168.am-ը գրում է․ «Երբ իշխանափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանի ձևավորած կառավարությունն անթաքույց խրախուսում էր Ամուլսարի հանքի շահագործման դեմ ակցիայի մասնակիցներին, հավանաբար չէր էլ գիտակցում, թե դա հետո ինչ պատուհաս է դառնալու իր համար։ Եվ ինչո՞ւ միայն իր, ամբողջ երկրի համար։
Ամեն ինչ իրար խառնվեց հատկապես բնապահպանական փորձաքննությունն իրականացրած լիբանանյան «Էլարդ» ընկերության ներկայացուցիչների հետ կազմակերպված տեսակապից հետո։ Մինչ Նիկոլ Փաշինյանը փորձում էր դրանով փարատել հասարակության մեջ առկա մտահոգությունները, հակառակը ստացվեց. տեսակապն ավելի խորացրեց կասկածները։ Բայց ոչ այն պատճառով, որ ի հայտ եկան նոր հանգամանքներ։ Այլ այն պատճառով, որ բնապահպանական փորձաքննությունը չի կարողացել տալ շատ հարցերի պատասխանը, որովհետև ներկայացված տվյալները բավարար չեն համարվել դրա համար։
Թվում էր, թե այդտեղ էլ պետք է կանգնեցվեր փորձաքննությունն ու հայտարարվեր, որ ներկայացված տվյալները լիարժեք չեն՝ ամբողջական պատկերը ստանալու համար։ Ի վերջո, ի՞նչ իմաստ ուներ եզրակացություն ներկայացնել մի բանի վերաբերյալ, երբ դրա համար չկան բավարար հիմքեր։
Բայց «Էլարդն» այդպես չի վարվել և գնացել է մինչև վերջ` ներկայացնելով մի եզրակացություն, որն ըստ էության չի տալիս այն հարցերի պատասխանը, որոնք ակնկալում էր ստանալ կառավարությունն ու հասարակությունն այս փորձաքննության արդյունքում։ Պատահական չէ, որ փորձաքննությունից, առավել ևս՝ տեսակապից հետո, հանքի շուրջ ստեղծված անորոշություններն ու կասկածները, որոնք կային նախկինում, շարունակում են մնալ նաև հիմա, նույնիսկ ավելի են խորացել։ Ստացվում է, որ կառավարությունը վճարել է մի բանի համար, ինչի դիմաց չի ստացել այն, ինչ ակնկալում էր ստանալ։ Թե ո՞վ պիտի պատասխան տա նման անփույթ վերաբերմունքի համար, հավանաբար դեռ անդրադարձ կլինի։
Մի քանի հարյուր հազար դոլար անիմաստ ծախսելուց հետո, հիմա կառավարությունը կանգնած է նույն խնդրի առջև։ Բայց այդ իրավիճակն այլևս հեշտ չի լինելու ձգել։
Առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում կառավարությունը պետք է որոշում կայացնի։ Դա կլինի քաղաքական, թե ոչ քաղաքական՝ էական չէ։ Անհրաժեշտ է դուրս գալ այս իրավիճակից։ Այն առանց այդ էլ արդեն լուրջ վնասներ է հասցրել երկրին։
Սեպտեմբերի 4-ին լրանում է Շրջակա միջավայրի նախարարությանը կառավարության տված ժամկետը։ Ինչպես հայտնի է, դեռևս երկու շաբաթ առաջ կառավարության աշխատակազմն «Էլարդի» եզրակացությունն ուղարկեց նախարարություն՝ հանձնարարելով պարզել, թե արդյո՞ք եզրակացության մեջ կան այնպիսի տվյալներ, որոնք Հայաստանի օրենսդրության համաձայն՝ Ամուլսարի հանքի շահագործման համար Շրջակա միջավայրի ազդեցության նոր գնահատում իրականացնելու անհրաժեշտություն են առաջացնում։
Այս եզրակացության հիման վրա էլ, ըստ էության, լինելու է կառավարության կամ գուցե վարչապետի որոշում։ Թեև, ինչպիսին էլ այն լինի, լինելու է ծանր ու խնդրահարույց։ Ցանկացած պարագայում հայտնվելու ենք մի իրավիճակում, որից դուրս գալը շատ դժվար է լինելու։
Այս պահին բոլոր զարգացումները տանում են նրան, որ պետք է նոր ՇՄԱԳ իրականացվի։ Իսկ դա նշանակում է, որ հանքի շահագործման հետ կապված անորոշությունը դեռ կպահպանվի։ Այլ հարց, իհարկե, այդ սցենարին պատրա՞ստ է ներդրողը, թե՞ ոչ։ Այն էլ՝ ավելի քան մեկ տարվա հարկադիր դադարից և կրած վնասներից հետո։ Հիմա ներդրողը վնասների մասին կարծես չի խոսում։ Բայց պարզ է, որ դրանք կան, և որքան երկար է շարունակվում այս պրոցեսը, այնքան վնասներն ավելանում են։
Այդ հարցը, ուզած թե չուզած, մի օր անպայման բարձրանալու է։ Առավել ևս, եթե խնդիրը տեղափոխվեց իրավական հարթություն։ Մարտին ներդրողն արդեն հայտարարել է Հայաստանի կառավարության հետ վեճերի մասին և տեղեկացրել, որ կարող է դիմել միազգային արբիտրաժ։
Սեպտեմբերի 11-ին լրանում է այն ժամկետը, երբ «Լիդիանն» այլևս կարող է օգտվել այդ իրավունքից։ Այն խոսակցությունները, որ վերջինս չունի նման իրավունք, հիմնավոր չեն։
Կգնա՞ այդ քայլին ներդրողը, թե՞ ոչ, ըստ էության կախված է լինելու կառավարության դիրքորոշումից։
Հասկանալի է, որ, եթե որոշվի վերսկսել հանքի շահագործումը, ապա նման խնդիր չի առաջանա։ Բայց որ կառավարությունն այդպես կվարվի, հավանականությունը շատ ցածր է։ «Էլարդի» ներկայացուցիչների հետ հանդիպումով Նիկոլ Փաշինյանը տապալեց հարցն առանց ավելորդ լարվածության և հասարակությանը համոզելու միջոցով լուծելու հնարավորությունը։
Հիմա առավել հավանական տարբերակն այն դարձյալ հետաձգելն է և նոր ՇՄԱԳ անցկացնելը։ Թեև ոչ մի հիմք չկա պնդելու, որ դրանից հետո այլևս դժգոհություններ չեն լինելու։ Դրանք միշտ էլ լինելու են` անկախ նրանից, թե ինչպիսին կլինեն հանքի շահագործման հետ կապված բնապահպանական եզրակացություններն ու հնարավոր ռիսկերը։
Եթե կառավարությունը շարունակելու է նույն անվճռականությունը, ապա նոր փորձաքննության համար որևէ իմաստ չկա։ Դա դառնալու է ժամանակի կորուստ և գումարների անտեղի վատնում։ Այնպես, ինչպես «Էլարդի» դեպքում։ Միևնույն է՝ անհնարին է լինելու փարատել բնապահպանական բոլոր ռիսկերը։ Դրանք միշտ էլ լինելու են, եթե պիտի իրականացվի հանքի շահագործում։
Ինչևէ, թե ո՞ր ուղղությամբ կզարգանան իրադարձությունները, առաջիկայում հավանաբար որոշակի հստակություն կլինի։ Ամեն դեպքում իրավիճակն ամենևին էլ նախանձելի չէ։ Առավել ևս, նախանձելի չի լինի, եթե գործը հասնի միջազգային արբիտրաժ։
Այն, որ դրա արդյունքում կարող է լուրջ ֆինանսական պահանջ ներկայացվել Հայաստանին, կասկած չկա։ Դա կարող է վերաբերել ինչպես՝ մինչև հիմա կատարված ծախսերին, այնպես էլ՝ ծրագրի կասեցման և այս ընթացքում առաջացած վնասների փոխհատուցմանը։ Հնչում են տարբեր թվեր։ Բայց մի բան փաստ է, որ ցանկացած դեպքում խոսքը բավական լուրջ գումարների մասին է, ինչը պետք է վճարի պետությունը։
Պատրա՞ստ է պետությունը ստանձնել այդ ռիսկը։ Այդ հարցի պատասխանը պետք է տա կառավարությունը։ Այնպես, ինչպես պետք է պատասխան տա հանքի շահագործման հնարավոր բնապահպանական հետևանքների համար։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը