29 08 2019

Անկումնե­րի մասին վարչապետը համառորեն լռում է․ «Փաստ»

Անկումնե­րի մասին վարչապետը համառորեն լռում է․ «Փաստ»

«Փաստ»-ը գրում է․ «Եթե ուզում եք իմանալ Հայաստանի մա­սին միայն լավ նորություններ, ապա արդեն պարտադիր չէ դիտել միայն Հ1: Բավական է այցելել վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջը և կիմանաք, թե ինչպես է անշե­ղորեն զարգանում Հայաստանը, թե ինչպես է մեր երկրում ամեն ինչ միայն աճում և աճում: Փաշինյանը պարբերաբար միայն լավ նորություններ է հաղորդում, ընդ որում՝ տնտեսությունից արդեն անցում է կատարել արվեստի և մշակույթի ոլորտին: Օրերս նա հայտնել է, որ 2019 թվականի առաջին կի­սամյակում նախորդ տարվա նույն ժամանա­կամիջոցի համեմատ Հայաստանի թանգա­րանների այցելիությունն աճել է շուրջ 31 տո­կոսով: Բայց դեռ մի շտապեք զարմանալ, Փաշինյանը դեռ շատ է զարմացնելու: Ան­ցավ երկու օր, և նա գրեց, որ 2019 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի թատ­րոնների (թատերական կազմակերպություն­ների) հաճախելիությունը աճել է 41 տոկո­սով:

Ինչ խոսք, հրաշալի է: Շատ լավ է, որ մեր երկրում ավելանում է հետաքրքրությունը արվեստի և մշակույթի նկատմամբ: Պարզա­պես ի՞նչ կապ ունի այդ ամենի հետ Փաշինյանն ու իր կառավարությունը: Երբ երկրի ղեկավարը նման աճի ցուցանիշներ է հրապարակում, փաստացի դա վերագրելով իր գործունեությանը, ապա պետք է նաև բա­ցատրի, թե որտեղ է այդ աճի տրամաբանա­կան կապը իր կառավարության գործունեու­թյան հետ: Միթե կառավարությունն ավելացրել է արվեստի և մշակույթի ուղղությամբ պետական աջակցությունը, ֆինանսավորու­մը: Կամ գուցե այլ ոչ ֆինանսական միջոց­ներով է խթանում այդ ամենը: Սրանք կոնկ­րետ հարցեր են, բայց դառնում են հռետո­րական, քանի որ դժվար է իսկապես գտնել այդ տրամաբանական կապը, որովհետև այն պարզապես չկա:

Համեմատականներ են անցկացվում այն­պիսի ժամանակաշրջանի հետ, որ, իհարկե, համեմատությունը պետք է այս տարվա օգ­տին լիներ: Անցած տարվա առաջին կիսամյակում երկիրը հասարակական-քաղաքական ցնցումների մեջ էր, մայրաքաղաք Երև­անը, որտեղ հենց կենտրոնացած է թանգա­րանների ու թատրոնների մեծ մասը, պար­զապես կաթվածահար վիճակում էր: Բնա­կանաբար այդ իրավիճակում շատ քչերին կարող էր հետաքրքրել թատրոն կամ թանգարան այցելելը: Տեղի էր ունենում ավելի մեծ ներկայացում: Ըստ այդմ, տարակուսելի է, թե ինչու է վարչապետ Փաշինյանը, չբա­ցելով այդ աճի իրական բովանդակությունը, փորձում ամեն գնով հանրությանը ցույց տալ, որ երկիրն աճում է բոլոր ոլորտներում, և դա իր օրոք է տեղի ունենում: Իսկ համեմատու­թյունն էլ միայն ու միայն անցած տարվա առաջին կիսամյակի հետ է:

Տպավորություն է, որ վարչապետը կոնկ­րետ հրահանգ է տվել իր ենթականերին ամենօրյա ռեժիմով զեկուցել միայն լավ տվյալներ, գտնել, հայտնաբերելու ստեղծել լավ նորություններ, ամեն գնով, ցանկացած ոլորտում: Դժվար չէ նկատել, որ դա վերած­վել է մի տենդի: Վիճակագրական ծառայու­թյուններն այդքան հաճախականությամբ թվեր չեն հրապարակում, որքան Փաշինյա­նը: Գուցե պատճառն այն է, որ վիճվարչությանը ոչ ոք չի հավատում, իսկ Փաշինյանին շատերն են դեռ հավատում: Դա գիտակցե­լով՝ վարչապետը անձամբ է ցանկանում այդ թվերը ներկայացնել՝ առանց բացատրելու, թե ինչպես են այդ թվերը առաջանում և ինչ են նշանակում: Բավարար է սոսկ այն, որ կա աճ ինչ-որ մի ոլորտում: Իսկ ահա անկումնե­րի մասին վարչապետը համառորեն լռում է: Պարզվում է, որ 2019 թ. առաջին կիսա­մյակում տնտեսական ակտիվության ցուցա­նիշը նվազել է: Այդ մասին չնշելով՝ վարչա­պետը մի քանի ոլորտի աճի մասին է կրկին գրել: Նա գրել է, որ մշակող արդյունաբերու­թյունն աճել է 8,7 տոկոսով, կացության և հանրային սննդի կազմակերպման ոլորտը աճել է 33,8%-ով, օդային տրանսպորտով ուղևորափոխադրումները՝ 28,2%-ով, առևտ­րի շրջանառությունը՝ 8,9%-ով: Բայց, չգիտես ինչու, չի նշել, որ մոտ 8 տոկոսով անկում է ապրել գյուղատնտեսությունը, որը մեր երկ­րի ՀՆԱ-ում զգալի տեղ է զբաղեցնում: Նա լռում է, որ եթե հանում ենք ՀՆԱ-ից խաղադրույքների և ավտոմեքենաների ներմուծումը, որի ծավալները 2020 թ. կտրուկ կնվազեն ԵԱՏՄ-ի նորմերի պատճառով, ապա ՀՆԱ-ի աճը տատանվում է ընդամենը 3-4 տոկոսի սահ­մաններում»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ» թերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ