03 07 2019

Նոր կռիվ՝ դատախազության և Քննչական կոմիտեի միջև․ «Ժողովուրդ»

Նոր կռիվ՝ դատախազության և Քննչական կոմիտեի միջև․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը գրում է․ «ՀՀ գլխավոր դատախազության և Քննչական կոմիտեի միջև նոր կռիվ է հասունանում: Գաղտնիք չէ, որ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն իր քննիչներին անկախ և ինքնուրույն է պահում, ինչն էլ դուր չի գալիս ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, և նա չի կարողանում քննիչների նկատմամբ որևէ կոշտ քայլ ձեռնարկել:

Եվ, ահա, իրավիճակից դուրս գալու համար ՀՀ գլխավոր դատախազը որոշել է այլ տիրույթում պայքար տանել և օրենքով հասնել քննիչների հանդեպ առավելության: Մասնավորապես. ՀՀ գլխավոր դատախազությունն առաջարկում է օրենսդրական փոփոխություններ կատարել և դատախազի միջնորդագրի հիման վրա քննիչի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելը դարձնել պարտադիր:

Բանն այն է, որ կարգապահական վարույթ հարուցելու մասին միջնորդությունների քննարկումը վերապահված է միայն Քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովին, և շատ դեպքերում դատախազության կողմից միջնորդությունները պարտադիր կատարման հիմք չէին հանդիսանում:

Ինչևէ, «Ժողովուրդ» օրաթերթը այս առիթով զրուցեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի հետ` հասկանալու համար՝ կիսում է արդյոք նա քննիչների այն կարծիքը, որ դատախազներն ամեն ինչ անում են քննիչներին իրենց ենթարկեցնելու համար: «Ես կարծում եմ` դրա անհրաժեշտությունը չկա. միանշանակ մի այլ գերատեսչությունը մեկ այլ գերատեսչության ծառայողի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու միջնորդություն ներկայացնելու իրավունք չունի»,- ասաց ՀՀ Քննչական կոմիտեի ղեկավարը:

Սա նշանակում է, որ գլխավոր դատախազի առաջարկը ընդունելի չէ Քննչական կոմիտեի համար: Հետաքրքիր է՝ ինչով կավարտվի միջգերատեսչական «բազմադարյա» հակամարտությունը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ