15 06 2019

Երկար բացառիկ հարցազրույց՝ առանց օրակարգի․ «Փաստ»

Երկար բացառիկ հարցազրույց՝ առանց օրակարգի․ «Փաստ»

«Փաստ»-ը գրում է․ «Նախօրեին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկար հարցազրույց է տվել «Շանթ» հեռուստաընկերությանը։ Ճիշտ չի լինի, եթե պնդենք, որ հարցազրույցը բովանդակային չէր. դրանում անդրադարձ կար քաղաքական օրակարգի գրեթե բոլոր հարցերին։ Սակայն ամբողջ խնդիրն այն է, որ քառասուն րոպեների ընթացքում այդպես էլ որևէ նոր բան չլսեցինք՝ Նիկոլ Փաշինյանը կա՛մ կրկնում էր նախկինում իր ասած մտքերը, կա՛մ որոշ դեպքերում դրանք խմբագրում ու այլ լույսի ներքո էր ներկայացնում։ Համենայն դեպս՝ հարցազրույցը կրեատիվությունից զուրկ էր։

Որ Հայաստանին պետք է դատական ռեֆորմ՝ ակնհայտ է, սակայն երեկ էլ մենք չլսեցինք, օրինակ, թե որոնք են վարչապետի պատկերացումները, տեսլականն այս հարցում։ Կամ՝ ակնհայտ է, որ քարոզչական մանիպուլյացիան երկրում հասել է անթույլատրելի մակարդակի, սակայն Փաշինյանն այդ թեմայով խոսում էր դիտորդի կարգավիճակում՝ չնկատելու տալով, որ թե՛ տեղեկատվական մանիպուլյացիան և թե՛ անտագոնիզմը շատ դեպքերում նախաձեռնում է հենց իշխանությունը, ինչի վկայությունն է, թերևս, «սևերի» ու «սպիտակների» հայտնի թեզը կամ հասարակությանը սորտավորելու հետևողական փորձերը:

Միակ նորությունը, որ ծավալուն հարցազրույցում հայտնեց Փաշինյանը, վերաբերում էր Արտակ Զեյնալյանի հրաժարականի պատճառներին։ Նա «Շանթի» եթերում ասել է, որ նման որոշում կայացվել է իրենց զրույցից հետո: Վարչապետը խոսեց նաև պատճառների մասին:

«Մենք զրույց ենք ունեցել և այդ զրույցի արդյունքում նման եզրահանգման ենք եկել: Դրա բացատրությունը հետևյալն է. կառավարությունը կենդանի օրգանիզմ է, և կառավարության առաջ դրված խնդիրները դինամիկ են ու փոփոխվում են ժամանակի ընթացքում: Փոխվում են ոչ միայն խնդիրները, այլև դրանց շուրջ գոյություն ունեցող միջավայրը: Առաջանում է կադրային փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն: Բարձր եմ գնահատում Արտակ Զեյնալյանին: Երբեմն մեզ մեղադրում են, որ յուրայիններին պահում ենք, մյուսներին` հեռացնում: Երբեմն հակառակն են ասում: Այդ ընկալումները դեռ կան, սակայն իրականությունը բոլորովին այլ է: Զեյնալյանի պարագայում կա աշխատելաոճի, ընկալումների, գործիքակազմի, դրանց կիրառման ինտենսիվության վերաբերյալ պատկերացումներ և պրակտիկա: Դրանց գնահատման արդյունքում եկել ենք նման եզրակացության»,- ասել է վարչապետը:

Ինչպես տենում ենք՝ նույնիսկ այս հարցում որևէ բովանդակային բան վարչապետը չի ասել, ու անհայտ է մնում, թե, ասենք, որ հարցերում են բախվել վարչապետի կամ նախարարի դիրքորոշումները, կամ ի՞նչն էր պատճառը, որ խորհրդարանական ընտրություններից հետո Զեյնալյանը վերանշանակվեց, թեև պարտվել էր նրա քաղաքական թիմը, իսկ հիմա հրաժարական տվեց, երբ առերևույթ որևէ հակասություն տեսանելի չէր Փաշինյանի ու նրա դիրքորոշումներում։ Այս հարցերը պատասխաններ չունեն, համենայն դեպս՝ մենք նախօրեին դրանք չլսեցինք։

Մնում է ենթադրել, որ հեղափոխությունից հետո կադրային քաղաքականությունը Հայաստանում մնում է ամենավիճահարույց հարցերից մեկը։

Ամփոփելով Նիկոլ Փաշինյանի հարցազրույցի թեման՝ նկատենք, որ երկրի ղեկավարները բացառիկ հարցազրույցներ են տալիս, երբ ունենում են կարևոր ասելիք կամ հասարակության տեսակետն են փորձում պարզել օրախնդիր հարցերի վերաբերյալ։ Այս հարցազրույցը նման խնդիրներ չէր լուծում ու ավելի շատ նպատակ ուներ ներկայացնել վարչապետի՝ մեզ արդեն ծանոթ գնահատականները՝ ամփոփ ձևով։ Համենայն դեպս, հասարակության սպասելիքներն ավելի շատ էին, որ կլսենք ավելի հայեցակարգային մոտեցումներ, վարչապետի տեսլականը տնտեսության զարգացման և այլ հարցերի շուրջ»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ