«Փաստ»-ը գրում է․ «Մեզ համար մեծագույն խնդիրներից մեկը եղել և շարունակում է մնալ բռնությունից զերծ հանրության ձևավորումը. երեկ ԱԺ-ում 2018 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկումների մեկնարկին իր խոսքում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ես կարծում եմ, որ ՀՀ-ում հենց այդպիսի միջավայր է ձևավորված: ՀՀ-ն բռնությունից զերծ երկիր է, մենք պետք է ինստիտուցիոնալ առումով ձևավորենք բռնությունից զերծ հանրության տեսլականը և բռնության այն քարոզը, որ տեղ ունի ՀՀ-ում, դա, իմ գնահատմամբ, լուսանցքային երևույթներ են, հետցնցումային երևույթներ են և որևէ կասկած չկա, որ բռնություն քարոզող և բռնությամբ գործող ուժերը և անձինք, անկախ նրանից՝ իշխանության համակիրներն են, թե ընդդիմության, դուրս են մղվելու ՀՀ հանրային և քաղաքական կյանքից: Իհարկե, եթե դուրսմղման պրոցեսը տեղի կունենա հանրային պրոցեսների արդյունքում, դա այլ պատմություն է, իսկ եթե պետք է իրավապահ մարմիններն արձագանքեն դրան, դա բոլորովին այլ գործընթաց է»,-ընդգծել է Փաշինյանը:
Փաշինյանի խոսքի այս հատվածը միանգամայն համարժեք է, ու կարծում եմ՝ դրա տակ պատրաստ է ստորագրել Հայաստանի ցանկացած բանական քաղաքացի, այլ խնդիր է, որ վարչապետի շեշտադրումները միանգամայն փոխվել են խորհրդարանական քննարկումներից հետո, երբ նա պատասխանել է լրագրողների հարցերին։ Այս դեպքում՝ Փաշինյանը սելեկտիվ գնահատական է տվել՝ կենտրոնանալով միայն ՀՅԴ-ի վրա ու ըստ էության ակնարկելով, որ ավանդական կուսակցությունը կոլեկտիվ պատասխանատվություն է կրում ՀԱԿ ակտիվիստի ծեծի համար։ Այս պարագայում նույնպես գուցե խնդիր չառաջանար, եթե Փաշինյանը ընտրողական վերաբերմունք չցուցաբերեր ու դատապարտեր բոլոր այն ուժերին, որոնց սադրիչ գործողություններն, ըստ էության, պրովոկացրին ՀՅԴ երեկվա անընդունելի ակցիան։ Խոսքը վարչապետի համակիրների հանրահավաքի մասին է, որտեղ հնչել են Արցախի նախագահ Բակո Սահակյանի «գլուխը ցխելու» կոչեր, ինչպես նաև՝ Հրանտ Մարգարյանի հետ կապված միջադեպի։ Սակայն ամենաարտառոցն այն է, որ երեկ ոստիկանությունը հայտարարել է, թե մերժվել է Արցախի նախագահ Բակո Սահակյանի հասցեին Նիկոլ Փաշինյանի աջակիցների հանրահավաքի կազմակերպիչներից Ջիվան Աբրահամյանի կողմից հնչեցված սպառնալիքների ու Հրանտ Մարգարյանի հետ կապված միջադեպի փաստերով քրեական գործերի հարուցումը։
Այս փաստը «նրբանկատորեն» շրջանցվեց Փաշինյանի կողմից, ինչի հետևանքով նրա խոսքը, բռնությունը դատապարտող հայտարարությունները կորցնում են օբյեկտիվությունը։
Եթե իրավապահ մարմինները իրենց բարձրության վրա չեն կամ քաղաքական իշխանության պատվերով չնկատելու են տալիս հեղափոխության կողմնակիցների բռնության կոչերը կամ անօրինական գործողություններն, ապա լայն հնարավորություն են բացում, այսպես կոչված, «ինքնադատաստանի» համար։ Գլոբալ առումով՝ բռնությունից զուրկ չի կարող լինել որևէ հասարակություն, որն անընդհատ ու հետևողականորեն «տեսակավորվում» է իշխանության կողմից։ Երբ երկրի ներսում անընդհատ տեղի է ունենում «թշնամու» փնտրտուք, ապա փոխադարձ բռնություններն անխուսափելի են։ Այդ մասին գրել եմ դեռ ամիսներ առաջ, երբ ահազանգում էի մեր հեղափոխության «ուկրաինացման» վտանգի մասին։ Վերջին օրերի իրադարձությունները միայն հաստատում են այդ կանխատեսման ճշմարտացիությունը, ու էսկալացիան ավելի է խորանալու, եթե իշխանությունը չդադարեցնի իր «բարիկադային» քաղաքականությունը, սելեկտիվ վերաբերմունքը, երկակի ստանդարտների կիրառումը»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը