168.am-ը գրում է․ «Քաղաքական և քաղաքականամերձ շրջանակների համար, արդեն քանի օր է, թիվ 1 խնդիրն Արսեն Բաբայանի ձերբակալությունն է։ Սա ակնհայտ, բայցև զարմանալի փաստ է, քանի որ կարծես թե հեղափոխությունը նրա համար չէինք արել, որ Արսեն Բաբայանը ձերբակալվեր, այլ նրա համար, որ լավ ապրենք:
Հետո հայտարարվեց, որ լավ ապրելու համար անհրաժեշտ է արդարություն հաստատել․ ավելի փոքր մասշտաբի, բայց կրկին ընդունելի թեզ է։ Արդարության հաստատման համար սկսվեցին ասֆալտին պառկեցնելու, պատերին խփելու և զանգվածային ձերբակալության այլ գործողություններ։ Զարմացած հետևում էինք, բայց երբ ձերբակալվեց Ռոբերտ Քոչարյանը, հանրության զգալի հատվածի՝ պողոսների համար ակնհայտ դարձավ, որ հեղափոխությունը ճիշտ ուղղությամբ է գնում։
Հետո պարզվեց, որ Քոչարյանի ձերբակալությունը՝ գոնե ներկայիս Սահմանադրության և օրենքների շրջանակներում, անօրինական է, և նրան բանտում պահելու համար անհրաժեշտ է առնվազն շրջանցել Սահմանադրությունը։ Սահմանադրությունը շրջանցելու համար անհրաժեշտ է փոխել Սահմանադրական դատարանի նախագահին։
Հեղափոխության հաջորդ խնդիր հռչակվեց Հրայր Թովմասյանի պաշտոնանկությունը, և դրա համար գործի դրվեցին բոլոր մեթոդները՝ Ազգային ժողովի պատգամավորներին սահմանադրական կարգի մեջ մեղսակից դարձնելուց՝ մինչև Հրայր Թովմասյանի սանիկներին ձերբակալելը, ծեր հորն ու դուստրերին ԱԱԾ կանչելը։
Հետո պարզվեց, որ Հրայր Թովմասյանի պաշտոնանկության համար անհրաժեշտ է ձերբակալել Արսեն Բաբայանին, ու հեղափոխությունն իր ողջ իրավական, լրատվական և այլ ինտելեկտուալ ռեսուրսն ուղղեց այս թեզի հաստատմանը։ Եվ պետք է նշել, որ հաջողում է, այլապես այս շարքի՝ հեղափոխություն լավ ապրելու համար -> հեղափոխություն արդարություն հաստատելու համար -> հեղափոխություն Քոչարյանին ձերբակալելու համար -> հեղափոխություն Թովմասյանին պաշտոնանկելու համար -> հեղափոխություն Բաբայանին ձերբակալելու համար, մանիպուլյացիոն հիմքն ակնհայտ կդառնար բոլորի համար։
Մինչդեռ հանդիպել եմ մի ֆեյսբուքյան հարցման, որտեղ հարցվողների 77 տոկոսը հավանություն է տալիս Հրայր Թովմասյանի աղջիկներին հարցաքննելուն, հանդիպել եմ Դավիթ Սանասարյանի գրառմանը, որտեղ վերջինս ոչ թե արդարանում է կամ մեղա է գալիս կոռուպցիոն սկանդալի կամ երեխային մեքենայի տակ գցելու համար, այլ հոխորտում է ԱԳ նախարարի վրա BBC-ին տված հարցազրույցում իր անունը շոշափելու համար։
Իշխանություններն օգտագործում են մեդիա մանիպուլյացիայի (ձեռնածություն) երկու կարևոր մեթոդ։ Դրանից առաջինը նպատակի՝ հեղափոխության, մասշտաբի աստիճանաբար փոքրացումն է, որի հետևանքով հեղափոխության նպատակը համընդհանուր բարեկեցությունից վերածվում է Արսեն Բաբայանի ձերբակալության։ Այս մեթոդի կիրառման մեջ կարևոր դեր է խաղում մեծ ինտենսիվությամբ, հախուռն, շատ հաճախ՝ պատճառահետևանքային կապերով չամրապնդված և ատելության վրա հիմնված տեղեկատվությունը, որը հորդում է՝ ինչպես պաշտոնական աղբյուրներից, և դառնում բոլոր լրատվամիջոցներով սփռման նյութ, այնպես էլ՝ իշխանամետ լրատվամիջոցների տարբեր հնարանքները։ Շարքային պողոսն ակամայից սուզվում է այս տեղեկատվության մեջ, և նայելով այն արտաբերող իշխանական գործիչների լուրջ դեմքերին՝ ակամայից ընդունում է որպես նպատակ ու ճշմարտություն ասված վերջին խոսքը՝ մոռանալով սկզբի մասին։
Երկրորդ մեթոդը մաֆիայի գործունեությունից հայտնի գործելաոճն է, երբ նոր մեռելներին թաքցնելու համար որպես լավագույն վայր է ընտրվում այն, որտեղ լցված են հին մեռելները։ Դրա համար իշխանության մի սկանդալը հաջորդում է մյուսին, և պողոսներն արդեն մոռանում են հների մասին ու քննարկում են միայն նորերը։ Օրինակ, Նիկոլ Փաշինյանի առանձնատան 2 միլիոնանոց վերանորոգման, կես միլիոնանոց «մերսեդեսների», կառավարության անդամների աշխատավարձերի գաղտնի բարձրացման վերաբերյալ պողոսը բավարարվեց մի կմկմոցով, որը Նիկոլ Փաշինյանը ցանկանում էր ներկայացնել՝ որպես «կռուտիտ», քանի որ դրան հետևեց մեկ այլ սկանդալ՝ Արսեն Բաբայանի ձերբակալությունը։ Նախկին սկանդալները մոռացվեցին, մոռացվեց անգամ այն, որ Արսեն Բաբայանի առաջին ձերբակալությունը դատարանը մերժել էր, քանի որ հենց տեղում բավարարվել էր երկրորդ կալանավորման միջնորդությունը։
Ինչպես ասում էր հայկական ծագմամբ ռուսաստանցի ձեռնածու Հմայակ Հակոբյանը՝ «Ловкость рук, и никакого обмана»։
Աղասի Ենոքյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը