«Հրապարակ»-ը գրում է․ «Դավադրությունների տեսությունների ու կասկածների ժամանակներում ենք ապրում։ Դրանում, իհարկե, մենք՝ լրագրողներս, մեծ մեղք ունենք, որովհետեւ հաճախ զբաղված ենք որեւէ քայլի, անձի, խոսքի հետեւում դավադրություն փնտրելով։ Ահա՝ այսինչը սրա կողքին էր կանգնած միջոցառման ժամանակ, ուրեմն մութ կապեր կան նրանց միջեւ։ Այն մեկը խոսելիս աչքերը փախցրեց, ուրեմն ստում է։ Երրորդը անտրամադիր դուրս եկավ կառավարությունից, երեւում է՝ օրերը հաշված են եւ այլն։ Բայց եթե մամուլն ընդամենը կենցաղային մակարդակի կասկածներ է արտահայտում եւ ընթերցանության համար նյութ տրամադրում իր լսարանին, ապա շատավելի հիվանդագին չափերի են հասնում ներիշխանական կասկածներն ու դավերը, որոնք երկրում նման մթնոլորտ են ձեւավորում։
Նախ, այն լուրերը, որ մենք ստանում ենք իշխանության խոհանոցից, որի հազիվ մի 20 տոկոսն ենք հրապարակում, խոսում են այն մասին, որ բոլորը բոլորին կասկածում են ու հատկապես երկրի վարչապետը։ Եվ բոլորը բոլորի տակ փորում են։
Շատ անհանդուրժողական ու տարաձայնություններով լի մթնոլորտ է տիրում հատկապես Ազգային ժողովի իշխող խմբակցությունում, որի բազմաքանակ լինելն արդեն նման մթնոլորտի համար պարարտ հող է։ Նույն իրավիճակն է նաեւ կառավարությունում, որտեղ ներքին ինտրիգներն այնքան շատ են, որ խանգարում են աշխատելուն։
Մանավանդ՝ մարդիկ աշխատելու մեծ փորձ չունեն եւ այդ ինտրիգների վրա շատ ժամանակ ու էներգիա են ծախսում, եւ հերթն ուղղակի աշխատելուն չի հասնում։ Մեծ հակասություններ ու ինտրիգներ են հյուսվում նաեւ միջգերատեսչական դաշտում՝ ուժայիններն իրար հետ չունեն, աշխատանքի ընդհանուր ճակատ ունեցող տարբեր հիմնարկներ՝ իրար հետ։ Այս կասկածամտության ու ինտրիգների մթնոլորտում չի կարող ոչինչ կառուցվել ու զարգանալ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը