168.am-ը գրում է․ «Իշխանության գալուց հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պետական կառավարման համակարգն ուռճացված է, և պետք է կատարվեն լուրջ բարեփոխումներ։
«ՀՀ քաղաքացիները պետք է իմանան՝ ինչի վրա է ծախսվում ամեն լուման, ամեն դրամը: Սա միանշանակ է, այդպես պետք է լինի: Կառավարման համակարգը ինչպե՞ս է աշխատել մինչև հիմա՝ հորքուր, մորքուր, խնամի, ծանոթ, բարեկամ, ընտրությունների վստահված անձ, բոլորին բերել, տեղավորել են պետական կառավարման համակարգ»։ Այս հայտարարությունը Նիկոլ Փաշինյանն արել է իշխանության գալուց երեք ամիս հետո։
Իհարկե, նա միակ վարչապետը չէ, որ խոսել է պետական ապարատի ուռճացված լինելու մասին։ Նախկինում ևս այդ մասին խոսել են և նույնիսկ որոշակի քայլեր արել ուռճացված համակարգը կրճատելու ուղղությամբ։ Ամեն մեկը փորձել է յուրովի լուծել այդ խնդիրը։ Բայց դրանից երևույթը չի փոխվել։
Չի փոխվել նաև Նիկոլ Փաշինյանի կառավարման շրջանում։ Ընդհակառակը` հաջորդ տարի պետական մարմիններում մի բան էլ հաստիքների ավելացում է նախատեսվում։
«ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի նախագծում պետական մարմինների պահպանման ծախսերը հաշվարկվել են՝ հիմք ընդունելով 18991 հաստիքային միավորների քանակը, որը 2019 թվականի համեմատ՝ ավելացել է 534 միավորով»,- ասվում է կառավարության հաստատած հաջորդ տարվա բյուջեի նախագծում։
Հաստիքների ավելացումը բացատրվում է «նախարարությունների վերակազմակերպմամբ, նոր մարմինների ստեղծմամբ, ինչպես նաև առանձին պետական մարմիններում կառուցվածքային փոփոխությունների հետևանքով աշխատողների թվաքանակի կարգավորմամբ»:
Ինչպես հայտնի է, այս տարի քաղաքական իշխանությունը գնաց կառավարության կառուցվածքի օգտիմալացման։ Նախկին 17 նախարարություններից թողեց միայն 12-ը։ Դրանք միավորվեցին ու տարանջատվեցին։ Ճի՞շտ էր այդ նախաձեռնությունը, թե՞ ոչ, այլ խնդիր է, բայց թվում էր, թե 5 նախարարությունները կրճատելուց և օպտիմալացնելուց հետո պետական մարմիններում ընդգրկված աշխատողների թվաքանակը կպակասի։ Սակայն հակառակն է ստացվել. օպտիմալացնելուց հետո պետմարմինների աշխատողների թվաքանակը դարձյալ ավելացել է։
Փաստորեն, նախարարությունների կրճատումն էլ չլուծեց այդ խնդիրը։ Հաջորդ տարի հարկատուները ստիպված կլինեն վճարել ևս 534 նոր հաստիքի համար, որը պիտի ավելանա պետական կառավարման մարմիններում։
Դա կլինի մի շարք կառույցների աշխատակազմերի համալրման հաշվին։
Կրճատելու փոխարեն՝ կավելանա կառավարության աշխատակազմը։ Ընդ որում, ամենաշատը հենց այս մարմնում է նախատեսվում ավելացնել հաստիքները։
Կառավարության աշխատակազմը հաջորդ տարի կհամալրվի ևս 150 հաստիքային միավորով։ Ու դա կլինի վարչապետի որոշման հիման վրա։ Որոշումը ստորագրվել է այս տարվա հունիսի 1-ին։ Դրանով չեղարկվել է իշխանափոխությունից անմիջապես հետո հաստատված «Վարչապետի աշխատակազմի հաստիքների քանակը սահմանելու մասին» 2018թ. մայիսի 21-ի որոշումը: Նոր որոշմամբ ամրագրվել է, որ վարչապետի աշխատակազմը պետք է ունենա 720 հաստիք։ Բայց հետո հավանաբար դա էլ քիչ է համարվել, ու հաստիքների քանակը հաջորդ տարվա պետական բյուջեի նախագծում ավելացվել է ևս 10-ով։ Ըստ այդմ, ստացվել է, որ վարչապետի աշխատակազմը պետք է ունենա 730 հաստիք` այս տարվա 580-ի փոխարեն։
Այդ փոփոխությունից հետո հաստիքների քանակով կառավարությունն այլևս անցել է Ազգային ժողովից։ Խորհրդարանում նոր հաստիքներ հաջորդ տարի չեն ավելանա։ Ընդհակառակը` դրանք 8-ով կկրճատվեն։ Հարկատուների հաշվին խորհրդարանը կպահի 724 աշխատող։
Ինչպես Ազգային ժողովի, այնպես էլ կառավարության աշխատակազմերի հետ անհամեմատելի է նախագահի ապարատի հաստիքակազմը։ Այն շուրջ 4-5 անգամ պակաս է։ Ինչպես այս, այնպես էլ՝ հաջորդ տարի այս կառույցին հատկացվել է 155 հաստիքային միավոր։
Կառավարությունից հետո պետական բյուջեի նախագծով հաստիքների թվի ավելացմամբ առանձնանում է Անշարժ գույքի կադաստրի կոմիտեն։ Այս կառույցի աշխատակազմը պակաս փոքր համալրում չի ստանա։ Այն կավելանա 125 հաստիքով։
Թեև այնպես չէ, որ այսօր կոմիտեն փոքր աշխատակազմ ունի։ Կադաստրի համակարգում բավական մեծ թվով մարդիկ են ընդգրկված։ Կոմիտեի աշխատակազմն այս տարի 768 հաստիք ունի։ Կատարված փոփոխությունից հետո այն կհասնի 893-ի։
Կրճատված նախկին Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության հիման վրա ստեղծված Տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն ավելի մեծ աշխատակազմ կունենա։ Նախկին նախարարությունից մնացած 130 հաստիքները նոր նախարարության համար, ըստ ամենայնի, բավարար չեն համարվել։ Ուստի կառավարությունն առաջարկել է դրանց թիվն ավելացնել ևս 68-ով։ Արդեն հաջորդ տարի Տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աշխատակազմը կհասնի 198 հաստիքի։
40 հաստիք կավելանա Արտակարգ իրավիճակների նախարարությունում։ 56 հաստիքով կմեծանա նաև Արտաքին գործերի նախարարության աշխակազմը։ Եթե ԱԻՆ-ում կլինի՝ 240, ապա ԱԳՆ-ում` 347 հաստիք։ 6 հաստիք կավելանա Զբոսաշրջության կոմիտեում։
Իհարկե, կլինեն նաև կրճատումներ։ Ասենք` միավորված Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հաստիքները, այս տարվա համեմատ, ոչ շատ, բայց կկրճատվեն։ Նախարարության աշխատակազմը կպակասի 12-ով։
Կապված կառավարության կառուցվածքի փոփոխության հետ, որոշակի վերադասավորումներ կլինեն նաև այլ նախարարությունների աշխատակազմերում։ Ու այդ ամենի արդյունքում, ըստ 2020թ. պետական բյուջեի նախագծի, պետմարմինների աշխատակազմը կշարունակի համալրվել։ Ուռճացված համակարգում, ինչպես իշխանափոխությունից հետո հայտարարում էր վարչապետը, ուռճացումը ոչ միայն կպահպանվի, այլև կշարունակի ընդլայնվել։
Հաջորդ տարի պետական մարմիններում հաստիքները կավելանան շուրջ 3 տոկոսով։ Դրանք պահելու համար հարկատուները կվճարեն տասնյակ-միլիարդավոր դրամներ։
Օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների աշխատողների աշխատավարձը վճարելու համար պետական բյուջեի նախագծում նախատեսված է շուրջ 79 մլրդ դրամ։ Ու չնայած բազային աշխատավարձի չափը պահպանվել է, այնուհանդերձ աշխատավարձի ֆոնդը գրեթե 4,4 միլիարդով ավելացել է։ Պետք է ենթադրել, որ այդ գումարի հիմնական մասը կուղղվի ավելացված 534 նոր հաստիքի պահպանմանը»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը