«Հրապարակ»-ը գրում է․ «Մայիսի 31-ին նախատեսվում էր անցկացնել «Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի մրցույթ։ Այդ օրերին տեղի ունեցած խառը իրավիճակներով պայմանավորված (նախարարությունների միացում, կադրային փոփոխություններ)՝ ՊՈԱԿ-ի տնօրենի մրցույթը հետաձգվել է։ Մրցույթը տեղի է ունեցել օրերս․ 5 թեկնածուներից երեքը հաղթող են ճանաչվել, նրանց թվում է ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանի ամուսնու՝ Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանի քույրը՝ Մարիա Բաբայանը։ Մյուս հաղթողը Գավառի ուսումնական կենտրոններից մեկի հոգեբանն է, իսկ երրորդ թեկնածուն ՊՈԱԿ-ի վերջին 5 տարվա տնօրենն է՝ ներկայիս ժամանակավոր պաշտոնակատարը։ Քանի որ ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնավարման 5-ամյա ժամկետը լրացել էր, պաշտոնի համար մրցույթ է հայտարարվել։
Բայց կոլեկտիվը եւ տնօրենը հույս ունեն, որ Լիլիթ Ասրյանը կվերանշանակվի։ Սակայն «Բաբայան» ազգանունը փոխել է իրավիճակը, եւ, ըստ որոշ տեղեկությունների, սուպերնախարար Արայիկ Հարությունյանի «սրտի թեկնածուն» հենց Մարիա Բաբայանն է։ Կրթության եւ գիտության նախարարությունից մեզ ասացին․ «Հայտարարություն եղել է, որ մայիսի 31-ին պիտի մրցույթը կայանար, դիմել են 5 մասնակից, բայց քանի որ նախարարը եւ փոխնախարարները, խորհրդական-օգնականներն են հանձնաժողովում եղել եւ այդ ժամանակ ազատված են եղել իրենց պաշտոններից, քվորում չլինելու հիմքով մրցույթը չի կայացել։ Հունիսի 6-ին կայացել է մրցույթը՝ նույն մասնակիցներով, նոր հանձնաժողով է ձեւավորվել, եւ 5-ից երեքը հաղթող են ճանաչվել։ Այդ որոշումը՝ երեքի դիմումներով, ներկայացվել է նախարարին։ Նախարարը երեքշաբթի օրը նշանակել է հարցազրույց, իրենց հետ հանդիպում կունենա եւ կորոշի՝ ում նշանակել ՊՈԱԿ-ի տնօրեն»։ ՊՈԱԿ-ի տնօրենի հաղթած թեկնածուներն են՝ Արմինե Դավթյանը, Լիլիթ Ասրյանը եւ Մարիա Բաբայանը»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը