168.am-ը գրում է․ «Օգոստոսի 12-ին, ժամը 12:00-ի սահմաններում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասից, դեռևս չպարզված հանգամանքներում, մարտական դիրքը լքել էր զինծառայող, 2000թ. ծնված Արայիկ Հայկի Ղազարյանը: Այս մասին տեղեկացրել էր ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվության՝ զինծառայող Ղազարյանը գտնվում է նրանց մոտ, մասնավորապես՝ նշելով, որ հայ զինծառայողն ինքնակամ է հատել սահմանը և հանձնվել իրենց։
Դեպքից անմիջապես հետո Արցախի Հանրապետության արտգործնախարարությունը հայտարարություն տարածեց` նշելով, որ Արցախի իշխանությունները կանեն ամեն ինչ, որպեսզի հայ զինծառայողին վերադարձնեն հայրենիք։
Դեպքի առթիվ հայտարարություն տարածեց նաև Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը՝ դատապարտելով հայ զինվորին հանրային հետաքրքրասիրության առարկա և քարոզչական գործիք դարձնելու՝ Ադրբեջանի քայլերը։
Իսկ ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն այս առնչությամբ ասել էր.
«Ադրբեջանում հայտնված զինծառայողի հարցը բավական զգայուն է: Արցախի ԱԳ նախարարությունն արդեն հայտարարություն արել է»:
168.am-ը ՀՀ վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանից հետաքրքրվեց` արդյոք վարչապետն օգտագործե՞լ է կամ օգտագործելո՞ւ է Ալիևի հետ ուղիղ կապի հնարավորությունը հայ զինվորին հայրենիք վերադարձնելու համար։
«Հայաստանը կօգտագործի բոլոր հնարավոր միջոցները հայ զինվորի հնարավորինս արագ վերադարձն ապահովելու համար»,- ասաց նա։
Մեր ճշգրտող հարցին՝ այսինքն՝ կօգտագործվի՞ ուղիղ կապի հնարարավորությունը, Վլադիմիր Կարապետյանը պատասխանեց. «Ես արդեն նշեցի, որ բոլոր տարբերակները կօգտագործվի»։
Լուսանկարը՝ Սպուտնիկ Արմենիայի
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը