25 07 2019

Ո՞վ կսպասեր, որ հեղափոխականներն այսպես չէին հանդուրժի այլախոհությունը. «Հրապարակ»

Ո՞վ կսպասեր, որ հեղափոխականներն այսպես չէին հանդուրժի այլախոհությունը. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

Ո՞վ կսպասեր, որ երիտասարդ հեղափոխականներն այսքան անհանդուրժող կլինեին քննադատության, այլախոհության հանդեպ։ Որ մեկ-երկու ամսից նրանք կդառնային լրատվամիջոցների երդվյալ թշնամիներ, լրագրողներին կհամարեին սև ու հակահեղափոխական և ամեն քննադատության ետեւում կտեսնեին Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի ականջները։

Ո՞վ կսպասեր, որ 2019-ին մամուլի դեմ նման քանակի դատական հայցեր կներկայացվեին, որոնց մեծ մասը ոչ միայն անհիմն են, այլեւ անհեթեթ ու դատական հեռանկար չունեցող ու մի նպատակ են հետապնդում՝ կանխել հետագա հրապարակումները եւ անձեռնմխելիության մթնոլորտ ձեւավորել իրենց շուրջ։ Որ լրագրողն իրենց մասին որևէ նյութ գրելուց առաջ մտածի․ գրե՞լ՝ սեփական լրատվամիջոցին դատական պրոցես «պարգևելու» վտանգն աչքի առաջ, թե՞ ձեռքը թափ տալ նրանց հերթական ապուշ հայտարարության, անիմաստ քայլի, փողոցային լեքսիկոնի, ապաշնորհության, անգործության փաստի վրա ու ձեռնպահ մնալ հրապարակում անելուց։

Ո՞վ կսպասեր, որ կգա մի օր, որ ոչ թե լրատվամիջոցը կդիմի դատարան՝ պահանջելով, որ նախարարի մամուլի խոսնակն իր բուն պարտականությունները կատարի և  ժամանակին ու ամբողջական տեղեկատվություն փոխանցի իրեն, այլ նման մի անգործ ու վնասակար խոսնակ կարող է դիմել դատարան եւ պատիվ պահանջել լրատվամիջոցից՝ իր աշխատանքից դժգոհություն ունենալու համար։ Ո՞վ կսպասեր, որ նախարար-փոխնախարարների, տարբեր պաշտոնյաների բանակը ոչ թե տասը կչափի, մեկ կկտրի՝ վախենալով հայտնվել մամուլի ամենահաս տեսադաշտում, այլ ափեղ-ցփեղ կխոսի, հետո կդիմի դատարան՝ իր խոսքերն ու արարքները հանրությանը ներկայացնելու, իր կենսագրության մութ էջերը վեր հանելու դեմ բողոքելով։ Նման պայմաններում մամուլի եւ խոսքի ազատությունից խոսելը պարզապես ցինիզմի դրսևորում է։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ