25 06 2019

Կառավարությունը խոսում է տնտեսության աճի մասին, ՊՎԾ-ն՝ այլ միտումների․ «Փաստ»

Կառավարությունը խոսում է տնտեսության աճի մասին, ՊՎԾ-ն՝ այլ միտումների․ «Փաստ»

«Փաստ»-ը գրում է․ «Կարծում եմ, որ ամեն տարի առնվազն հինգ տոկոսով մարդկանց եկամուտները պետք է աճեն. ասել է էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը: «Հնարավոր է՝ մեկ տարվա մեջ մի փոքր քիչ լինի, մյուս տարվա մեջ՝ մի փոքր շատ»,- նշել է նախարարը:

Տիգրան Խաչատրյանի այս կարծիքը մի փոքր տարակուսելի է, որովհետև նախարարը խոսում է փորձագիտական մակարդակով, մինչդեռ՝ էկոնոմիկայի նախարարը պետք է ունենար հստակ հաշվարկներ՝ ենթադրություններ անելու փոխարեն:

Այնպիսի տպավորություն է, որ մեր կառավարության անդամների մոտ ամեն բան կառուցվում է ինտուիցիայի մակարդակով: Հիշո՞ւմ եք՝ ամիսներ առաջ արդարադատության արդեն նախկին նախարար Արտակ Զեյնալյանը խորհրդարանում հայտարարեց, թե կառավարության կոնկրետ կառուցվածքը ընտրել են՝ ինտուիցիայից ելնելով, այլ խոսքով՝ կառավարության մոտեցման հիմքում ոչ թե կոնկրետ հաշվարկները, վերլուծություններն են եղել, այլ՝ ինտուիցիան:

Հիմա նույն տպավորությունն ենք ստանում էկոնոմիկայի նախարարի պատասխանից, այնպիսի տպավորություն է, որ նա մոտավոր հաշվարկներով կամ գուշակությամբ է խոսում տնտեսության հնարավոր աճի մասին: Ընդ որում՝ Նիկոլ Փաշինյանի կառավարության գործունեության մեկ տարվա ընթացքում մարդկանց եկամուտների իրական աճ չի եղել, կամ այն այնքան չնչին է եղել, որ զիջել է գնաճին:

Վարչապետն ու նրա նախարարները շարունակ խոսում են տնտեսության աճի ու զարգացման մասին, սակայն ՊՎԾ-ի տվյալները հուշում են միանգամայն այլ միտումների մասին: 

Օրինակ՝ ընթացիկ տարվա առաջին եռամսյակում խոշոր բեռնափոխադրումների նվազում է արձանագրվել 48%-ով, ինչը ենթադրում է ներկրումների ու արտահանումների կրճատում: Ներկրումն ու արտահանումը՝ կոնկրետ թվերով, արտացոլում են տնտեսության իրական վիճակը: Եթե դրանք անկում են ապրել, մի փոքր անհասկանալի է, թե ինչի հաշվին է զարգացել տնտեսությունը:

Կամ էլեկտրաէներգիայի օգտագործման ծավալը նվազել է 30%-ով, ինչը դարձյալ տարակուսելի է դարձնում պնդումները տնտեսության աճի կամ զարգացման մասին: Էլեկտրաէներգիան համակարգաստեղծ միավոր է, ու դրա օգտագործման սահմանափակումը նշանակում է տնտեսության ակտիվության անկում: Համենայն դեպս, խոսքն իրական տնտեսության մասին է, ոչ թե թվային մանիպուլյացիայի, որը կարող է դրական համատեքստ ձևավորել՝ որոշակի ցուցանիշների գծով, որոնք, սակայն, չեն կարող տնտեսության ինստիտուցիոնալ զարգացման վկայություն լինել:

Այս պարագայում հասարակությունն ավելի համապարփակ ու ամբողջական պարզաբանումների անհրաժեշտություն ունի, մանավանդ, երբ տարածաշրջանում կատարվում են իրադարձություններ, որոնք կարող են չեղարկել կառավարության օպտիմիստական կանխատեսումները: Օրինակ՝ կառավարությունում հաշվարկե՞լ են հիմնական ռիսկերը, եթե մեզանից անկախ պատճառներով փակվի հայ-իրանական սահմանը, կամ որոշ ժամանակով դադարի գործել Վերին Լարսի անցակետը: Նույնը վերաբերում է գազի սակագնին: Վերջերս Նիկոլ Փաշինյանը ասել էր, որ Ռուսաստանը՝ որպես դաշնակից, պետք է նպաստի Հայաստանի տնտեսության զարգացմանը՝ ակնարկելով գազի սակագնի հարցում պաշտոնական Երևանի ակնկալիքը:

Բայց սա ընդամենը ցանկություն է, որովհետև Մոսկվայում առաջնորդվում են ոչ թե հումանիստական մղումներով, այլ կոնկրետ հաշվարկներով: Ընդ որում՝ «գազային քաղաքականությունը» Մոսկվայի համար մոտիվացվում է առաջին հերթին ոչ թե տնտեսական, այլ քաղաքական հաշվարկներով, իսկ հայ-ռուսական հարաբերություններն այսօր, մեղմ ասած, հեռու են գոհացուցիչ լինելուց»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ