«Հրապարակ»-ը գրում է․ «ՀՀ Ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը, պարզվում է, էքստրասենսի հատկություններ ունի։ Բրուտյանը վարչապետին իր գործուղման արդյունքների մասին հաշվետվություն է ներկայացրել ավելի վաղ, քան գործուղման մեկնելը։Իր հաշվետվությունում, որը պետական պաշտոնական փաստաթուղթ է, Բրուտյանը ներկայացրել է, թե ինչ արդյունքներ է տվել 2019 թվականի հոկտեմբերի 10-12-ը Մոսկվայում պետական գնումների հարցերով բարձր մակարդակի աշխատանքային խմբի նիստին իր մասնակցությունը, թե ինչ հանդիպումներ է ունեցել, ինչ հարցեր են քննարկվել, ինչ որոշումներ են ընդունվել և այլն։
Սակայն Բրուտյանը այս ամենը գրել է հոկտեմբերի 4-ին՝ 6 օր ավելի շուտ, քան այդ ամենը տեղի կունենար։ Ընդ որում՝ Բրուտյանը հաշվետվության մեջ ամեն ինչ ներկայացնում է որպես արդեն իսկ կատարված փաստ, օրինակ՝ «Աշխատանքային խմբի նիստի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ԵԱՏՄ Հանձնաժողովի համապատասխան ստորաբաժանման հետ համատեղ փորձագետների մակարդակում շարունակել համապատասխան կարգավորումներ սահմանող փաստաթղթերի նախագծերի մշակման աշխատանքները»,- իր հաշվետվության մեջ գրում է փոխնախարարը։
Արդյունքում` 2 տարբերակ կարելի է քննարկել․ կա՛մ պետական պաշտոնական փաստաթղթում սխալ կա, և այն կազմողները, մեղմ ասած, անլուրջ և անփույթ են վերաբերվում այդ փաստաթղթերին, կա՛մ ֆինանսների փոխնախարարը իսկական «Նոստրադամուս» է»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը