26  06  2019

Ի՞նչ են կառուցելու «կուկուռուզնիկի» փոխարեն․ «Հրապարակ»

Ի՞նչ են կառուցելու «կուկուռուզնիկի» փոխարեն․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «2005 թ. թվականին ապամոնտաժված ու հետագայում ավազի ու բազալտի հանք դարձած Երիտասարդական պալատի, որը ժողովրդի շրջանում առավել հայտնի է «Կուկուռուզնիկ» անունով, շինարարությունը վերսկսե­լու նախագիծ կա: 2005թ. հոկտեմբե­րի 20-ին Երևանի քաղաքապետարանի՝ քանդման N40 թույլտվությամբ Երևանի նախկին Երիտասարդական պալատ հյուրանոցային մասնաշենքը քանդվեց՝ «Հայսեյսվշին» և ԿՊԳՀ-ի եզրակացության հիման վրա, որը ստորագրել էր Երևանի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանը: Հետագայում տարածքը վաճառվեց մարտունեցի գործարար Էդիկ Ավետիսյանին, ով այստեղ մեծ համալիր կառուցելու «գրանդիոզ» պլաններ ուներ, անգամ միջազգային մրցույթներ անցկացրեց, տարբեր նախագծեր քննարկվեցին, որոնցից մեկը՝ հաղթո­ղը, պետք է իրականացվեր: Սակայն ինչ-ինչ պատճառներով նա հետագայում նեղացավ իշխանություններից, և շինարարությունը չիրականացվեց, իսկ բացված հորատանցքից սկսեցին ավազ հանել և վաճառել:

Դեռևս հստակ չէ, թե ինչ է կա­ռուցվելու «Կուկուռուզնիկի» փոխա­րեն, ամենահավանական տարբերակը հյուրանոցն է, նույնիսկ չի բացառվում, որ վերադառնան նախկինում անցկացված մրցույթի արդյունքնե­րին: «Կոնկրետ քննարկումները պարոն Մեսչյանի գրասենյակում են ծավալվում: Ես, օրինակ, կուզեի, որ այնտեղ էլի երիտասարդական պա­լատ լիներ, սակայն չգիտեմ, թե որքա­նով կստացվի: Ինչ էլ որ լինի, կարևոր է, որ այդ վիճակն անպայման վերանա, հնարավոր է, որ հյուրա­նոց կամ բիզնես-կենտրոն դառնա այդտեղ: Որքանով ես եմ տեղյակ, դեռ հաստատված նախագիծ չկա»,- մեզ հետ զրույցում ասաց Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը: Էդիկ Ավետիսյանին մոտ կանգնած մեր զրուցակիցը հաստատեց, որ սեփականատերը լուրջ քայլեր է ձեռնարկում, որ այդ տարածքում շինարարությունը սկսվի, խոսվում է հյուրանոց կամ համալիր կառուցելու մասին. «Այդ կոմպլեքսը կառուցելու է լուրջ շինարարական կազմակերպություն: Ես լսեմ եմ, որ այդտեղ կոմպլեքս կառուցելու ցանկություն կա, լսել եմ, որ այդ տա­րածքի սեփականատերն այդ առու­մով ակտիվ քայլեր է ձեռնարկում, որպեսզի վերջնական ձևավորի առա­ջադրանքը, ձևավորի ցանկություննե­րը: Գիտեք՝ երկար տարիներ այդ տարածքն այս վիճակում կանգնած է, և ինքը հիմա ձեռնարկում է լուրջ միջոցներ, որպեսզի այդ սայլը տեղից շարժվի»: 

Հարցրինք, թե ինչու է հիմա որոշել սկսել շինարարությունը, գուցե վտանգ կա, որ կարող են տարածքը ձեռքից վերցնել: «Ես, ճիշտն ասած, այդ մասին չեմ մտածել, այդքան հեշտ է մարդու սեփականությունը ձեռքից վերցնելը: Որ մինչև հիմա չի կառուցվել, ճիշտն ասած, դրանում իր մեղքը չկա, ձգձգվել է ոչ այն պատճա­ռով, որ ինքը չի ցանկացել, ավելի շատ այլ անձինք, այլ կառույցներ ու այլ մարմիններ են խոչընդոտել, չեմ կարծում, որ պատճառն այն է եղել, որ նա աբստրակտ ակտիվություն է ցուցաբերել, ես կարծում եմ, որ ռեալ է կառուցելու իր ցանկությունը: Չի բացառվում, որ անդրադառնան նո­րից այդ մրցույթի արդյունքներին, և իրականացվի այդ մրցույթի հաղթողի ծրագիրը»,- ասաց մեր զրուցակիցը»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

Լուսանկարը՝ Սպուտնիկ Արմենիայի

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ