13 09 2019

Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը վերսկսել ակտիվ գրառումներ անել․ 168.am

Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը վերսկսել ակտիվ գրառումներ անել․ 168.am

168․am-ը գրում է․ «Մինչ իրական կյանքում չի հաջողվում լուծել երկրում կուտակված սոցիալական ու տնտեսական խնդիրները` Նիկոլ Փաշինյանը փորձում է հասարակության ուշադրությունը շեղել իր ֆեյսբուքյան գրառումների ու լայվերի միջոցով` տպավորություն ստեղծելով, թե կառավարությունն աննախադեպ հաջողություններ է արձանագրում։ Խոսում է բյուջեի եկամուտների բարձր կատարողականի, խոշոր հարկատուների վճարած հարկերի կտրուկ ավելացման, պետական պարտքի և գործազրկության կրճատման, անշարժ գույքի գործարքների ակտիվության, տնտեսվարողներին ԱԱՀ գումարները վերադարձնելու, ներդրումների ավելացման, տնտեսության այս կամ այն ոլորտի ձեռքբերումների մասին։

Ու ինչպես միշտ, դա անում է միակողմանիորեն ու իրեն ցանկալի ձևով։

Ասենք` տարվա կեսին վարչապետը կարող է հայտարարել բյուջեի եկամուտների 25 տոկոս աճի մասին՝ համարելով, որ կատարել է նախկինում իր տված խոստումը։ Ոչինչ, որ ժամանակին Նիկոլ Փաշինյանը բոլորովին այլ բան էր ասում բյուջեի եկամուտներն ավելացնելու վերաբերյալ, վեց ամսվա արդյունքներով որևէ հիմք չկա նման եզրակացություն անելու համար։ Բյուջեի եկամուտների կատարման մասին խոսում են ոչ թե վեց ամսվա, այլ տարվա կտրվածքով։

Անցած տարի էլ Նիկոլ Փաշինյանն ու Պետեկամուտների կոմիտեի նախագահը պարբերաբար հայտարարում էին իշխանափոխությունից հետո հարկերի հավաքման ոլորտում գրանցվող աննախադեպ հաջողությունների մասին։ Բայց ի՞նչ եղավ արդյունքում. տարեվերջին պետական բյուջեն թերակատարվեց։ Չհաջողվեց ապահովել նույնիսկ նախկին կոռումպացված իշխանության կողմից պլանավորված մուտքերը։

Հիմա այս տարի է. պաշտոնական տվյալներով, տարվա առաջին կեսին բյուջեի եկամուտներն իսկապես ավելացել են։ Բայց դեռ պետք է սպասել, թե ինչ կմնա այդ աճից տարեվերջին։

Հատկապես որ, բյուջեի մուտքերի ավելացման գործում էական դեր է կատարել մեկ կարևոր հանգամանք, որը որևէ կապ չունի կառավարության լավ կամ վատ աշխատանքի հետ։ Խոսքն ավտոմեքենաների ներմուծման կտրուկ ակտիվացման մասին է։ Մի բան, ինչը կրկնակի, եթե ոչ՝ ավելի շատ, ավելացրել է այս ոլորտի բյուջետային մուտքերը։ Բայց հաջորդ տարվանից այդ գումարներն այլևս չեն լինելու։

Որ պետական բյուջեի մուտքերն ավելացել են, անշուշտ, լավ է։ Սակայն միայն այդ ցուցանիշով չեն դատում բյուջեի կատարողականի վերաբերյալ։

Բյուջեն կազմված է ոչ միայն եկամուտներից, այլև ծախսերից։ Դրանք փոխկապակցված են։ Ու երբ բյուջեի եկամուտներին համապատասխան՝ նաև ծախսերը չեն ավելանում, ոչ միայն լավ չէ, այլև լուրջ խնդիր է տնտեսության համար։ Կառավարությունը տնտեսությունը զրկում է փողի շրջանառությունից։ Հարկերի տեսքով գումարները դուրս են բերվում տնտեսությունից ու չեն վերադառնում։

Բայց վարչապետն այդ մասին գերադասում է չխոսել։ Կարևորը՝ եկամուտներն աճել են։ Այնպես, ինչպես, ասենք՝ խոշոր հարկատուների վճարների դեպքում։ Իսկ թե իրականում ի՞նչ կա թաքնված դրանց տակ, էական չէ։

«Այս տավա առաջին կիսամյակում խոշորների վճարները 14 տոկոսով ավելացել են»,- ֆեյսբուքյան իր էջում գրում է վարչապետը։ Բայց մոռանում է նաև ասել, թե այդ նույն ժամանակահատվածում որքանո՞վ են ավելացել փոքրերի վճարները։ Իսկ տարբերությունը հսկայական է. եթե խոշորների մոտ աճը 14 տոկոս է, ապա փոքրերի մոտ հասնում է 89 տոկոսի, ինչի հետևանքով էապես ավելացել է վերջիններիս մասնակցությունը պետական բյուջեի եկամուտների ձևավորման մեջ։

Հիմա սա լա՞վ է, թե՞ վատ։ Իհա՛րկե վատ է։ Վատ է, որովհետև դա տեղի է ունեցել փոքրերի հարկային բեռի ծանրացման հաշվին։ Անշուշտ, այս ընթացքում ավելացել է նաև տնտեսվարողների թիվը, բայց ոչ այն չափով, որ կարող էր հարկային եկամուտների կառուցվածքում նման կտրուկ տեղաշարժեր առաջացնել։

Ստացվում է, որ հարկային ճնշումը փոքրերի վրա մի քանի անգամ ավելի մեծ է եղել, քան խոշորների դեպքում։ Երբ կառավարությունը մի կողմից՝ արտոնյալ պայմանների վերաբերյալ խոստումներ է տալիս փոքրերին, իսկ մյուս կողմից՝ մեծացնում է հարկային ճնշումը, դա նրանց ոչինչ էլ չի տալու։

Գանք պետական պարտքին. Նիկոլ Փաշինյանը հպարտանում է, որ տարվա առաջին կեսին արտաքին պետական պարտքը շուրջ 77 մլն դոլարով կրճատվել է։ Պարտքի կրճատումը գուցե լավ բան է, բայց պետք է տեսնել, թե դա ինչի հաշվին է եղել։

Արտաքին պարտքի նվազումը ոչ թե՝ արդյունք է, այլ՝ հետևանք։ Այլ կերպ ասած, դա տեղի է ունեցել ոչ թե կառավարության լավ աշխատանքի արդյունքում, այլ վատ աշխատանքի հետևանքով։ Արտաքին միջոցներով նախատեսված ծրագրերը, որոնք կարող էին նպաստել տնտեսական գործընթացների ակտիվացմանը, հետ են մնացել ժամանակացույցերից։ Կառավարությունը չի կարողանում կատարել այդ ծրագրերի շրջանակներում ստանձնած պարտավորությունները։

Մինչ դրսից փողը չի գալիս, ներսի փողը դուրս է գնում` սպասարկելու արտաքին պարտքը։ Իսկ դա վատ է ներքին տնտեսության համար, որն առանց այն էլ տառապում է շրջանառու միջոցների պակասից։

Ի դեպ, պետական պարտքի մասին խոսելիս վարչապետը, բնականաբար, չի հիշում ներքին պարտքի մասին, որն այս տարի ավելացել է 88 մլն դոլարով։

«2019թ. հունվար-հունիս ամիսներին պաշտոնապես գարծազուրկների միջին ամսական թվաքանակը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 6,4 տոկոսով»,- սա Նիկոլ Փաշինյանի հերթական գրառումներից մեկն է։

Կա նման բան, բայց այն ընդհանրապես կապ չունի գործազրկության իրական վիճակի հետ։ Թեև դա չի խանգարում, որպեսզի վարչապետը, ի լուր բոլորի, այդպիսի գրառում կատարի։ Այն դեպքում, որ գործազրկությունը Հայաստանում ոչ միայն չի կրճատվել, այլև ավելացել է։

Իշխանափոխությունից հետո գործազուրկների թիվն աճել է 16 հազարով կամ 6,7 տոկոսով։ Եթե մեկ տարի առաջ հասարակության 20 տոկոսն էր գործազուրկ, ապա իշխանափոխությունից հետո՝ 20,9 տոկոսը։ Գործազրկությունը երկրում 0,9 տոկոսով խորացել է, ինչը շատ վատ է և վարչապետին առիթ չի տալիս հպարտանալ պաշտոնապես գրանցված գործազուրկների թվի կրճատումով։

Նիկոլ Փաշինյանի վերջին գրառումներից մեկն էլ վերաբերում էր անշարժ գույքի շուկայի ակտիվությանը, ինչն անչափ ուրախացրել էր վարչապետին. «2019 թվականի հուլիսին 2018 թվականի հուլիսի համեմատ՝ Հայաստանում անշարժ գույքի գործարքներն աճել են 17.1 տոկոսով»։

Հայտնի բան է, որ անշարժ գույքի շուկայում գործարքների աճը դեռ ոչինչ չի նշանակում։ Հատկապես որ, դա տեղի է ունեցել, առաջին հերթին՝ գրավադրման և վարձակալության հաշվին։

Անշարժ գույքի շուկայի վերաբերյալ պատկերացում կազմելու համար` նախ պետք է տեսնել, թե ի՞նչ է կատարվում առք ու վաճառքի ոլորտում։ Իսկ այստեղ իրավիճակն այնքան էլ ոգևորող չէ։ Ասենք` Երևանի բնակարանային շուկայում գործարքները ոչ միայն չեն ավելացել, այլև կրճատվել են։ Տարվա առաջին կեսին մայրաքաղաքում 5,3 տոկոսով ավելի քիչ բնակարան է վաճառվել, քան անցած տարի։ Հուլիսին Երևանում բնակարանների վաճառքը կրճատվել է գրեթե 15 տոկոսով։

«Քիչ առաջ ավարտեցինք տնտեսական մի աննախադեպ առաջարկի քննարկում»,- օրերս շտապեց լավ լուր հայտնել Նիկոլ Փաշինյանը։

Պարզվեց՝ խոսքն ԱԱՀ գումարների վերադարձման մասին է` «Կառավարությունում քննարկում ենք շուրջ 56 միլիարդ դրամ դեբետային մնացորդը տնտեսվարողներին վերադարձնելու հնարավորությունը»: Ուշադրություն դարձրեք` քննարկվում է հնարավորությունը։ Ու չնայած դեռ պարզ չէ, կա՞, թե՞ չկա նման հնարավորություն, վարչապետն արդեն հայտարարում է այդ մասին։ Զարմանալի չի լինի, եթե վաղը պարզվի, որ կամ չկա նման հնարավորություն, կամ դա պիտի արվի, ասենք` առաջիկա մի քանի  տարիների ընթացքում»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ