25 10 2019

Հիմա սա ցինի՞զմ է, թե՞ ոչ. վարչապետի երեկն ու այսօրը․ 168.am

Հիմա սա ցինի՞զմ է, թե՞ ոչ. վարչապետի երեկն ու այսօրը․ 168.am

168.am-ը գրում է․ «Մի կողմ թողնենք այն, որ վարչապետը գաղտնի բարձրացրել է մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը, նույնիսկ, եթե դա արել է՝ շրջանցելով օրենքը։ Դրան, անշուշտ, որոշակի բացատրություն տրվեց. կարևոր չէ՝ այն համոզի՞չ էր, թե՞ ոչ։ Իսկ ի՞նչ ասեն այն բազմահազար պետական աշխատողները, որոնց աշխատավարձերը չեն բարձրացել կամ բարձրացել են հազիվ մի քանի հազար դրամով։

Այնպես չէ, որ նախարարներն ու փոխնախարարները, նաև աշխատակազմերի ղեկավարներն ու մարզպետներն ուզում են մարդավայել ապրել, իսկ մյուսները` ոչ։ Թե՞ նախարարների ու փոխնախարարների, աշխատակազմերի ղեկավարների ու մարզպետների աշխատավարձերը ցածր են, չեն բավարարում մարդավայել ապրելու ու ժողովրդին անմնացորդ ծառայելու համար, իսկ մյուսները նման խնդիր չունեն։

Իհարկե ունեն։ Բայց դա այլևս կարևոր չէ, վարչապետին հավանաբար ավելի շատ հետաքրքրում է կառավարության, այսպես ասած, քաղաքական էլիտան, որի աշխատավարձը նա որոշել է կրկնապատկել, այն էլ՝ հասարակության աչքից հեռու։ Ու դա արել է մի մարդ, ով ժամանակին չափազանց բուռն էր արձագանքում պետական համակարգում աշխատավարձերը բարձրացնելու՝ նախկինների հրապարակային նախաձեռնությանը։

«Քաղաքական էլիտան որոշել է բարձրացնել իր աշխատավարձը։ Ի՞նչ է սա, եթե ոչ ցինիզմ` աղքատության, արտագաղթի և հուսահատության ֆոնին։ Սա ոչ այլ ինչ է, քան ցինիզմ։ Ես սա ասում եմ հատուկ, բոլոր նրանց համար, ովքեր փորձում են կամ կփորձեն իմ դիրքորոշումը որակել՝ որպես պոպուլիստական»,- այս հայտարարությունն Ազգային ժողովի ամբիոնից պատգամավոր Նիկոլ Փաշինյանն արել է 2013թ.` «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի նախագծի քննարկումների ժամանակ։Հայտարարությունից հետո Հայաստանում շատ բան չի փոխվել։ Այնպես չէ, որ այլևս աղքատությունը վերացել է, մարդիկ սկսել են ավելի լավ ապրել, կամ արտագաղթ չկա։ Չնայած այդ ամենին, դա չի խանգարել, որ վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանը կտրուկ բարձրացնի կառավարության քաղաքական էլիտայի աշխատավարձը, այն էլ՝ փակ դռների հետևում։ Հիմա սա ցինի՞զմ է, թե՞ ոչ։

Որ պետական կառավարման համակարգում աշխատավարձերը ցածր են, նորություն չէ։ Բայց դա միայն բարձրաստիճան պաշտոնյաներին չէ, որ վերաբերում է։ Այդպես է ամբողջ համակարգում, ու դա լավ օրից չի գալիս։ Չնայած դրան, մինչև հիմա որևէ մեկը չէր մտածել նման բան անել։ Բայց ժողովրդի վարչապետը ոչ միայն մտածել ու արել է, այլև ժողովրդից գաղտնի է պահել։

Ու գիտե՞ք՝ ինչու է այդպես վարվել, որովհետև հավանաբար հասկացել է, որ վատ բան է անում, որ մի քանի հազար դրամ աշխատավարձ կամ թոշակ ստացող հպարտ քաղաքացին իրեն ճիշտ չի հասկանա։ Թերևս ճիշտ էլ կանի։ Չէ՞ որ այսօր 700-800 հազար դրամ աշխատավարձ ստացող նախարարն ավելի կարիքավոր չէ, քան 40 հազար դրամ ստացող կենսաթոշակառուն։

Եվ ի՞նչ է արել Նիկոլ Փաշինյանն այսքան ժամանակ, որպեսզի թեթևացնի կենսաթոշակառուի սոցիալական վիճակը. այն, որ իշխանափոխության երրորդ տարում որոշել է 10 տոկոսով կամ 4 հազար դրամով բարձրացնել կենսաթոշակը։ Ու կարծում է, թե դրանով մեծ բան է փոխվել։

Իսկ ի՞նչ ասեն պետական համակարգում աշխատող այն քաղաքացիները, ովքեր տարիներ շարունակ աշխատավարձի բարձրացում չեն ունեցել, այսօր էլ հավելավճարներ չեն ստանում։ Իշխանափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանի կառավարությունը երկրորդ բյուջեն է ներկայացրել։ Եվ երկրորդ տարին անընդմեջ աշխատավարձի բարձրացում չի նախատեսում։

Երբ քննարկվում էր նվազագույն աշխատավարձն ավելացնելու հարցը` կառավարությունը կտրուկ դեմ արտահայտվեց նաև բազային աշխատավարձի ավելացմանը։ Ու որքան էլ նվազագույն աշխատավարձն ու բազայինը փոխկապակցված են, դրան նույնիսկ ուշադրություն չդարձվեց։

Հիմա արդեն պարզ է, թե ինչո՞ւ։ Այսպես թե այնպես, լուծվել է քաղաքական էլիտայի վարձատրության խնդիրը։ Հասարակության աչքից հեռու նրանք կրկնակի ավելի շատ փող են ստանում, քան պիտի ստանային։ Իսկ մնացածը թող բավարարվեն նրանով, ինչ կա։ Ոչինչ, որ առանց այն էլ՝ նրանց աշխատավարձերը ցածր են։

Հիմա ի՞նչ ասեն այն բազմահազար ուսուցիչները, որոնց աշխատավարձը կառավարությունը որոշեց ավելացնել 10 տոկոսով։ 10 անգամ ավելի քիչ, քան նախարարներինն ու փոխնախարարներինը, աշխատակազմերի ղեկավարներինն ու մարզպետներինը։ Նրանց աշխատանքը պակա՞ս կարևոր է, որ այսօր, առանց այդ էլ գրեթե 10 անգամ ցածր աշխատավարձ են ստանում, քան, ասենք, կրթության նախարարի պաշտոնական դրույքաչափն է։

Արժե հավանաբար վերհիշել պատգամավոր Նիկոլ Փաշինյանի 2013թ. ելույթի նաև այն հատվածը, որը վերաբերում էր ուսուցիչների աշխատավարձերին։

«Նրանք կասեն, որ 2014 թվականի բյուջեով աշխատավարձերի, թոշակների ընդհանրական բարձրացում է նախատեսվում: Այո, նախատեսվում է. օրինակ, ուսուցիչների աշխատավարձը բարձրանալու է 4,7 տոկոսով, և եթե ուսուցիչն այսօր ԿԳ նախարարից 2,3 անգամ պակաս աշխատավարձ է ստանում, այս նախագծի ընդունման պարագայում պակաս է ստանալու 5,3 անգամ»,- ասում էր ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը։ Հարց է առաջանում, իսկ այն ժամանակ, երբ նա կառավարության ղեկավարի դերում որոշում էր կրկնապատկել բարձրաստիճան պաշտոնյանների վարձատրության չափը, անկախ նրանից, թե դա ինչ տեսքով էր լինելու, հաշվարկե՞լ է, թե հիմա քանի անգամով է նախարարի ստացած գումարն ավելի ուսուցչի աշխատավարձից։ Եթե չի հաշվարկել, ապա ասենք, որ առնվազն 15 անգամ։

Բա ինչո՞ւ հիմա Նիկոլ Փաշինյանն այնպես չի անում, որ այս տարբերությունը կրճատվի, և ոչ թե՝ խորանա, թե՞ այլևս կարևոր չէ` քանի անգամ կլինի կրթության նախարարի և ուսուցչի աշխատավարձերի տարբերությունը։

Որևէ մեկը չի ասում, թե պետական բարձրաստիճան պաշտոնյաները չպետք է արժանապատիվ աշխատավարձ չստանան։ Թերևս, դրա համար էլ նրանց աշխատավարձերն ավելի բարձր են, քան մյուսներինը։ Արդարության համար սահմանվել են որոշակի չափանիշեր, որոնց համաձայն էլ որոշվում են վարձատրության չափերը։ Հիմա Նիկոլ Փաշինյանը հավանաբար որոշել է փոխել խաղի կանոններն ու այնպես է արել, որ բարձրաստիճան պաշտոնյաները շատ ավելի պիտի ստանան, քան իրենց ենթակաները։

Գուցե 700 կամ 800 հազար դրամը բավարար չէ, որպեսզի նախարարն անհոգ կյանքով ապրի։ Իսկ ի՞նչ պետք է անեն այն պետական ծառայողները, ովքեր 50, 100 կամ նույնիսկ 200 հազար դրամ են ստանում»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ