19 09 2019

Նիկոլ Փաշինյանն ի սկզբանե սխալ ճանապարհով գնաց․ «Հրապարակ»

Նիկոլ Փաշինյանն ի սկզբանե սխալ ճանապարհով գնաց․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Հեղափոխության առաջին իսկ օրերից ասում եմ եւ շարունակում եմ պնդել, որ Նիկոլ Փաշինյանը սխալ ճանապարհով գնաց։ Ո՛չ պատժի ինստիտուտները գործարկելը, ո՛չ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին բռնել-դատելը, անգամ թալանածը հետ բերելը իրականանալի նպատակ չէր կարող լինել, այլ մի կողմից շոու՝ տեսարաններ էին լինելու, մյուս կողմից՝ երկիրը զարգացնելու անկարողությունը թաքցնելու միջոց։

Իրականանալի չէր նաեւ այն պատճառով, որ լիարժեք արդարության հնարավոր չէ հասնել մեր քննիչ-դատավոր-դատախազների միջոցով։ Իրականանալի չէր նաեւ այն պատճառով, որ մարդը սոցիումի մասնիկն է եւ ունի համակրանք-հակակրանքներ, շահեր-ծրագրեր։ Գագիկ Խաչատրյանին բռնելը՝ Սամվել Ալեքսանյանին չբռնելը, Հրայր Թովմասյանին հալածելը՝ Տիգրան Մուկուչյանին ներելը, Հովիկ Աբրահամյանի դեմ քրեական գործ հարուցելը՝ Տիգրան Սարգսյանի հետ կողք-կողքի նկարվելը, Վլադիմիր Գասպարյանի գույքի վրա կալանք դնելը՝ Հունան Պողոսյանին մարզպետ նշանակելը, Վիգեն Սարգսյանին «նախկին» հայտարարելը՝ Դավիթ Տոնոյանին նախարար նշանակելը եւ բազում նման քայլեր խոսում են այն մասին, որ արդարության սկզբունքը հնարավոր չէ պահպանել։

Իսկ երբ արդարության սկզբունքը չի պահպանվում, պետք է առհասարակ ձեռնպահ մնալ այս ճանապարհով գնալուց։ Բացի արդարության սկզբունքից, գրագետ մարդիկ, տնտեսագետները բղավում էին նաեւ այն մասին, որ քրեական գործիքների չարաշահումը բերելու է ներդրումների, կապիտալի փախուստի։ Դու պետք է ընտրես՝ կա՛մ գնում ես վենդետաների ու թալանածը հետ բերելու ճանապարհով, կա՛մ զարգացնում ես տնտեսությունը։ Նիկոլ Փաշինյանն ընտրեց առաջին ճանապարհը, բայց այդ ճանապարհն էլ գլուխ չբերեց․ թալանչիներից ոմանք փախան երկրից, իսկ մյուսների մեղքն ուղղակի ապացուցել չի ստացվում»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ