«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, ՀՀ իշխանությունները, անհանգստացած լինելով ներկայումս քաղաքական դաշտում տեղի ունեցող ակտիվ գործընթացներից ու վերադասավորումներից, ձեռնամուխ են եղել նոր մարտավարության։
Տեղեկություններ կան, որ առաջիկայում, ի հակակշիռ ընդհանուր ընդդիմադիր ճամբարում նկատվող ակտիվ զարգացումների ու մասնավորաբար «Վերնատուն» հասարակական եւ քաղաքական ակումբի եւ այլ նոր ուժերի հայտնվելու, ինչպես նաեւ հաշվի առնելով իշխանությունների՝ գնալով ավելի ու ավելի նվազող վարկանիշը, վերջիններիս կողմից որոշում է կայացվել «իրենց դաշտում» գործող ուժերի շրջանում որոշակի քաղաքական մոբիլիզացիա սկսել։
Մեր աղբյուրների պնդմամբ, նախատեսվում է, որ իշխանության մերձակա եւ սատելիտ հասարակական ու քաղաքական շրջանակները կներառվեն այս համախմբման մեջ։
Իշխանությունների հետ համապատասխան համաձայնություն ձեռք բերելուց հետո ներկայումս հիշյալ շրջանակի ներկայացուցիչները լծվել են այս թեման «ռասկրուտկա» անելու գործին եւ տարբեր հարցազրույցներում ու քննարկումների ժամանակ առաջ են քաշում կոնսոլիդացիայի գաղափարը։
Ավելին՝ որոշ պատգամավորներ իրենց հռետորաբանության մեջ արդեն ակնարկում են իշխանությանը սատարելու եւ նրա շուրջ լայն համախմբում իրականացնելու գաղափարը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը