168.am-ը գրում է․ «Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) երիտասարդներով նորացված կազմը մեծ էնտուզիազմով մտել է առևտրային ցանցերի ոլորտ, և ինչպես ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանն է ասել հարցազրույցներիցմեկում, տուգանքներից չխորշելու համարձակ ինքնավստահությամբ ուսումնասիրում է շուկան:
Եվ ուշագրավ է այն, որ ՏՄՊՊՀ-ի ներկայիս կազմը թողել է ավանդաբար մտահոգիչ համարվող շաքարավազի և բանանի շուկան, փոխարենը՝ գազի, բենզինի, կարագի շուկաներին զուգահեռաբար՝ նշանառության տակ է առել կոնյակի շուկան:
Ինչ խոսք, զարմանալի է, որ վարչապետ Փաշինյանին տարիներ շարունակ խիստ մտահոգող բանանի թեման Գեղամ Գևորգյանն այսօր շրջանցել է՝ ինչ-ինչ հանգամանքից ելնելով, կամ չի կարևորում այնքան, որքան այն հուզում է բիզնես ոլորտի վերահսկողությունն իրեն հանձնած վարչապետ Փաշինյանին ու հանրության լայն շերտերին:
Ի վերջո, հասկանալի էլ չէ, ինչո՞ւ է կոնյակի շուկան ընտրվել՝ ստորադասելով վարչապետի համար այդչափ կարևոր բանանը, շաքարավազը և մնացած բոլոր առաջին անհրաժեշտությայն պարենային մթերքները (ալյուր, ձեթ, հավի միս), մանավանդ, որ կոնյակը լայն սպառման ապրանքներից չէ շուկայում և աղքատության այսպիսի բարձր ցուցանիշ ունեցող երկրում սպառողական զամբյուղի ապրանք չի համարվում:
Կամ ինչո՞վ է պակաս կարևոր բանանի շուկան, որ չի ուսումնասիրվում. արդյոք դա չի՞ նշանակում, որ բանանն անտեսվել է, քանի որ այստեղ խաղի կանոններն արդեն պայմանավորված ընթացակարգով են ընթանում խոշոր ներկրողի հետ՝ ի դեմս հեղափոխությունից հետո օլիգարխից գործարար դարձած Սամվել Ալեքսանյանի, հետևաբար՝ ՏՄՊՊՀ-ն այստեղ այլևս անելիք չունի:
Նկատենք մի կարևոր հանգամանք ևս. կոնյակի շուկան, համենայն դեպս՝ բանանի օրինակով, ակնհայտորեն կենտրոնացված չէ, և այստեղ կա կատաղի մրցակցություն, հիերարխիայի հստակ կանոններ:
Փորձեցինք կարճ էքսուրս անել կոնյակի ոլորտի հետ նախկին գյուղնախարար և ներկայիս ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանի առկա կապերում, և բավական ուշագրավ փաստեր ի հայտ եկան, որոնք միգուցե էմոցիոնալ կապով անարդարացիորեն «հիմնավորում են» կոնյակի գործարանի հետ բազմաթիվ թելերով կապվող Գեղամ Գևորգյանի «մտահոգությունները»:
Ինչ խոսք, չի բացառվում, որ խնդիրը կարող է կոնյակի սպիրտը լինել, ինչպես հայտնի է՝ այն ավելի շատ ներկրվում է, քան արտադրվում է տեղում՝ որպես հումք՝ հատուկ խաղողից ստացված կոնյակի սպիրտ: Սակայն ոլորտի դերակատարները մեզ հետ զրույցում վստահաբար պնդում են անձնական գործոնը՝ ընդգծելով, որ Գեղամ Գևորգյանի նախաձեռնության տակ խիստ հովանավորի շահագրգռությունը պետք է տեսնել:
Բանն այն է, որ Գեղամ Գևորգյանն իրականում Պետական սոցիալական ապահովության հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն Ֆրունզ Մուշեղյանի փեսան է, ում պետական համակարգի հին ու նոր չինովնիկները գիտեն «Սոցապ ֆոնդի Ֆրունզ» կամ «Կոնյակի Ֆրունզ» մականվամբ, և հենց այդ կապով էլ, ըստ ԶԼՄ հրապարակումների, փեսա Գեղամը հայտնվել է գործադիրի կազմում: ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում առաջին քայլերն անելուց հետո Գեղամ Գևորգյանը Կարեն Կարապետյանի վարչապետության օրոք միանգամից թռիչքաձև վերելքներ արձանագրեց կարիերայում:
Դարձավ Գյուղատնտեսության նախարարության ԾԻԳ-ի տնօրեն, երբ իր հարսանիքի քավոր Իգնատի Առաքելյանը «Պեռնո Ռիկար» խմբի Երևանի կոնյակի գործարանի տնօրենի պաշտոնից Կարեն Կարապետյանի որոշմամբ տեղափոխվեց Գյուղատնտեսության նախարարի պաշտոնին, իսկ Փաշինյանի «թավշյա հեղափոխությունից» հետո նույն նախարարական պորտֆելը համերաշխության մթնոլորտում անցավ Գեղամ Գևորգյանին:
Շատերն են խոսում մինչ օրս քավոր Իգնատի Առաքելյանի հովանավորչության մասին, ասում են՝ Գեղամ Գևորգյանն առաջինը նրան է պարտական, հետո նոր միայն՝ աներոջը: Թերևս, նաև այն պատճառով, որ մինչ օրս «Պեռնո Ռիկարում» իրավաբանը հենց իր կինն է և ամուր դիրքեր ունի կոնյակի գործարանում:
Իսկ թե որքանով են այս խիստ անձնական կապերն ու էմոցիոնալ հարաբերությունները ներազդել ՏՄՊՊՀ նախագահի պետականամետ քաղաքականության և շուկայի ուսումնասիրությունների սցենարների վրա, թերևս, հասկանալի կդառնա, երբ այդ ուսումնասիրություններն իրականում պտուղ տան, և դա բխի իսկապես բոլոր տնտեսվարողների շահերից:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը