20 09 2019

Դատավորները պաշտպանված չեն ԲԴԽ-ի կողմից․ Արամ Վարդևանյան․ «Իրավունք»

Դատավորները պաշտպանված չեն ԲԴԽ-ի կողմից․  Արամ Վարդևանյան․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է․ «Դատավորները պաշտպանված չեն ԲԴԽ-ի կողմից։ Անդրադառնալով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատարանի օրերս կայացրած որոշմանը, մեզ հետ զրույցում նման մեկնաբանություն տվեց փաստաբանական թիմի անդամ ԱՐԱՄ ՎԱՐԴԵՎԱՆՅԱՆԸ:

-Դատարանի որոշումը չի բխում ՍԴ դատարանի 14/76 որոշման պահանջներից: Այն, ըստ էության, իրենից ենթադրում է առավելապես հղում Վճռաբեկ դատարանի որոշմանը, որը կարծում եմ, բոլորիս համար էլ հասկանալի է: Եթե մի նժարի վրա դնում ենք ՍԴ-ի որոշումը, իսկ մյուս նժարի վրա' Վճռաբեկ դատարանի որոշումը, ապա նախապատվությունը մշտապես տրվում է ՍԴ-ի որոշմանը:

Քանի որ ՍԴ-ի որոշումները, ըստ էության, ենթադրում են սահմանադրական նորմերի մեկնաբանություն:Իսկ Սահմանադրությունը ունի բարձրագույն իրավաբանական ուժ: Հետեւաբար, դատարանի կայացրած որոշումը չի բխում ՍԴ-ի որոշումից եւ չի վերացնում 27-րդ հոդվածի խախտումը: Դրա վերաբերյալ հետագա գործողությունների մասին մեր փաստաբանական թիմը հայտարարություն կտարածի:

-Ինչո՞ւ, ըստ Ձեզ, դատարանը փաստորեն անտեսեց ՍԴ-ի որոշումը:

-Նիստից մեկ օր առաջ տեղի ունեցած հայտնի իրադարձությունը կարծես թե դարձավ ՍԴ-ի որոշումը: Հնչեցին քաղաքական գնահատականներ, այն պարագայում, երբ ՍԴ-ի որոշումները ենթակա են պարտադիր կատարման բոլորի համար' անկախ քաղաքական, իրավական կամ ցանկացած այլ տեսակի ոլորտային գործունեությունից: Եվ դա, իհարկե, մտահոգիչ էր, դա, իհարկե, իրենից ենթադրում էր խիստ աննախադեպ իրավիճակ, որն իր հետեւանքները կարող էր եւ ունենալ եւ չունենալ:

Բայց մենք փաստերով ենք խոսում, փաստը այն է, որ այդ ամենը տեղի ունեցավ նիստից մեկ օր առաջ: Այն պարագայում, երբ, ի վերջո, դատական իշխանությունը այնպես չէ, որ չի հետեւում լրահոսին: Այստեղ ես հետեւյալն եմ գտնում, որ գործընթացները պետք է լինեն իրավական տիրույթում, եւ այն պնդումները, որը մենք ներկայացնում ենք ՍԴ-ի որոշման վերաբերյալ, ակնհայտ են: Այսինքն, այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող:

-Այսինքն' դատարանները շարունակո՞ւմ են գործադիր կոշիկի տակ մնալ:

-Ես գտնում եմ, որ դա իրենից որոշակիորեն քաղաքական հայտարարություն է ենթադրում, ուստի զերծ կմնամ պատասխանից: Ես, որպես փաստ, կարձանագրեմ, որ ցանկացած նման իրավիճակներում, երբ նիստից առաջ քաղաքական հայտարարություններ, գնահատականներ են հնչում, ուղղակիորեն վերաբերվում են դատական իշխանություններին: Այդ ժամանակ դատական իշխանությունը, ելնելով իրեն Սահմանադրությամբ վերապահված լիազորություններից, պետք է պաշտպանված լինի դատական խորհրդում: Բայց Դավիթ Գրիգորյանի դեպքերը ցույց տվեցին, որ դատավորները պաշտպանված չեն ԲԴԽ-ի կողմից: Անգամ ԲԴԽ դատավորներից մեկը այնպիսի հայտարարություններ է իրեն թույլ տվել, որի հիման վրա Դավիթ Գրիգորյանի կողմից զրպարտության հայց է ներկայացվել: Ես կխնդրեմ, որ հենց սրա վրա ուշադրություն դարձնեք. ԲԴԽ անդամը, որն իր երդումով, Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունով կոչված է ապահովվելու դատարանների անկախությունը, խախտում է այդ ամենը: Եվ, ըստ էության, դատավորին դարձնելով զրպարտության թիրախ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ