների աշխատակիցները հնարավորություն չունենան մտնել դատարանների շենքեր:
Դրանից հետո Փաշինյանը հայտարարեց դատական համակարգում իրականացվելիք վեթինգի մասին։
Սակայն գործադիր իշխանության կողմից դատական իշխանության նկատմամբ ներգործությունները սրանով չսահմանափակվեցին։
Կոնկրետ ճնշումների տակ հայտնվեց Սահմանադրական դատարանը, որը սահմանադրական արդարադատության բարձրագույն մարմինն է։
Իշխանություններին անհանգստացնում էր այն հանգամանքը, որ արդարադատություն իրականացնելիս ՍԴ-ն անկախ է և ենթարկվում է միայն Սահմանադրությանը, և իրենք չունեն լծակներ ՍԴ անդամների վրա ազդելու համար, քանի որ նրանք պաշտպանված են Սահմանադրությամբ։
Այդ իսկ պատճառով էլ մերձիշխանական շրջանակների կողմից հորինվեց ՍԴ-ում առկա ճգնաժամի մասին պատմությունը, թե իբր ՍԴ դատավորները ժողովրդին չեն ներկայացնում և այլն։
Դրան զուգահեռ ՍԴ անդամների և մանավանդ նախագահի վրա գործի դրվեցին տարբեր ճնշամիջոցներ՝ ընդհուպ քրեական գործեր հարուցվեցին, նրանց գործունեությունը հրապարակայնորեն պախարակվեց։
Սակայն այս իրադարձությունները աննկատ չմնացին միջազգային հանրության ուշադրությունից։ ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլը և Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն դատական համակարգի նկատմամբ իրագործվող ճնշումները համարեցին անընդունելի։
Զգուշանալով միջազգային կոշտ արձագանքից՝ իշխանությունները առաջ մղեցին Սահմանադրական դատարանի անդամների՝ վաղ կենսաթոշակի անցնելու նախագիծը, որով նախատեսվում է, որ կամավոր վաղ կենսաթոշակի անցնելու դեպքում մինչև Սահմանադրության 213-րդ հոդվածով նախատեսված՝ սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը, ՍԴ անդամ նշանակված և նույն գլխի ուժի մեջ մտնելուց հետո իրենց պաշտոնավարումը շարունակած անձինք կարող են դիմել վաղ կենսաթոշակի:
Այս դեպքում ևս պահպանվում է վերջիններիս աշխատավարձի չափով վաղ կենսաթոշակ ստանալու իրավունքը:
Ստացվում է, որ ՍԴ դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելուց հետո նրանց աշխատավարձը պահպանվելու է, և անաշխատ աշխատավարձ են ստանալու, ինչն անընդունելի է հարկ վճարողների և թոշակառուների համար, քանի որ իշխանություններն իրենց քաղաքական շահերն առաջ տանելու համար հերթական անգամ խախտում են սոցիալական արդարության սկզբունքը։
Եվ ուշագրավ է, որ եթե յոթ դատավորները միասին միանգամից հրաժարականի դիմում ներկայացնեն, ապա այդ վաղաժամ կենսաթոշակի ծախսերը կկազմեն շուրջ 630 միլիոն դրամ:
Բայց պետք է նկատի ունենալ, որ եթե ՍԴ դատավորները համաձայնեն իշխանությունների առաջարկած պայմաններին և վաղաժամ թոշակի գնան, ապա դրանից տուժելու է իրենց հեղինակությունը։
Ուստի պատահական չէ, որ արդեն իսկ մամուլում տեղեկություններ են շրջանառվում, որ ոչ մի դատավոր համաձայն չէ իշխանությունների առաջարկած պայմաններին (դե, գուցե բացառություն լինի Ֆելիքս Թոխյանը)։
Այս պայմաններում ՍԴ-ն վերակազմավորելու համար մեկ տարբերակ է մնում՝ սահմանադրական փոփոխությունները։
Իշխանությունները նպատակ ունեն 2020 թ. սկզբին նախաձեռնել սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի ստեղծումը և հանրաքվեի միջոցով ընդունել նոր Սահմանադրություն»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը