«168 Ժամ»-ը գրում է․ «Ինչպես հայտնի է, վաղը տեղի է ունենալու դատավորների ընդհանուր ժողովը։ 168.am-ի տեղեկություններով 9 ամիս առաջ գրավոր դիմումով Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) անդամ դառնալուց հրաժարված Վճռաբեկ դատարանի դատավոր Նախշուն Տավարացյանը այդ ժողովի ընթացքում պատրաստվում է երդում տալ։
Արդարադատության նախկին նախարար Արփինեն Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում, մեկնաբանելով տեղեկությունը, ասաց, որ եթե վաղը՝ իր հրաժարականի գրավոր դիմումից 9 ամիս հետո, Նախշուն Տավարացյանը երդվեց, սա նշանակում է, որ Վճռաբեկ դատարանի նախագահը և առհասարակ դատական համակարգն ու բոլոր նրանք, ովքեր կհանդուրժեն այդ աղաղակող ապօրինությունը, առաջինը պետք է վեթինգի ենթարկվեն, և լավ կլինի՝ հրաժարվեն իրենց իրավաբանի կոչումից։
«Իսկ քաղաքական իշխանության պրեսինգը իշխանության ճյուղերի վրա փաստորեն շարունակվում է, և ակնհայտ է, որ դատական իշխանության շատ ներկայացուցիչներ այդ պրեսինգը սիրով ընդունել են և դարձել հլու-հնազանդ ծառա։ Նախշուն Տավարացյանն այդ կերպ կդառնա գործիք, իսկ դատական իշխանությունը կամլանա»,- եզրափակեց Արփինե Հովհաննիսյանը»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը