168.am-ը գրում է․ «ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը 690 հազար դրամով գնել է 10 հատ գրասենյակային բազկաթոռներ: Այսինքն՝ մեկ բազկաթոռի համար ՏՄՊՊՀ-ն վճարել է 69 հազար դրամ:
Կառավարության կայքի մեկ անձից կատարվող գնումների բաժնից տեղեկանում ենք, որ բազկաթոռները պաստառապատված են սև կաշվով կամ բարձրակարգ համարժեք փոխարինողով, առնվազն 5 անիվների վրա՝ միմյանց կապակցված երկաթյա խաչուկով, պտտվող, թիկնակը՝ փափուկ, ուռուցիկ, առնվազն 5-10 սմ հաստության սպունգով, թիկնակի բարձրությունն առնվազն 65-70 սմ, կողային հենակները մետաղական կամ պլաստմասսե, ոտքերը ամուր երկաթյա, պտտվող անիվներով, նստատեղերը բարձրացնելու և իջեցնելու հնարավորություններով:
Մատակարարը «Ատլանտ Էքստրա» ՍՊ ընկերություն է: Պետռեգիստրում այն գրանցվել է 2015 թ., հիմնադիրը Նիկոլայ Այդինյանն է:
Խնդիրն այն չէ, թե այս գինը բարձր է կամ ցածր նման որակի բազկաթոռի համար: Խնդիրն այն է, թե ինչո՞ւ է ՏՄՊՊՀ-ն շտապել բազկաթոռները գնել առանց մրցույթ հայտարարելու, երբ ինքն է պատասխանատու Հայաստանում մրցակցության համար: Իսկ մեր երկրում կահույքի շուկայում ընտրությունը բավականին մեծ է»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը