«Հրապարակ»-ը գրում է․ «Ինչպես ամբողջ երկրում է խառնաշփոթ իրավիճակ, հայտնի վարորդի թեւավոր դարձած խոսքով՝ «բոլոլա», այնպես էլ իշխանական ճամբարում։ Մեզ թվում էր՝ ՀՀԿ-ական ինտրիգներն ու իրար տակ փորելը նախկինների մենաշնորհն են, եւ դա գալիս է փողի, հարստության, պաշտոնների բաշխման շուրջ անհամաձայնություններից։ Ի՞նչ կարող են միմյանց հետ չկիսել երիտասարդ հեղափոխականները, որոնք իշխանության են եկել երկիրը շենացնելու, թալանի դեմ պայքարելու, կոռուպցիան արմատախիլ անելու եւ համընդհանուր բարեկեցություն ու արդարություն հաստատելու ազնիվ նպատակներով։
Բայց պարզվեց՝ անգամ եթե նոր պաշտոնյաները բյուջեից չեն լափում, հարստություն չեն դիզում եւ երկիրը շենացնելու ազնիվ նպատակներ ունեն, զերծ չեն ո՛չ ինտրիգներից, ո՛չ թայֆաբազությունից, ո՛չ էլ ձեռնպահ են մնում իրար տակ փորելուց։ Ամեն օր իշխանական ճամբարից լուրեր են մեզ հասնում, թե ինչ անհաշտ ճամբարների են բաժանվել երիտասարդ հեղափոխականները, ինչպես են իրար դեմ աշխատում, իրար տակ փորում եւ վատաբանում։ Նախօրեին մենք ներկայացրել էինք, թե ինչ իրավիճակ է ստեղծվել Նոյեմբերյանի ՔՊ-ականների շրջանում՝ երիտասարդ ՔՊ-ականները հալածում են «Ելք»-ի ժամանակներից ՔՊ կին անդամին։ Եվ կոնֆլիկտի կենտրոնում նաեւ բիզնես շահեր կան։ Իսկ երեկ առողջապահության ոլորտում կրքերը սրվեցին, եւ նախարարի ու համակարգի այլ ներկայացուցիչների միջեւ բացահայտ կոնֆլիկտ առաջացավ։ Ուռուցքաբանության կենտրոնի տնօրենին աշխատանքից ազատած նախարարին բժիշկները դիմադրություն ցույց տվեցին՝ դիմումներ գրելով, հայտարարություններ անելով։ Իսկ նա հայտարարեց, որ այդ դիմադրության հետեւում կանգնած է բժշկականի ռեկտորը։ Բայց երբ դու քո առաջ մեկ նպատակ ես դնում՝ կադրային ջարդ անել, պետք է պատրաստ լինես, որ մարդիկ պայքարելու են»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը