15 08 2019

Մարզպետը կարող է հայտնվել իր փորած փոսում․ «Հրապարակ»

Մարզպետը կարող է հայտնվել իր փորած փոսում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Լոռու մարզպետ, ատամնաբույժ Անդրեյ Ղուկասյանը նախկին իշխանությունների կատարած գործարքների վերաբերյալ օրերս հերթական «բացահայտումն» է արել։

Նա հրապարակել է Վանաձորի ավագանու հերթական որոշումներից մեկը, որով քաղաքի մշակույթի տան շենքը հատկացվել է նախկին քաղաքապետի բարեկամներից մեկին` Էռնեստ Գեւորգյանին։ Վերջինս Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանի քրոջ ամուսնու` Տիգրան Պապանյանի փեսան է: Իսկ Տիգրան Պապանյանը երկար տարիներ աշխատել է Վանաձորի քաղաքապետարանում՝ որպես քաղաքաշինության եւ ճարտարապետության բաժնի պետ:

Ինչպես ասում են՝ բոլոր համընկնումները պատահական են: «Վանաձորցիներից, լոռեցիներից զավթվածը, խլվածը հետ եք վերադարձնելու, պարոնա՛յք: Այլընտրանք չկա. կա՛մ կամովին, կա՛մ օրենքի ուժով»,- գրել է մարզպետ Ղուկասյանը` հրապարակելով նաեւ նշված որոշման տեքստը: 

Մարզպետը նաեւ խոստացել է նմանատիպ բոլոր փաստերը հերթով ներկայացնել լոռեցիների դատին, ապա նաեւ՝ համապատասխան մարմիններին: Անդրեյ Ղուկասյանը հայտնել է նաեւ, որ վեր հանված փաստերով արդեն իսկ հարուցվել են քրեական գործեր:

Մարզպետի հետաքննչական աշխատանքները լոռեցիների շրջանում միամիտ խոսակցությունների առիթ են դարձել՝ «կարո՞ղ է մարզպետը հայտնվի իր փորած փոսում»։ Բանն այն է, որ քաղաքի կենտրոնում Ղուկասյանը մինչ հեղափոխությունը հողատարածք էր գնել նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանի եղբորորդուց՝ հանրահայտ Քաղցրիկից՝ Արման Դարբինյանից, ու կարող է պարզվել, որ այդ հողատարածքն էլ է ապօրինի ու Դարբինյանների գերդաստանի ձեռքում է հայտնվել «իշխանությունների կատարած գործարքների» արդյունքում։ Ի դեպ, հենց այդ հողատարածքի վրա հեղափոխությունից հետո մարզպետը սկսել է մեծ ատամնաբուժարան կառուցել»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ