03 10 2019

Դուք ոչ մի սրբություն չունե՞ք․ «Հրապարակ»

Դուք ոչ մի սրբություն չունե՞ք․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Բացարձակ հիմար պետք է լինեինք, որ հույս փայփայեինք, թե Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը մեկ-մեկուկես տարում լուծելու են մեր երկրի խնդիրները, տնտեսական աճ են ապահովելու, Արցախի հարցում են հաջողության հասնելու։ Բայց մի բան մենք կարող էինք ակնկալել նրանցից՝ երկրում սիրո եւ համերաշխության մթնոլորտի հաստատում, ինչի մասին բազմիցս խոսել էին հեղափոխականները։ Կարող էինք եւ փայփայում էինք այդ հույսը, որ հեղափոխության օրերի սեւեռումները, նախկինների հանդեպ ատելությունը, Սերժ Սարգսյանին մերժելու ակցիաները չեն վերածվելու հասարակության մի հսկա հատվածի, հատկապես այլախոհների ու ընդդիմության հանդեպ ատելության եւ մերժման։

Կարող էինք հավատալ, որ հանրային հաշտության, ստեղծագործական մթնոլորտի, հասարակական միասնության մասին խոստումների գոնե մի չնչին մասն իրականություն կդառնա, իսկ Երեւանի քաղաքապետի թեկնածուի հայտարարությունը՝ սեւերի ու սպիտակների մասին, ընդամենը լեզվական սայթաքում է, որը չի բխում երիտասարդ հեղափոխականների սրտից։

Պարզվեց՝ սխալվում էինք։ Նոր իշխանություններն այլ ասպարեզներում նկատելի հաջողություններ չարձանագրեցին, բայց հասարակությունը բեւեռացնելու, մարդկանց պառակտելու, միմյանց դեմ թշնամացնելու հարցում, կարելի է ասել, ռեկորդներ գրանցեցին։ Նախկին պաշտոնյաների նկատմամբ հարուցված քրեական գործերն էլ ինչ-որ կերպ կկարողանայինք տեղավորել արդարության համար պայքարի շրջանակներում, սակայն ինչպե՞ս վերաբերվենք հանրային չարության, ատելության, հայհոյանքի այս ծաղկմանը։

Ի՞նչ անուն տանք քոչարյանանդոներին, որոնք ոչ մի սրբություն այլեւս չեն ճանաչում։ Ամենացավալին այն է, որ այս հայհոյանք-վիրավորանք- չարության հայրը հենց այն անձն է, ով պարտավոր էր հանրային համերաշխություն հաստատել երկրում»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ