«Ժամանակ»-ը գրում է. Իջևանյան հայտնի իրադարձություններից հետո՝ արդեն մեկ շաբաթ է, ոստիկանության պոստ է տեղադրվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայրական տան մոտ։ Ոստիկանությունը մտավախություն ունի, որ իջևանցիները կարող են վրեժխնդիր լինել Փաշինյանի ազգականներից։
Հիշեցնենք, որ ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում Իջևան քաղաքում բողոքի ակցիայի ժամանակ տեղի ունեցած անկարգությունների, ոստիկանության աշխատակիցների նկատմամբ կիրառված բռնության և խուլիգանության դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ևս 7 անձի: Եվս մեկ անձ ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Այսօրվա դրությամբ՝ քրեական գործով 21 անձ ունի մեղադրյալի դատավարական կարգավիճակ, 6 անձ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով և 316-րդ հոդվածի 1-ին մասով, 15 անձ՝ 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 316-րդ հոդվածի 1-ին մասով: 10-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, 8 անձի նկատմամբ՝ ստորագրություն՝ չհեռանալու մասին, 2-ի նկատմամբ կիրառվել է այլընտրանքային խափանման միջոց գրավ, իսկ 1 անձ գտնվում է հետախուզման մեջ։
Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը