168․am-ը գրում է․ «Մուդիզը» բարձրացրել է Հայաստանի տնտեսության վարկանիշը, ու դա չափից դուրս ոգևորել է կառավարության ու Կենտրոնական բանկի պաշտոնյաներին։ Գործադիրի անցած նիստում նրանք իրար հերթ չտալով՝ ներկայացնում էին Հայաստանի վարկանիշի վերանայման առավելությունները։
Այնպիսի տպավորություն է, որ Հայաստանի տնտեսության ապագան կախված էր «Մուդիզի» գնահատականից. եղավ այն, և տնտեսության բոլոր խնդիրներն այլևս լուծվեցին։ Վաղը փողը, առավել ևս՝ արտաքին ներդրումային կապիտալը, գալու է ու լցվի տնտեսության մեջ։
Պարզ է, որ այդպես չէ։ Եթե այդպես լիներ` հիմա Հայաստանի տնտեսությունը վաղուց պիտի բարգավաճած լիներ։ Այն գնահատականը, որը «Մուդիզը» տվել է Հայաստանին, ամենևին էլ աննախադեպ չէ, ինչքան էլ փորձ է արվում այդպես ներկայացնել։ Նման գնահատական եղել է նաև ոչ վաղ անցյալում։ Իսկ որ ավելի կարևոր է, մեր երկիրը իսկապես աննախադեպ բարձր վարկանիշ է ունեցել միայն 2006թ.։
Վարկանիշը` վարկանիշ, բայց դա ընդամենը գնահատական է։ Այնպես չէ, որ բացառապես դրանից է կախված տնտեսության զարգացումն ու ներդրումների ներգրավումը։
2017թ. նույն «Մուդիզը» Հայաստանի վարկանիշը հաստատել էր ավելի ցածր մակարդակում։ Այնուհանդերձ դա չխանգարեց, որպեսզի ներդրումային հոսքերն ավելանան, իսկ տնտեսությունը գրանցի վերջին տարիների համար իսկապես աննախադեպ բարձր` 7,5 տոկոս տնտեսական աճ։
Անշուշտ, լավ է, որ միջազգային վարկանշային ընկերությունը բարելավվում է երկրի տնտեսության ու ֆինանսական համակարգի դիրքերը։ Գուցե այն ինչ-որ դեր ունենում է օտարերկրյա ներդրողների շրջանում որոշակի վերաբերմունք ձևավորելու գործում, բայց դա չէ ներդրումներ կատարելու գլխավոր նախապայմանը, և այնպես չէ, որ որոշումներ կայացնելիս ներդրողներն առաջնորդվում են հենց դրանով։ Առավել ևս Հայաստանի պարագայում, որտեղ ներդրումային ռիսկերը բոլորովին էլ վարկանշով չեն որոշում։ Կան բազմաթիվ այլ կարևոր գործոններ, որոնք շատ ավելի մեծ դեր են ունենում ներդրումների կատարման հարցում, քան թե վարկանշային ընկերությունների տված գնահատականներն են։ Հատկապես որ, դրանք երբեմն, տնտեսականից բացի, նաև քաղաքական են։
Զարմանալի չէ, որ Հայաստանի սուվերեն վարկանիշի վերանայման գործում տեղ են գտել նաև այնպիսի հանգամանքներ, որոնք քիչ կապ ունեն բարելավումների հետ։
Ըստ էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության՝ «վարկանիշների փոփոխության համար, ի թիվս գործակալության կատարած այլ ուսումնասիրությունների, հիմք են ծառայել ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից ներկայացված տեղեկություններն ու փաստերը՝ կապված Հայաստանի ներդրումային միջավայրի, երկրում 2018 թվականից բացված խոշոր հյուրանոցների, գյուղատնտեսության ոլորտում արտադրողականության բարձրացմանն ուղղված՝ նախարարության կողմից իրականացվող պետական աջակցության ծրագրերի, Եվրոպական միության հետ կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրում առկա բարեփոխումների իրականացման ժամանակացույցի և կառավարության կողմից նախատեսվող այլ ծրագրերի հետ»:
Թե անցած և այս տարի ինչքանո՞վ է լավացել Հայաստանի ներդրումային միջավայրը, և որքանո՞վ է պետական աջակցության ծրագրերի արդյունքում բարձրացել գյուղատնտեսություն արտադրողականությունը, ակնհայտ է, անկախ նրանից` ինչ կասի կամ չի ասի «Մուդիզը»։ Դա որևէ նշանակություն չունի։
Միայն այն, որ կարող են հարյուրավոր միլիոն դոլարներ ներդրողին ամիսներ շարունակ թույլ չտալ անգամ մոտ գնալ իր ներդրումներին, բավական է այդ երկրի ներդրումային մթնոլորտի և ներդրումների պաշտպանվածության մասին պատկերացում կազմելու համար։ Ինչքան էլ տասնյակ մուդիզներ փայլուն գնահատեն այդ երկրի վարկանիշը, դրանից ներդրողների վերաբերմունքը չի կարող փոխվել, ու պետք չի զուր հույսեր փայփայել։
Ներդրողներին գրավելու համար ոչ թե պետք է ճառեր ասել, այլ գործով ապացուցել դրանց ճշմարտացիությունը։ Պետական մակարդակով այսօր Հայաստանում ներդրողները տեռորի են ենթարկվում։ Ու այդքանից հետո ուզում ենք, որ մարդիկ փող բերեն Հայաստան ու տնտեսական ծրագրեր իրականացնեն։
Ոչինչ չի ստացվի։ Անգամ միջազգային հեղինակավոր վարկանշային կազմակերպությունը մեզ չի փրկի, որքան էլ կառավարությունը փորձում է աննախադեպ հաջողություն գրանցած լինելու տպավորություն ստեղծել։
«Մուդիզի» գնահատականը, անշուշտ, հուշում է, որ Հայաստանի վարկունակության դրական դինամիկա կա։ Նախորդ տարիներին այս առումով որոշակի ռիսկեր էին առաջացել` կապված պարտքի բեռի ավելացման հետ։ Վերջին շրջանում ցուցանիշների բարելավում կա, թեև դեռ վաղ է դրանով պայմանավորած հեռուն գնացող դատողություններ անել։ Պարտքի աճը դանդաղել է, բայց այնպես չէ, որ դա լավ աշխատանքի արդյունք է։ Կառավարությունը ձախողել է վարկային ծրագրերը։
Ի վերջո, եթե ամեն ինչ այդքան լավ է, ապա ինչո՞ւ է «Մուդիզը» նույնքան զգուշավոր Հայաստանի տնտեսական աճի առումով։ Վերջինիս գնահատումներով՝ տնտեսության թռիչքային աճի սպասումներ, ինչպես ժամանակին հայտարարում էր Նիկոլ Փաշինյանը, չկան։ Առաջիկա տարիներին ընկերությունը Հայաստանում 5,5-6 տոկոս աճ է կանխատեսում։
Սրա մասին, բնականաբար, կառավարությունում չեն խոսում, իսկ վարչապետը խուսափում է թվեր հնչեցնել։
««Մուդիզն» իր հայտարարության մեջ նշել է, որ Հայաստանում իրական ՀՆԱ-ի աճը միջնաժամկետում կմնա բարձր»,- ֆեյսբուքյան իր էջում գրել էր Նիկոլ Փաշինյանը:
Եթե անգամ ընդունենք, որ 5,5-6 տոկոսը բարձր աճ է, ապա այն առնվազն հեռու է թռիչքային կամ երկնիշ լինելուց։
Երկրի վարկանիշի բարձրացումը գուցե որոշակի նշանակություն կունենա եվրոպարտատոմսերի հերթական թողարկման ժամանակ։ Ինչպես հայտնի է, կառավարությունը պատրաստվում է նոր պարտք թողարկել` նախորդը սպասարկելու համար։ Խոսքը շուրջ 500 մլն դոլարի մասին է, որի մարումը Հայաստանը պարտավոր է իրականացնել առաջիկա մեկ տարում։
Նոր պարտքի թողարկման դեպքում վարկանիշը գուցե թույլ տա ավելի էժան միջոցներ ձեռք բերել։ Ամեն դեպքում, դրանք կլինեն ոչ պակաս թանկ փողեր, որքան նախկիններն էին։
Նման անհրաժեշտություն հաստատ չէր առաջանա, եթե վերադարձված լինեին այն թալանված միլիոնները, որոնց մասին հեղափոխության օրերին ու դրանից հետո խոսում էր Նիկոլ Փաշինյանը։ Չէ՞ որ խոսքն ընդամենը 500 մլն դոլարի մարման մասին է»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը