«Հրապարակ»-ը գրում է․ «Ամուլսարի շահագործման թեման դարձել է իսկական փորձաքար իշխանությունների համար։ Ստամբուլյան կոնվենցիայի նման՝ սա էլ Սերժ Սարգսյանի իշխանության նվերն է Փաշինյանի կառավարությանը, որը փակուղու առաջ է կանգնեցրել նրան։ Ժամանակին Ամուլսարի շահագործմանը դեմ ակտիվիստներն այժմ կողմ են հանքի շահագործմանը։ Ամուլսարի թեման պառակտում է մտցրել ոչ միայն հասարակության, այլեւ հենց իշխանության, ի մասնավորի՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության շարքերում։ Նրանք բաժանվել են 3 խմբի՝ հանքի շահագործմանը կողմ եւ դեմ արտահայտվողներ եւ իներտ մասսա, որը «դուխ» չի անում որեւէ կարծիք արտահայտել։ Մանավանդ՝ մինչեւ երեկ հայտնի չէր Փաշինյանի վերջնական դիրքորոշումը։
Մենք տեղեկացանք, որ նախորդ շաբաթ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է «Իմ քայլը» խմբակցության հետ, բացատրել Ամուլսարի հարցում իրենց դիրքորոշումը, թե ինչու պետք է հանքը շահագործվի։ Սակայն հանդիպումից անմիջապես հետո որոշ իմքայլականներ հանքի շահագործման դեմ գրառումներ են արել։ Երեկ արդեն վեճին խառնվեց «ծանր հրետանին»՝ Նիկոլ Փաշինյանը․ Բաղրամյան 26 հրավիրեց կառավարության անդամներին, բնապահպաններին, Վայոց ձորի մարզի համայնքների ներկայացուցիչներին եւ ներկայացրեց իր տեսակետը, իսկ այդ ընթացքում Բ 26-ի դարպասների դիմաց հանքի շահագործման դեմ պայքարողները բողոքի ակցիա էին անում, անգամ բախումներ տեղի ունեցան նրանց եւ ոստիկանների միջեւ։ Ակտիվիստներն այնուհետեւ իջան ԱԺ՝ այնտեղ հանրային քննարկում անցկացնելու, սակայն Փաշինյանի հրամանով ԱԺ դարպասները փակվեցին ցուցարարների առջեւ, ինչը կրկին աղմուկի տեղիք տվեց։ Նկատենք, որ քաղաքական ուժերից այս հարցում հստակ դիրքորոշում ունի եւ իր պայքարն աննահանջ իրականացնում է միայն «Քաղաքացու որոշում» կուսակցությունը։ Նրա անդամները ե՛ւ մասնակցում են ցույցերին, ե՛ւ ակտիվ գրառումներ են կատարում Ֆեյսբուքում՝ քննադատելով Փաշինյանին։
Բաղրամյան 26-ում քննարկումից հետո, օրվա երկրորդ կեսին Փաշինյանը գնաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակ՝ այնտեղ եւս իր կուսակցության անդամների հետ քննարկելու եւ վերջնական հրահանգներ իջեցնելու։ Մենք փորձեցինք կապ հաստատել «Իմ քայլը» խմբակցության որոշ պատգամավորների, հատկապես նրանց հետ, որոնք դեմ են արտահայտվել հանքի շահագործմանը։ Բայց նրանք մեր զանգերին համառորեն չպատասխանեցին։ Ոմանք էլ, լսելով «Հրապարակի» անունը, անջատեցին։ Իսկ Գեւորգ Պապոյանը հետ զանգահարեց, ու երբ հարցրինք՝ կո՞ղմ է հանքի շահագործմանը, թե դեմ, ասաց՝ ղեկին է, չի կարող պատասխանել։ Մեզ հետաքրքրում էր մի հարց՝ եթե Փաշինյանը հստակ հայտարարի, որ հանքը պետք է շահագործվի, դրա դեմ արտահայտվող պատգամավորները վա՞յր կդնեն մանդատները։
Փաշինյանի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը հայտարարեց, որ Բաղրամյան 26-ում տեղի ունեցած հանդիպման տեսանյութը «շուտով» կհրապարակվի։ Իսկ ՔՊ-ի հետ հանդիպումից հետո էլ հայտարարվեց, որ Նիկոլ Փաշինյանը երեկոյան «լայվ» կմտնի եւ կհրապարակի իր դիրքորոշումը, որը հանքի շահագործման դեմ չէ։ Մենք տեղեկացանք, սակայն, որ հանդիպման ընթացքում Նիկոլ Փաշինյանն արել է հայտարարություններ, որոնք խնդրել է հրապարակվելիք տեսանյութից կտրել եւ չցուցադրել։ Չնայած սկզբում հայտարարել էր, թե հանդիպումն ամբողջությամբ հեռարձակվելու է։ Հանդիպմանը մասնակցած համայնքի բնակիչներից մեկը մեզ տեղեկացրեց, որ Նիկոլ Փաշինյանը հանդիպման ժամանակ ասել է, թե լավ կլինի խոսակցության այն հատվածը, որ հնչելու է իր կողմից, որեւէ տեղ չհրապարակվի: Եվ հայտարարել է, թե «այս ընթացքում ոչ մի իրավական հիմք չկար, որ Ամուլսարի հանքի շահագործումը կասեցվի»: Եվ խոստովանել է, որ մեկ տարի առաջ արված պոպուլիստական հայտարարություններն իր անձնական կարծիքն էին, սակայն այժմ՝ որպես վարչապետ, ինքն իրավունք չունի էմոցիոնալ հայտարարություններ անելու, հիմա պետք է միայն փաստերի վրա հիմնված, ՀՀ օրենսդրության շրջանակներում տեղավորվող որոշումներ կայացնի։
Ըստ էության, այս հայտարարությամբ իշխանությունը խոստովանել է, որ ակտիվիստների պայքարն ու հանքի ճանապարհը շուրջ մեկ տարի փակելը եղել են անօրինական, եւ այժմ պետք է այդ արգելքները հանվեն, ու հանքն աշխատի։ Այդ պարագայում հարց է ծագում, թե ով է փոխհատուցելու «Լիդիանի» կրած վնասները։ Ասել է թե՝ կառավարությունն իր իրավապահ մարմիններով մեկ տարի շարունակ հանցավոր անգործության է մատնված եղել։
Մյուս կողմից, եթե Նիկոլ Փաշինյանը խոստովանում է, որ այս ընթացքում որեւէ իրավական հիմք չի եղել հանքի շահագործումը կասեցնելու համար, եւ դա իմացել է ի սկզբանե, այդ դեպքում ինչո՞ւ պետբյուջեից 400 հազար դոլար տրամադրվեց միջազգային փորձագիտական ընկերությանը։ Որպեսզի իրավական հի՞մք ապահովի եւ ժամանա՞կ ձգի։ Արժե՞ր դրա համար այդքան թանկ վճարել պետական սուղ միջոցներից։ Ուստի, ո՞վ է պատասխան տալու նաեւ բյուջեի միջոցներն այսպես անխնա վատնելու համար։ Վարչապետի այս հայտարարությունները, ըստ էության, իրական հաղորդում են հանցագործության մասին՝ իրենց իշխանության դեմ։Մի բան լավ է, որ Նիկոլ Փաշինյանը վերջապես հրաժարվում է պոպուլիզմից եւ կամաց-կամաց գալիս է գիտակցության, որ ինքն արդեն վարչապետ է, ոչ թե ընդդիմադիր գործիչ կամ ակտիվիստ, եւ պոպուլիստական հայտարարություններով չի կարող երկիր ղեկավարել»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը