22 10 2019

Հեծանիվով երթևեկող վարչապետից բան չի մնացել․ «Իրատես»

Հեծանիվով երթևեկող վարչապետից բան չի մնացել․ «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Ոչ վաղ անցյալում, իշխանությանը քննադատելիս, նախկին ընդդիմադիրներն ասում էին, թե իշխանության ու ժողովրդի միջեւ կապը խզվել է, իշխանավորները միայն իրենց թանկարժեք մեքենաների պատուհանից են նայում խնդիրներին։ Այսօր էլ, պարզվում է, շատ բան չի փոխվել, ուղղակի այդ կապը միայն վիրտուալ հատվածում է, այսինքն, ժողովուրդը դարձել է ֆեյսբուքյան հանրույթ (այն էլ` խիստ ընտրողաբար. սպիտակները մերոնքական են, սեւերը՝ ազգի թշնամիներ), թանկարժեք մեքենաների մասով էլ նույնն է ամեն ինչ։

Հեծանվով երթեւեկող, մարդկանց հետ հաճախ շփվող վարչապետից բան չի մնացել։ Հիմա նա 300 հազար դոլարանոց մեքենայով է երթեւեկում, 2 միլիոն դոլարով վերանորոգված պետական առանձնատանն է ապրում, կրկնակի բարձրացված աշխատավարձ է ստանում (գաղտնի որոշմամբ), ԱՎԾ-ի նկարած թվերով էլ շարունակում է կերակրել հանրությանը։

Հերթական «շիլափլավը» երեկ էր։ Իր ֆեյսբուքյան էջում Փաշինյանը հետեւյալ գրառումն է արել. «Ուրախ եմ արձանագրել, որ 2019-ի երկրորդ եռամսյակից մենք գործազրկության էական նվազում ունենք: Եթե 2018-ի երկրորդ եռամսյակում գործազուրկների թիվը կազմել է 236 հազար 400 մարդ, ապա 2019 թվականի երկրորդ եռամսյակում գործազուրկների թիվը կազմել է 207 հազար 200 մարդ, նվազելով 29 հազար 200 մարդով։ Ներկայումս մեր երկրում գործազրկությունը կազմում է 17,7 տոկոս, ինչը նշանակում է, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մեր երկրում ընդհանուր գործազրկությունը նվազել է 2,5 տոկոսով»։

Տնտեսագետ լինել պետք չէ հասկանալու համար, որ գործազուրկների թիվը չի կարող նվազել, եթե նոր աշխատատեղեր չեն բացվում, ներդրումներ էլ չկան։ Պարզ բանաձեւ է՝ ներդրումն է աշխատատեղ ստեղծում, ու եթե չկա մեկը, չի կարող լինել մյուսը։ Ուրեմն ի՞նչ թվերի մասին է խոսում Նիկոլ Փաշինյանը։

Ի դեպ, ժամանակին կրկին աշխատատեղերի նման մի «շոկային» թիվ ներկայացվեց հանրությանը, հետագայում պարզվեց, որ ոչ թե նոր աշխատողների թիվն ավելացել է, այլ ընդամենը հներն են դուրս եկել ստվերից։ Հիմա էլ Փաշինյանը մանիպուլյացիոն թվեր է ներկայացնում, որոնք իրականության մեջ գոյություն չունեն։

Ավելի ազնիվ չէ՞ր լինի ասել, թե այսքան մարդ ստվերից դուրս է եկել եւ օրինական աշխատող է համարվում։ Մի դրվագ եւս. պետական ապարատի կրճատումների հաշվին գործազրկության կրճատման մասին հայտարարություններն առնվազն զավեշտալի են։

Փաստորեն, ֆեյսբուքյան պատուհանից երկրի վիճակին հետեւող իշխանության ներկայացրած ցուցանիշները միայն թղթի վրա են համոզիչ, մարդկանց կյանքում դրանք ոչինչ չեն փոխել»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Իրատես»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ