11 09 2019

Դատավորը քնելուց առաջ Քոչարյանի գործի մասին է մտածում․ փաստաբան․ «Հրապարակ»

Դատավորը քնելուց առաջ Քոչարյանի գործի մասին է մտածում․ փաստաբան․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով առաջին նիստը տեղի կունենա վաղը Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ։

Կանխատեսվում է, որ նիստը կրկին լարված մթնոլորտում է անցնելու, դրսում էլ Քոչարյանի աջակիցները եւ նրան դեմ արտահայտվողները կրկին հավաքվելու են, ամեն մեկն իր պահանջն է ներկայացնելու։

«Մարտի 1»-ի գործով առանցքային մեղադրյալի պաշտպաններից Ռուբեն Սահակյանը մեզ հետ զրույցում նշեց՝ վաղվա նիստին, որտեղ քննվելու է խափանման միջոցի հարցը, հիմնականում ներկայացնելու են Սահմանադրական դատարանի վերջին որոշումը։

Դատարանից ակնկալիքների մասին էլ ասաց․ «Ականատես ենք եղել, թե ինչպիսի ճնշումներ են գործադրվում եւ ինչպիսի խրախուսանքի միջոցներ են կիրառվում այն դատավորների հանդեպ, ովքեր իշխանահաճո որոշումներ են կայացրել։ Ինչ վերաբերում է Արմեն Դանիելյանին, նա այքան մեծ սխալներ թույլ տվեց, որ նրան խրախուսելը, կոպիտ ասած, կզռար։ Մարդ, որը զրկեց պաշտպանական կողմին խոսքի հնարավորությունից, միայն Արմեն Դանիելյանը կարող էր անել՝ ոչ ադեկվատ մարդը։ Ադեկվատ դատավորը նման բան անել չէր կարող, որոշումն ինքը կարդաց թղթից, առանց դատարանից հեռանալու, արդեն գրած-պատրաստ էր։ Կարող եք ստուգել՝ ինքը կարդո՞ւմ է, թե՞ բանավոր արտասանում է, հետեւաբար, եթե կարդում է, որտեղի՞ց իրեն գրավոր տեքստ։ Ես համոզված եմ, որ դատավորն որոշակի կարծիք կազմել է արդեն, գործն անցած ամսվա 20-ից իր վարույթում է, եւ ո՞նց կարող է մարդը իր կարծիքը չունենալ։ Հաստատ համոզված եմ՝ քնելուց առաջ դրա մասին է մտածում, երազ էլ թե տեսնում է, երազում  ա տեսնում, արթանանում, դրա մասին  ա մտածում։ Ուրեմն ձեւակերպվում են իր մոտ մտքեր եւ ապագա որոշման հնարավոր տեքստ է պատրաստում մտովի»։

Սահակյանը նաեւ նշեց՝ Քոչարյանը նիստին ոչ երկար, բայց նախատեսում է ելույթ ունենալ։

Հիշեցնենք, որ Ռ․ Քոչարյանը «Մարտի 1»-ի գործով մեղադրվում է 2008 թվականին սահմանադրական կարգը տապալելու մեջ։

Հիշեցնենք նաեւ , որ Սահմանադրական դատարանը սեպտեմբերի 4-ին որոշում էր կայացրել. 1. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը սահմանադրականության ուժով հատուկ պաշտպանությամբ օժտված պաշտոնատար անձանց գործառույթներին անձեռնմխելիությունը՝ քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների թվում չնախատեսելու մասով, ճանաչել Սահմանադրության համապատասխան հոդվածներին հակասող և անվավեր: 

2.ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ