«Ժամանակ»-ը գրում է․«Օրերս կառավարության ենթակայությամբ գործող Սննդամթերքի անվտանգության տեսչությունը հաղորդագրություն է տարածել, հիշեցնելով հանրապետության բնակչությանը, որ 2019 թ. օգոստոսի 1-ից հանրային սննդի կետերի, իսկ 2020 թ. հունվարի 15-ից սննդի շղթայի բոլոր օպերատորների համար պարտադիր է լինելու թարմ մսի սպանդանոցային ծագման պահանջը: Հետևաբար հունվարի 15-ից սպառման մյուս բոլոր օղակների համար մորթն իրականացվելու է բացառապես սպանդանոցներում:
Նման մոտեցումը ողջունելի է, քանի որ հանրապետությունում մսամթերքի անվտանգության ապահովման հիմնախնդիրը պարենային անվտանգության կարևորագույն բաղադրիչներից է: Այդ իսկ պատճառով սպանդանոցների հարցին կառավարության մակարդակով անդրադարձել են դեռևս 2006թ.՝ ընդունելով որոշում գյուղատնտեսական կենդանիների սպանդի կարգի մասին: Բայց դրանով ամեն ինչ վերջացավ, մինչև 2015թ., երբ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ-FAO), ելնելով մեր երկրում կենդանիների վարակիչ հիվանդությունների տարածումը կանխարգելելու, մսի և մսամթերքի անվտանգությունն ապահովելու անհրաժեշտությունից, Հունաստանի կառավարության օժանդակությամբ 622 հազար դոլարի ներդրում կատարեց՝ ֆինանսավորելով 5 մասնավոր ընկերությունների սեփականություն հանդիսացող սպանդանոցների կառուցումն ու վերազինումը:
2016 թ. նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը ձեռնամուխ եղավ սպանդանոցային կարողությունների զարգացման ծրագրի իրականացմանը: 2018 թ. համար ԱՎԾ-ն հաշվարկել էր 233.150 խոշոր եղջերավոր կենդանու, 499.600 մանր եղջերավորի և 111.140 խոզի մորթ (ընդհանուրը՝ 843 890 գլուխ): Ելնելով միջինացված այդ թվերից՝ հաշվարկվել էր 40 սպանդանոցի անհրաժեշտություն: Գործող 18 սպանդանոցից զատ՝ պետք է արագ կառուցվեր ևս 22-23-ը ՀՀ-ում, 3-ը՝ ԱՀ-ում, ինչը կբավարարեր ընդհանուր՝ նվազագույն պահանջը: Սննդի անվտանգության պետական ծառայության հաշվարկներով՝ 2018 թ. հուլիսի 1-ին պետք է հանրապետությունում գործեր 40 սպանդանոց: Հետոյի համար ակնկալվում էր դրանց թիվը հասցնել 71-ի: Սպանդանոցներն ըստ խոշոր եղջերավորների մորթի հնարավորությունների՝ լինելու էին (և են) օրական 3-5, 8-10, 10- 15 և 15-20-ի հզորության: Հավելենք, որ մինչ այդ գործող 18 սպանդանոցից մի քանիսը մնացել էին սովետմիությունից, մյուսներն էլ բացվել էին մուսուլմանական աշխարհի մեր հարևաններին «հալալ միս» ապահովելու նպատակով:
Այդքանով հանդերձ՝ մասնագետների շրջանում մեծ էր մտավախությունը, որ «ոչ հալալ» սպանդանոցները իրականում չեն գործի և զբաղվելու են հիմնականում կնքած թուղթ վաճառելով: Պատասխանատուները բացառում էին դա՝ բացատրելով, որ մշակել են «թվայնացված ձևաթուղթ», բոլոր սպանդանոցներն ընդգրկվելու են էլեկտրոնային բազայում, առաքվող մսի ուղեկցող փաստաթուղթն էլ լինելու է էլեկտրոնային: Մինչդեռ թուղթ վաճառելու մտավախության համար կային ու կան բավականին հիմնավոր պատճառներ:
Արարատի մարզի Զանգակատուն գյուղի բնակիչն իր կենդանին վաճառելու համար ստիպված է այն տեղափոխել 75 կմ հեռու՝ Մասիսում գտնվող սպանդանոց, մորթելու: Դրա տեղափոխումը կարժենա առնվազն 40-50 հազար դրամ, սպանդանոցային մորթը՝ 10-15 հազար դրամ (սպանդանոցային մորթի գները խոշորի համար այդքան են, մյուսների համար՝ 1.5-5 հազար դրամ)»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժամանակ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը