«168 Ժամ»-ը գրում է․ «Հայտնի մի պատմություն կա։ «Երկու մարդ աշխատում են։ Մեկը բահով հողը փորում է, մյուսն այդ հողը հետ է լցնում։ Այս տարօրինակ ընթացքին հետևող անցորդը հարցնում է, թե՝ ո՞րն է ձեր արածի իմաստը։
– Ճիշտն ասած, մենք երեք հոգի ենք։ Ուղղակի մեր երրորդ գործընկերը, ով ծառն է տնկում, այսօր չի եկել,- պատասխանում է հող փորողը»։
Հայաստանի կրթական համակարգի վերջին տարիների զարգացումներին շատ բնորոշ է այս պատմությունը։ Մենք անընդհատ փորձում ենք դպրոցական կրթության որակը չափելու մեխանիզմներ գործարկել, բայց «ծառ տնկողի» բացակայության պատճառով սայլը տեղից չի շարժվում։ Տարիներ առաջ որոշվեց, որ պետք է իրականացնել դպրոցների վարկանիշավորում։ Հսկայական ջանքեր գործադրվեցին, գումարներ ծախսվեցին, ժողովներ անցկացվեցին։
Ընդամենը 2-3 տարի անց ծրագիրը կասեցվեց։ Առաջին հորիզոնականները զբաղեցնող դպրոցները հպարտանում էին, մյուսներն ասում էին, որ սա անարդար համակարգ է։ Այնուհետև որոշվեց գործարկել դպրոցների աշխատանքի ներքին և արտաքին գնահատման համակարգ։
Դպրոցները պետք է ամեն տարի իրականացնեին ներքին գնահատում և երեք տարին մեկ անգամ՝ արտաքին գնահատում։ Գնահատման արդյունքները տեղադրվում էին www.armedu.am կայքում։ Այս գործընթացը նույնպես կարծես թե կասեցված է։ Համենայնդեպս, 2017 թվականից հետո ոչինչ տեղադրված չէ այս կայքում։ Այսինքն, ինչ-որ բան սկսում ենք, գումարներ ենք ծախսում, վերապատրաստումներ ենք անում, կոնֆերանսներ ենք անում։ Մարդիկ սկսում են աշխատել, և կարճ ժամանակ անց այդ ամենը դադարեցվում է։
Նույն վտանգն առկա է դպրոցների ավարտական քննությունները կենտրոնացված դարձնելու հարցում։ Ժամանակ ու գումարներ ծախսվեցին, վերապատրաստումներ եղան, թեստ գրվեց, ծնողները մասնավոր պարապմունքների համար գումարներ ծախսեցին։ Արդյունքում՝ պարզ դարձավ, որ ավելի քան 31 հազար աշակերտից շուրջ 1600-ն է անբավարար ստացել։
Եթե հաշվի առնենք, որ քննությանը մասնակցել են շուրջ 1300 դպրոցների աշակերտներ, ապա կստացվի, որ յուրաքանչյուր դպրոցում միջինում ունենք 1.25 աշակերտ, որը չի հաղթահարել դրական գնահատականի շեմը։ Ընդհանուր առմամբ, աշակերտների շուրջ 5%-ն է ստացել «անբավարար»։ Դպրոցին քաջածանոթ յուրաքանչյուր ոք գիտի, որ աշակերտների առնվազն 20-30%-ը Հայոց լեզվից պարզապես չի կարող դրական գնահատական ստանալ։
Ի դեպ, այդ մասին կան նաև պաշտոնական տվյալներ։ Վերջին տարիներին Գնահատման և թեստավորման կենտրոնն ընթացիկ թեստային գնահատումներ է անցկացնում 10-12-րդ դասարաններում։ Առարկաների շարքում է նաև Հայոց լեզուն։ 2017 թվականին ԳԹԿ-ն ընթացիկ գնահատում է անցկացրել 11-րդ դասարանի աշակերտների շրջանում։ Հայոց լեզու առարկայից մասնակից աշակերտների շուրջ 17%-ը ստացել է «անբավարար»։ Եթե 11-րդ դասարանում երեխաների 17%-ը ստացել է «անբավարար», ապա հասկանալի է, որ 9-րդ դասարանում «անբավարար» ստացողների թիվը պետք է ավելի շատ լիներ։ 2017-ին ավագ դասարաններ հաճախում էին քիչ թե շատ լավ սովորողները, քանի որ ամենավատ սովորողների զգալի մասն 9-րդ դասարանից հետո չէր շարունակել կրթությունը։
Այսպիսով, առանց մանրակրկիտ վերլուծությունների, կարելի է ասել, որ Հայոց լեզվի կենտրոնացված քննությունների արդյունքներն արժանահավատ չեն։ Ճիշտ է, այս քննությունը փորձնական էր, բայց ամեն դեպքում կարևոր էր, որ սկիզբը լավ դրվեր։ Ինչո՞ւ ունեցանք այսպիսի պատկեր։
Նախ, նմանատիպ քննություն անցկացնելու համար անհրաժեշտ են ֆինանսական մեծ միջոցներ։ Ստեղծված քննական կենտրոններում պետք է տեղադրվեին տեսախցիկներ։ Պետք է լիներ քննական գործընթացը հսկողների մեծ խումբ, ովքեր պետք է վճարվեին։ Պետք է լիներ աշխատանքները ստուգողների խումբ, ովքեր ամենայն օբյեկտիվությամբ կմոտենային աշխատանքին։ Այդպես էլ պարզ չդարձավ, թե ո՞վ վճարեց գյուղերի աշակերտների տրանսպորտի գումարը։
Ճիշտ չէր մի քանի ամիս առաջ նման որոշում կայացնելը։ Կարելի էր ասել, որ կենտրոնացված քննությունը կիրառվելու է 3 տարի հետո, որպեսզի ուսուցիչները ժամանակ ունենային աշակերտներին նախապատրաստելու։ Իսկ այս դեպքում մեծ թափով ծաղկեց մասնավոր պարապմունքների ինդուստրիան։
Այդպես էլ հստակ չդարձավ, թե ինչո՞ւ է անցկացվում այս քննությունը։ Եթե նպատակը կրթության որակը չափելն էր, ապա հայտնի է, որ դպրոցն այնքան բարդ համակարգ է, որ միայն քննության արդյունքով որակ չափել չես կարող։ Եթե մի դպրոցում աշակերտների քննության միջին թվանշանը 14 է, մյուսում՝ 12, դա դեռ չի նշանակում, որ առաջին դպրոցն ավելի լավն է։ Եթե նպատակը ցածր արդյունքներ ունեցող դպրոցների տնօրեններին և ուսուցիչներին պատասխանատվության ենթարկելն էր, ապա սա նույնպես արդյունավետ չէ։
Կարծում եմ՝ պետք է դադարեցնել կենտրոնացված ավարտական քննությունների անցկացման պրակտիկան։ Մենք պետք է ավելի կարևորենք ԳԹԿ-ի կողմից անցկացվող ընթացիկ ստուգումները։ Դրանք շատ ավելի արժանահավատ պատկեր կարող են տալ։ Բայց այդ ընթացիկ ստուգումներին պետք է լուրջ վերաբերվել։ Դրանց արդյունքները պետք է անցնեն քննարկումների շատ լուրջ փուլ։ Դրանց արդյունքների հիման վրա պետք է մշակել դպրոցներին աջակցելու մեխանիզմներ, պետք է կատարվեն բովանդակային փոփոխություններ։
Այդ արդյունքները պետք է հաշվի առնվեն ուսուցիչների վերապատրաստումների ժամանակ։ Նախարարությունում պետք է լինեն գնահատման ոլորտի 1-2 մասնագետներ, ովքեր պետք է կատարեն հոդվածի սկզբի պատմության «ծառ տնկողի» դերը։
Մեր կրթական քաղաքականությունը պետք է հիմնվի աջակցության, համագործակցության մոտեցումների վրա։ Այսօր մեր գլխավոր խնդիրն այն չէ, որ դպրոցներում ավարտական քննությունների ժամանակ աշակերտներին բարձր թվանշաններ են նշանակում։ Մեր գլխավոր խնդիրն այն է, որ աշակերտների մեծ մասը սովորելու ձգտում չունի, ուսուցիչները մոտիվացված չեն։
Քննությունները խստացնելով՝ այս խնդիրները չենք լուծի։ Ամենակարևորն այն է, որ ցանկացած քայլ պետք է խորությամբ մտածված ու հաշվարկված լինի, որպեսզի անընդհատ հետ ու առաջ չանենք։ Վարկերով բարեփոխումներ անող, աղքատության բարձր ցուցանիշ ունեցող երկիրը պետք է լավ հաշվարկի յուրաքանչյուր քայլը»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը