28 09 2019

Դու մենակ ես, մենակ ես, մենակ ես…168.am

Դու մենակ ես, մենակ ես, մենակ ես…168.am

168.am-ը գրում է․ «Նիկոլ Փաշինյան-Սասուն Միքայելյան դեռևս լուռ հակամարտությունը կարող է նոր թափ ստանալ: Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը չի հանդուրժում բոլոր նրանց, ովքեր համարձակվում են իրեն հակադարձել կամ չհամաձայնել իր տեսակետի հետ: Վերջին նման ցայտուն օրինակը հենց Սասուն Միքայելյանն է, ով համարձակվել էր հրապարակավ հակադարձել իրեն:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ից Նիկոլ Փաշինյանը պատասխանելով ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին՝ ասել էր, թե Վանեցյանն իր այդ հայտարարությամբ «աղբամանը նետեց իր ուսադիրները»: Սրան հաջորդեց Սասուն Միքայելյանի կոշտ պատասխանը՝ նախ հիշեցնելով, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանին, որ ԱԱԾ նախկին պետն իր ընկերն է, որի հետ նա ճանապարհ է անցել, ու մնալու է իր ընկերը, ապա նաև հայտարարել էր, թե ոչ ոք իրավունք չունի ասել՝ «ուսադիրները նետեց աղբամանը», քանի որ ինքն էլ է ուսադիր կրել: Նիկոլ Փաշինյանին ճանաչողները շատ լավ գիտեն, որ նման հայտարարությունն անհետևանք չի կարող մնալ:

Ենթադրվում է, որ այդ մասին գիտի նաև Սասուն Միքայելյանը: Սակայն, մեր տեղեկություններով, Ս. Միքայելյանը նեղ շրջապատում հայտարարել է, որ ինքն այլ բան ասել չէր կարող, և նման հայտարարություն անելով՝ ինքն առաջին հերթին՝ պաշտպանել է իր ուսադիրը, որի արժեքը չեն կարող իմանալ բանակում ծառայություն չանցածները:

Մամուլի հրապարակումների համաձայն՝ Նիկոլ Փաշինյանը դեռևս ԱՄՆ-ից զանգահարել է իր մտերիմ կուսակիցներին և հանձնարարել  իր բացակայության ընթացքում զգոն լինել անհնազանդ կուսակիցների ու պատգամավորների գործունեության նկատմամբ՝ մինչև իր վերադարձը:

«Իմ քայլը» խմբակցության մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Ն. Փաշինյանը խմբակցության ներսում չի քննարկել Սասուն Միքայելյանի հարցը, քանի որ չի վստահում նրանց, ուստի այդ հարցը նա քննարկել է իր վստահելի մի քանի կուսակիցների հետ: Նրանք են՝ Հակոբ Սիմիդյանը, Լիլիթ Մակունցը, Ռուբեն Ռուբինյանը, Տիգրան Ավինյանն ու Էդուարդ Աղաջանյանը:

Սասուն Միքայելյանին պատժելու տարբերակներ դեռևս չեն գտնվել, քանի որ կուսակցությունից նրան հեռացնել չեն կարող, քանի որ նախ՝ Միքայելյանը ՔՊ հիմնադիրներից է, և երկրորդ՝ նա կուսակցության կանոնակարգը չի խախտել: Նշենք, որ ՔՊ կանոնադրության համաձայն՝ կուսակցության անդամները կարող են կարգապահական պատասխանատվության ենթարկվել կուսակցության ծրագրին հակասող գործողություններ կատարելու դեպքում: Իսկ Սասուն Միքայելյանի հայտարարությունը, նույնիսկ մեծ ցանկության դեպքում, որևէ կերպ չի տեղավորվում այս դրույթի տակ ենթադրվող գործողությունների շարքում:

Հաջորդ «պատիժը», որը քննարկվել է իշխանական նեղ շրջանակում՝ Ս. Միքայելյանին ԵԿՄ նախագահի պաշտոնից հեռացնելն է, սակայն դա նույնպես բացառվում է, քանի որ այն ընտրովի մարմին է, իսկ ԵԿՄ-ում Ս. Միքայելյանին դեմ դուրս եկողներ գոնե այս պահին չկան: Այսինքն՝ «անհնազանդ» Ս. Միքայելյանին պատժելու մեթոդ Նիկոլ Փաշինյանը դեռևս չի կարողանում գտնել:

Ի դեպ, մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանն այս թեմայի վերաբերյալ չի խոսել Ս. Միքայելյանի հետ: Բանն այն է, որ Ն. Փաշինյանն այսօր իսկապես իր մի քանի կուսակիցների հետ մնացել է միայնակ, ու նրան ոչ ոք չի համարձակվում ասել, որ վստահելի մարդկանց շրջանակը գնալով նեղանում է, որովհետև Փաշինյան վարչապետը կարծում է, որ ինքն ամեն ինչ կարող է անել ու ասել, իսկ մյուսները՝ ոչ:

«Իմ քայլը» խմբակցության ներսում դժգոհություններ կան, որ այլևս դժվար է գտնել մարդկանց, որոնք թշնամաբար չեն վերաբերվում իրենց, քանի որ Ն. Փաշինյանը բոլորին իրար դեմ է հանել: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ իր դեմ դուրս եկող թիմակիցներին պատժելու համար Ն. Փաշինյանն իր ուրույն մեթոդն ունի. Անմիջապես հարկային ստուգումներ են սկսվում նրանց պատկանող օբյեկտներում:

Որպես դրա վառ օրինակ՝ նրանք մատնանշում են «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանին, ով համարձակվել էր դեմ դուրս գալ Ամուլսարի ծրագրի իրականացմանը:

Մեր տեղեկություններով՝ Կարապետյանի հայտարարություններից անմիջապես հետո հարկային մարմինները ստուգումներ են սկսել Սևանի ափին գտնվող պատգամավորին պատկանող օբյեկտում:

Սակայն Վ. Կարապետյանը պնդում է, որ իր տեսակետը կապված Ամուլսարի հետ, լիովին համապատասխանում է ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների հետ, և ամենևին էլ մեղավոր չէ, որ վարչապետ դառնալուց հետո Փաշինյանը վերափոխել է իր դիրքորոշումը՝ ինչպես այդ, այնպես էլ՝ շատ այլ հարցերում:

Այնպես որ, խմորումները, որոնք կուտակվել են իշխանական «Իմ քայլը» խմբակցությունում և ՔՊ ներսում, չեն կարող երկար անտեսվել, ու հենց դա է պատճառը, որ Փաշինյանը խուսափում է հանդիպել ըմբոստացող կուսակիցների ու թիմակիցների հետ՝ շատ լավ իմանալով, որ իրեն հակադարձելու են՝ նախկին Նիկոլ Փաշինյանի խոսքերից մեջբերումներ անելով, ինչը, համաձայնեք՝ այնքան էլ հաճելի բան չէ: Բայց, մեր տեղեկություններով՝ այդ հանդիպմանը շատերն են անհամբերությամբ սպասում»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ