«Հրապարակ»-ը գրում է․ «Հեղափոխությունից հետո ամենամեծ հիասթափությունների առիթ տվող թեման նոր իշխանությունների կադրային քաղաքականությունն է։ Եթե 2018-ին՝ ոմանց հանկարծահաս հրաժարականներից հետո, կարելի էր հասկանալ, թե ինչու են անփորձ, անկենսագիր ջահելները նշանակվում պատասխանատու պաշտոնների՝ քանի որ իշխանությունը կադրային բանկ չուներ, եւ պաշտոններն էլ չէին կարող երկար թափուր մնալ, ապա այսօր վարվող կադրային ապաշնորհ քաղաքականությունն արդեն այլ՝ ավելի տխուր հետեւությունների տեղիք է տալիս։
Նախ, վկայում է այն մասին, որ այդպես էլ երիտասարդ հեղափոխականները չհասկացան, որ իշխանությունն ավար չէ, որը պատերազմում հաղթողը բաժանում է յուրայիններին՝ որպես պարգեւատրում հաղթանակին բերած նպաստի համար։ Իշխանությունը պատասխանատվություն է, իսկ կարեւոր պաշտոններում անփորձ ու անգրագետ յուրայիններին նշանակելը գրեթե հայրենիքի հանդեպ դավաճանության է համազոր, քանզի նրանց ձախողումը ոչ թե շտկելի սխալ է, այլ երկրի կառավարումը տանուլ տալու ստույգ ճանապարհ։
Չհասկացան նաեւ, որ իրենց գործը ոչ թե իշխանական վայելքներից օգտվելը պետք է լիներ այս մեկուկես տարում, այլ նորմալ կադրեր պատրաստելը եւ իրենց խայտառակած կադրերին նորերով փոխարինելը։ Մինչդեռ տեսնում ենք, որ ոչ մի նոր նշանակվող պաշտոնյա իր նախորդից լավը չէ։ Ավելին՝ զիջում է նախորդին ե՛ւ գիտելիքներով, ե՛ւ փորձով, ե՛ւ պատրաստվածությամբ, ե՛ւ աշխատանքին նվիրվածությամբ։
Այն թեթեւությունը, որով վարչապետն ու թիմն ազատվում են պրոֆեսիոնալ կադրերից եւ ասպարեզ բերում «դավին անտեղյակ, ցավին անտարբեր» անհատների, խոսում է այն մասին, որ մեկուկես տարում չգիտակցեցին իրենց ուսերին դրված պատասխանատվությունը եւ մեր երկրի հանդեպ անփույթ վերաբերմունք ունեն։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը