«Փաստ»-ը գրում է․ «Եվս մեկ անգամ այս ընտրություններով արձանագրվեց, որ Հայաստանը ժողովրդավարական երկիր է, որտեղ քաղաքացիներն իրավունք ունեն կատարել իրենց ընտրությունները, և իշխանությունը ոչ մի ապօրինի ռեսուրս չի կիրառում իր թեկնածուների հաղթանակին հասնելու համար: ՀՀ-ում հաստատված է ժողովրդի իշխանություն»,- երեկ լրագրողների հետ զրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Աբովյանում տեղի ունեցած ընտրություններին։
Վարչապետի հետ, իհարկե, համաձայն ենք, ու շատ լավ է, որ հետհեղափոխական Հայաստանում ընտրություններ չեն կեղծվում, մյուս կողմից՝ օրինական ընտրություններ կազմակերպելն իշխանության անմիջական պարտականությունն է, ու պետք չէ այդ պարտականությունը, այսպես ասած, թանկ լավություն ներկայացնել ժողովրդին։ Ի դեպ, Աբովյանի ընտրությունների հետ կապված` ոչ համարժեք, բարձր նշաձողեր էին սահմանել հենց Փաշինյանի թիմի անդամները՝ նրան էլ մասնակից դարձնելով նախընտրական քայլերթին։ Դեռ օրեր առաջ գրել եմ, որ անթույլատրելի է վարչապետի վարկանիշն ու հեղինակությունը նման անշնորհք ձևով մսխել տեղական ընտրություններում։Հիմա՝ ըստ էության։Հիշո՞ւմ եք՝ Աբովյանի ընտրությունների քարոզարշավի ժամանակ ինչ էին հայտարարում «Իմ քայլի» թիմի ներկայացուցիչները՝ մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի գլխավորությամբ։ Սովորական տեղական ընտրությունը նրանք վերածել էին Աբովյան հեղափոխությունն «արտահանելու» գործընթացի՝ այնպիսի տպավորություն ստեղծելով, թե այդ քաղաքը դուրս է երկրից ու այս ընտրություններով պետք է «ինտերվենցիայի» ենթարկվի հեղափոխության թիմի կողմից։ «Սևերի» ու «սպիտակների», հեղափոխության ու հակահեղափոխության հակադրության պրիմիտիվ քարոզչություն էր իրականացվում, որի թիրախում՝ այս դեպքում, Գագիկ Ծառուկյանն ու ԲՀԿ-ն էին։ Ի դեպ, ինչքան էլ ընտրություններն օրինական էին, մի արտառոց փաստ, այնուամենայնիվ, գրանցվեց, որին ականատես չենք եղել նախորդ որևէ ընտրական գործընթացում։
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն, ով այս ընտրությունների անմիջական մասնակիցը չէր, ընտրությունների օրը բազմաթիվ հարցազրույցներ տվեց՝ բացահայտ հակաքարոզչություն իրականացնելով Աբովյանի գործող քաղաքապետի ու ԲՀԿ-ի դեմ։ Ուշագրավ է, որ մարզպետը հիմնական գործող անձն էր նաև տեղամասերում՝ չկարողանալով քողարկել բացահայտ խուճապը, որը դեռ ընտրությունների օրվա կեսօրին բացահայտում էր իշխանության թիմի պարտությունը։
Այս ընտրությունները պետք է ավարտվեին երևանյան ընտրությունների սցենարով։ Համենայն դեպս, հեղափոխության տեղական թիմը հույսը դրել էր Նիկոլ Փաշինյանի բարձր վարկանիշի վրա ու փորձում էր նույն մարտավարությամբ Աբովյանի քաղաքապետ կարգել յուրայինին։
Չստացվեց։ Քաղաքականությունը մեխանիկական համակարգ չէ ու պարտադիր չէ մեկ անգամ հաջողությամբ գործարկված տեխնոլոգիան այլ դեպքերում արգասաբեր լինի։ Նիկոլ Փաշինյանի թիմում ակնհայտորեն հաշվի չէին առել այն հանգամանքը, որ հեղափոխական էյֆորիան այլևս նահանջել է ու հաստատ վարչապետի վարկանիշն էլ այլևս այն մակարդակի վրա չէ, ինչ նախորդ տարվա հոկտեմբերին։ Պատահական չէ, որ Աբովյանում Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ տեղի ունեցած քայլերթն այս անգամ ոչ թե հաղթանակի, այլ՝ պարտության խորհրդանիշ դարձավ։
Անցած մեկ տարվա ընթացքում Նիկոլ Փաշինյանին չի հաջողվել ստեղծել կենսունակ համակարգ, արդյունավետ աշխատող թիմ, ու պետք չէր հույս դնել խորհրդարանական ընտրություններում գրանցված ցուցանիշների վրա։ Երբ ամբողջ կառավարության, իշխանության փոխարեն աշխատում է միայն Նիկոլ Փաշինյանը, անխուսափելիորեն հենց նա է դառնում բոլոր խնդիրների պատասխանատուն»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը