24 08 2019

Ամուլսարի հարցը չի կարելի լուծել ֆեյսբուքյան «լայվով». 168.am

Ամուլսարի հարցը չի կարելի լուծել ֆեյսբուքյան «լայվով». 168.am

168․am-ը գրում է․ «Վերջին մեկ ամսվա ընթացքում ՀՀ գիտակից հանրության ողջ ուշադրությունը սևեռված է Ամուլսարի հանքի ուղղությամբ, որտեղ բուռն զարգացումների պակաս, միանշանակ, չունենք․ դեպքերը զարգանում են երկրաչափական պրոգրեսիայի արագությամբ։ Ոչ ոք, ոչ մի երկրում և երբեք չի պնդել և չի կարող պնդել, որ չկան խնդիրներ, կամ չեն եղել և չկան սխալներ, բայց նույնիսկ շատ դանդաղ աճող տնտեսությամբ, ներքին և արտաքին խաղաղություն գրանցող երկրում երբեք չեն կարող լինել այնչափ և այնպիսի առասպելական տեսակների և մասշտաբների բացթողումներ ու ճակատագրական սխալներ, ինչպես որ տարիներ շարունակ ներկայացվել ու ամրապնդել են սովորական անտեղյակ մարդկանց, այսինքն` շարքային քաղաքացու գիտակցության մեջ:

Դրա համար լիովին բավարար է բազմության գիտակցության մեջ սերմանել և ամրապնդել այնպիսի կարծիք, հոգեբանություն ու մտածելակերպ, ըստ որի` ինչ-որ մեկը, կամ մարդկանց մի խումբ տևական ժամանակաշրջան ուղղորդել է, խաբել, թալանել, պատվազրկել, աղքատացրել և ստրկացրել նրանց, իսկ իրենք լուռ ու խոնարհ ենթարկվել են, և ամենակարևորը` չեն պայքարել, որովհետև ոչ մի հնարավորություն չեն ունեցել (սա նույնպես պիտի հիմնավորվի, մատուցվի և ամրապնդվի որպես այդ, այսպես ասած՝ «տուժած» զանգվածից յուրաքանչյուրի համար` օբյեկտիվ արդարացում) դիմակայելու այդ ամենին և արժանապատվորեն պաշտպանելու իրենց իրավունքները:

Այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանի «գութը» շարժվել է, և ուղղաթիռային հերթական այցի շրջանակներում նա ժամանել էր Ջերմուկ՝ տեղացիների հետ հանքի շահագործման խնդիրը պարզաբանելու և հենց տեղում խնդրին ծանոթանալու, ինչու ոչ, սեփական «մոտեցումները» բնակիչներին ներկայացնելու համար։

Այն հանգամանքը, որ Փաշինյանն անձամբ է մեկնել Ջերմուկ, արդեն իր մեջ ինտրիգ է պարունակում, քանի որ սա հերթական քաղաքական «թատերականացված ներկայացումն» էր, որին բոլորս ականատես եղանք։

Նախ նման քայլով նա ժողովրդի մոտ փորձեց ներկայանալ, որ «ես ձեզնից մեկն եմ» և «ոչ մի կերպ ձեր դեմ դուրս չեմ գա»: Այսինքն՝ նմանօրինակ ժեստով նա փորձում է Ամուլսարի թնջուկը լուծել իր սեփական անձի շուրջ ունեցած ժողովրդական երբեմնի «միլիոնանոց» աջակցության հաշվին (ի դեպ, փաստենք, որ Փաշինյանի վարկանիշն ընկնում է բավականին արագ տեմպերով, և դա ակնհայտ նկատելի է նաև նրա ֆեյսբուքյան ուղիղ միացումների՝ «լայվերի» դիտումների, մեկնաբանությունների և «լայքերի» նվազումից)։ Մյուս կարևոր դետալը, որը երևաց փաշինյանական «վիզիտից», այն էր, որ նա բավականին լարված էր և իր խոսքում կար ակնհայտ կաշկանդվածություն։ Եթե փորձենք վերբալ իմիջի դիրքերից նայել նրա ժեստիկուլյացիային, ապա նկատելի էր, որ նա ձեռքով անընդհատ խաղում էր մորուքի հետ, ձեռքերը պահում էր խաչաձև, ինչը պաշտպանողական կեցվածքի բնութագիրն է և խոսում է այն մասին, որ մարդն իր խոսակցության ժամանակ «բաց» չէ այդ զրույցին, և ինչ-ինչ թեմաներ իր համար հաճելի չեն։

Ջերմուկյան այցով Նիկոլ Փաշինյանը տեղացիներին փորձում էր հավատացնել, որ «Ամուլսարի շահագործումն այդքան էլ վատ չի, ժողովուրդ ջան», մարդկանց տները մտնելով, և ինչ-որ հյուրասիրության միջոցով, նա փորձում էր մեղմել իր և ողջ կառավարության հանդեպ կուտակված բնակչության զայրույթը: Սա բացի դասական մանիպուլյացիայից ուրիշ կերպ կոչել հնարավոր չէ։

Այսինքն, Փաշինյանն իր ամպլուայի մեջ էր՝ բնակչությանն իրականությունից հերթական անգամ շեղելու հստակ ծրագրով։

Այցի ընթացքում մի «կուրյոզ» իրավիճակի ականատես ևս եղանք, երբ «առաջնագծում» Փաշինյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանն էր։ Կարապետյանը, ի պատասխան բնակչության դժգոհություններին, թե հանքի շահագործման հարցով Ջերմուկում երբևէ հանրային լսումներ չեն եղել, նա դարձյալ հիշեց նախկին «հանցավոր և քրեաօլիգարխիկ ռեժիմին» և դարձյալ ամեն ինչում մեղավոր հանեց հենց նրանց։ Սա, ինչպես գիտենք, փորձված մանիպուլյատիվ հնարք է, երբ հանրության աչքին փորձում են օրը ցերեկով «թոզ ու մոխիր» փչել և փրկել սեփական կաշին։ Այստեղ հիշեցնենք, որ Կարապետյանը Ռոբերտ Քոչարյանի կառավարման ժամանակահատվածում եղել է ՀՀ Արտգործնախարար Վարդան Օսկանյանի մամլո խոսնակը:

Ինչևէ, Կարապետյանը, ով իր ողջ «քաղաքական» կարիերայի համար պարտական է Լևոն Տեր-Պետրոսյանին և սեփական նախաձեռնությամբ որևէ քայլ կատարած չկա, պարզ է, որ այս ժեստով փորձում է տանել «ՀԱԿ-ի գիծը» և իր քաղաքական թիմի գոյության մասին ևս մեկ անգամ հիշեցնել։ Իսկ թե ինչ ռեժիմի ներկայացուցիչ է հենց ինքը, հավանաբար խոսնակը մոռացել է, թե ինչ կարգեր էին տիրում ՀՀ ներքին կյանքում մինչև 1998 թվականը, ինչ բանդաներ էին շրջում ՀՀ տարածքով և ինչպես էր «բեսպրեդելը» կարգավորում բոլոր կարևոր հարցերը։

Իրականում այսօր վստահաբար կարելի է փաստել, որ Ամուլսարի հանքի շահագործել-չշահագործելու հարցում տեսակետների պակաս իսկապես չկա: Այլ հարց է, թե որն է այս իրավիճակից ելքը: Նախորդ իշխանությունների օրոք Ամուլսարի շահագործման համար միջազգային կազմակերպությունների կողմից տրված փորձագիտական դրական եզրակացությունները, փաստորեն, գրեթե նույնությամբ Փաշինյանի կառավարության կողմից բյուջեի սուղ միջոցներից մոտ 400.000 դոլար հատկացված փորձագիտական ընկերությունը կրկնեց:

Ինչո՞ւմն է խնդիրը: Ստացվեց, որ նախկինները ոչ միայն չէին ստում այդ հարցում, այլև որոշումը կայացնելիս հիմնվել են մասնագիտական-փորձագիտական լուրջ վերլուծությունների վրա: Այդ խնդիրն արդեն մեկ տարուց ավելի է, ինչ իշխանությունները շահարկում են և այն էլ՝ իրենց ամբոխավար էությանը համահունչ: Այսօր, սակայն, նրանք փաստացի կանգնել են իրականությանը դեմ-հանդիման և չեն կարողանում ռացիոնալ և իրատեսական որոշում կայացնել: Ստեղծված իրավիճակում կարող ենք արձանագրել, որ հանքի շահագործման հարցը մեր անկախությանը և ինքնիշխանությանն առնչվող հարց է, որը չի կարելի լուծել ֆեյսբուքյան «լայվով» կամ, ասենք, բնապահպաններին ու ջերմուկցիներին ասֆալտին փռելով: Պետք է պարզապես որոշում կայացնել, ոչ միայն տնտեսական և բնապահպանական տեսանկյունից, այլև քաղաքական: Նաև խոստովանելով, որ մոտ մեկ ու կես տարի անիմաստ վնաս է պատճառվել երկրի տնտեսությանը, երկրի հեղինակությանը և որ նախկինների նկատմամբ այս հարցում ցեխ շպրտելը լրիվ դատարկաբանություն էր:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ