22 08 2019

Իսկ ո՞ւր են մյուս հայտնի խոշոր հարկատուները․ 168․am

Իսկ ո՞ւր են մյուս հայտնի խոշոր հարկատուները․ 168․am

168.am-ը գրում է․ «Վերջին 10 օրում Նիկոլ Փաշինյանը երկրորդ գրառումն է անում խոշոր հարկատուների կողմից պետական բյուջե կատարած վճարումների վերաբերյալ։

«1000 խոշոր հարկատուներն այս տարվա առաջին կեսին պետական բյուջե են վճարել 511 մլրդ դրամի հարկ։ Անցած տարվա համեմատ խոշորների վճարներն ավելացել են գրեթե 65 մլրդ դրամով։ Աճը հասնում է 14 տոկոսի»,- այս մասին Նիկոլ Փաշինյանը գրել էր դեռևս շուրջ մեկ շաբաթ առաջ։

Բայց դա կարծես վարչապետին քիչ է թվացել։ Ու նա որոշել է հերթական գրառումն անել` այս անգամ հնչեցնելով նաև որոշ «հայտնիների» անուններ։

«1000 խոշոր հարկատուների ցանկի վերին հորիզոնականներում տեղ զբաղեցրած, հանրային որոշակի հետաքրքրություն ներկայացնող ընկերությունների մեծ մասը 2019թ. առաջին կիսամյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, զգալիորեն ավելացրել է պետական բյուջե վճարված հարկերի ընդհանուր մեծությունը:

Մասնավորապես, «Ֆլեշ» ընկերությունը 2019-ի առաջին կիսամյակում, նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատությամբ, վճարել է 2,8 մլրդ դրամով կամ 58 տոկոսով ավելի հարկ, «Յուքոմ» ընկերությունը վճարած հարկերի ծավալը գերազանցել է 1 մլրդ դրամով կամ 26 տոկոսով, «Նատալի Ֆարմ» ընկերությունը` 0,7 մլրդ դրամով կամ 37 տոկոսով, «Սպայկա» ընկերությունը` 1,4 մլրդ դրամով կամ 117 տոկոսով, «Սաս-Գրուպ» ընկերությունը` 0,9 մլրդ դրամով կամ 82 տոկոսով, «Մաքս Պետրոլ» ընկերությունը` 2,2 մլրդ դրամով կամ 122 տոկոսով, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը»` 4,9 մլրդ դրամով կամ 20 տոկոսով, «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը` 2,1 մլրդ դրամով կամ 10 տոկոսով, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը` 1,3 մլրդ դրամով կամ 20 տոկոսով»,- գրել է վարչապետը` մեկ անգամ ևս հիշեցնելով, որ «այս տարվա առաջին կիսամյակում հազար խոշոր հարկ վճարող ընկերությունները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջե են վճարել 14,3 տոկոսով կամ 64 միլիարդ դրամով ավելի գումար»։

Զարմանալի է, որ մեջբերված ցանկում Նիկոլ Փաշինյանը չի ներառել Հայաստանում երբևէ ամենաշատ հանրային հետաքրքրությունը ներկայացնող գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող բազմաթիվ ընկերությունները։ Թե՞ դրանք այլևս հանրային հետաքրքրություն չեն ներկայացնում, քանի որ բարեհաջող տեղավորվել են իշխանության կողքին։

Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի ասում հայտնի «Ալեքս Հոլդինգի» վճարված հարկերի մասին, որոնք նախորդ տարվա համեմատ կտրուկ պակասել են` 7,6 մլրդ դրամի փոխարեն՝ կազմելով ընդամենը 1,7 միլիարդ։

Ասվածը գուցե շատերին հավաստի չթվա, բայց այդպես է, և դրանում կարելի է համոզվել՝ դիտարկելով խոշորների այս և անցած տարվա առաջին կիսամյակների ցանկերը։ Այլ հարց է, որ Սամվել Ալեքսանյանը սկսել է աշխատել նաև այլ ընկերությունների անվան տակ։ Ու այդ ընկերություններից մեկը գործելով ընդամենը մեկ տարի` հանկարծ 3,3 մլրդ դրամի հարկ է վճարում, և ոչ մի դրամ՝ շահութահարկի գծով։ Մեկ ուրիշն էլ վճարում է 3,7 մլրդ դրամի հարկ, և դարձյալ՝ ոչ մի դրամ շահութահարկ։

Ի՞նչ է, սա հանրային հետաքրքություն չի՞ ներկայացնում։ Բա հանրությունը չիմանա՞, թե հայտնի գործարարը սնանկանո՞ւմ է, թե՞ կան այլ պատճառներ, որ շահութահարկի զրո վճարում է կատարվել։

Երբ վարչապետը խոսում է վառելանյութի շուկայի մասնակիցների մասին, լավ կլինի, որ բոլորին անդրադառնա։ Թե չէ ստացվում է այնպես, որ հատուկ աչքաթող է անում նրանցից մեկին`«ՍիՓիԷս Օիլ Քորփորեյշնին»։ Մինչդեռ այն միշտ էլ վառելանյութի շուկայի առաջատարներից է եղել, եթե ոչ՝ առաջատարը։ Եթե իշխանափոխությունից հետո այն սկսել է գործել նաև այլ ընկերության անվան տակ` դա դեռ չի նշանակում, թե վերջինիս դերը կամ մասնակցությունը նվազել է։

Որքան «Ֆլեշի» նկատմամբ է հասարակական հետաքրքրությունը մեծ, այնքան էլ շուկայի մյուս մասնակիցների։ Այնպես որ, ճիշտ կլինի արձանագրել նաև, որ նախորդ տարվա ավելի քան 8,1 մլրդ դրամի փոխարեն՝ «ՍիՓիԷս Օիլ Քորփորեյշնն» այս տարի վճարել է 4 մլրդ դրամ։ Այսինքն` կրկնակի պակաս։

Հետո՞ ինչ, որ հայտնվել է ինչ-որ «ՍիՓիԷս Օիլ», որը 5,1 մլրդ դրամի պարտավորություն է կատարել։

Կամ ո՞ւր է վառելանյութի շուկայից անհայտացել «Ռոսնեֆտ Էքսպոն», որն անցած տարվա առաջին կեսին վճարել էր ավելի քան 1,4 մլրդ դրամ։ Գուցե շուկայի մասնակիցներից մեկը կլանե՞լ է այդ ընկերությանը։

Ի՞նչ մի հպարտանալու բան կա նրանում, որ  «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» վճարներն ավելացել են 4,9 մլրդ դրամով կամ 20 տոկոսով։ Բա ի՞նչ ասել, որ անցած տարվա առաջին կեսին նույն ընկերության վճարներն ավելացել էին շուրջ 15 միլիարդով, իսկ աճը հասնում էր 153 տոկոսի։ Դա ո՛չ կառավարության, և ո՛չ էլ  Պետեկամուտների կոմիտեի շնորհքն է։

Ընկերության վճարած հարկերն ուղղակիորեն կապված են ընդերքի արդյունահանման ծավալների կամ միջազգային շուկայում հանքահումքային ապրանքների գների բարձրացման հետ։ Այս տարի գները բարձրացան, հաջորդ տարի կարող են իջնել, դա դեռ ոչինչ չի նշանակում։

Երբ վարչապետը խոսում է «Յուքոմ» ընկերության հարկային վճարների ավելացման մասին, լավ կանի անդրադառնա նաև հեռահաղորդակցության ոլորտի մյուս ընկերություններին։ Թե՞ այս դեպքում ասելիք չկա, որովհետև ոչ միայն պարտավորությունների աճ չկա, այլև դրանք բավականաչափ կտրուկ նվազել են։

«Վեոն Արմենիան» նախորդ տարվա համեմատ ավելի քան 19 տոկոսով կամ 747 մլն դրամով քիչ է վճարել։ Սրան դեռ ինչ-որ կերպ կարելի է համակերպվել, բայց ի՞նչ ասել «ՄՏՍ Հայաստանի» պարագայում, որի վճարներն այս տարի 2,4 անգամով կամ 3,3 մլրդ դրամով կրճատվել են։

Իսկ որ շուկայի երկու հայտնի ընկերությունների վճարած հարկերը նվազել են, իսկ մյուսինը` ավելացել, մտահոգվելու տեղիք է տալիս։ Դա նշանակում է, որ վերջինս ամրապնդում և ընդլայնում է իր դիրքերը` ի հաշիվ մյուսների։ Թե ո՞րն է «Յուքոմի» հաջողության գաղտնիքը, գուցե այլ տեղ պետք է փնտրել։

Տարօրինակ ոչինչ չկա, որ «Գազպրոմ Արմենիայի» վճարած հարկերն այս տարի ավելացել են։ Սահմանին գազը 10 տոկոսով թանկացել է։ Դա նշանակում է, որ նույնքանով ավելացել է ներմուծվող գազի ավելացված արժեքի հարկը։ Անցած տարվա առաջին կիսամյակում ԱԱՀ-ն 16,9 մլրդ դրամ էր եղել, այս տարի` 19,2 միլիարդ։ Քանի որ ներմուծման գինը բարձրացել է, ներկրման ծավալների պահպանման պարագայում հարկային վճարները, ուզած թե չուզած, պիտի ավելանային։ Սրանում ի՞նչ մի արտառոց բան կա։

Եթե վարչապետն այդքան հետևողական էր, ապա լավ կաներ անդրադառնար նաև «Գազպրոմ Արմենիայի» «Տրանսգազ» ընկերության վճարած հարկերին, որոնք նվազել են։ Թե՞ սա հասարակական հետաքրքրությունների տիրույթում չէ»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ