«Փաստ»-ը գրում է․ «Երեկ Աբովյանում տեղի է ունեցել քայլերթ, որին մասնակցել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որին կազմակերպիչներն այս պարագայում տվել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամի համեստ կարգավիճակ:
Թերևս Փաշինյանն ու նրա թիմը բոլորից լավ են հասկանում իրավիճակի նրբությունը, այն հանգամանքը, որ, ըստ էության, վարչական ռեսուրս են օգտագործում, այն էլ՝ տոտալ, ու Աբովյանի ակցիային նրա մասնակցությունն իջեցնում են կուսակցության առաջնորդի կարգավիճակին: Իհարկե, սա մանիպուլյացիա է, ու դա արդեն գիտակցում են բոլորը, որովհետև Փաշինյանին Աբովյանում ուղեկցել են պետական մեքենաներ ու պաշտոնյաներ, թիկնազոր, մի խոսքով՝ հասարակության վրա ներգործություն է ունենում ոչ միայն վարչապետի քաղաքական հեղինակությունը, այլ նաև պետական համակարգը՝ իր ողջ ուժով:
Շատերի այն փաստարկը, թե վարչապետը նաև կուսակցության առաջնորդ է ու նպաստում է իր թիմի հաջողություններին, մեղմ ասած, համարժեք չէ: Նախ՝ ֆորմալ առումով վարչապետն իր կուսակցության ղեկավարը չէ, մյուս կողմից՝ այս պնդումը միանգամայն համարժեք է խորհրդարանական ընտրությունների պարագայում: Տեղական ընտրություններն ունեն իրենց առանձնահատկությունները, որոնց կուսակցությունները, անշուշտ, պետք է մասնակցեն, սակայն համայնքի մակարդակում իրենց ծրագրերը լոկալացնելու, իրացնելու նպատակով: Հայաստանում գործում է միանգամայն այլ տրամաբանություն, որտեղ գործադիր իշխանությունը, ինչպես նախկինում, ուղղակի միջամտում է տեղական ընտրական գործընթացին՝ չունենալով դրա քաղաքական, իրավական հիմքերը:
Այն մարդիկ, ովքեր բերում են կայացած արևմտյան երկրների փորձը, թող բարի լինեն և իրապես ուսումնասիրեն դրանց քաղաքական համակարգերը՝ իրենց առանձնահատկություններով: Ոչ մի կայացած ժողովրդավարական մոդելում կառավարող կուսակցությունը իշխանության կցորդը չէ կամ լիդերի ինքնադրսևորման հարթակ չէ: Հայաստանում գոյություն չունի ՔՊ կուսակցություն՝ որպես ինքնաբավ քաղաքական ուժ. դրա շարքերում կա մեկ խարիզմատիկ գործիչ, որի անունը Նիկոլ Փաշինյան է: Հայաստանում գոյություն չունի կառավարության որպես միասնական քաղաքական տեխնոկրատների թիմ, անձնիշխանություն, որի խորհրդանիշը Նիկոլ Փաշինյանն է: Խորհրդարանը ձևավորվել է օրինակարգ ընտրությունների արդյունքում, սակայն ինստիտուցիոնալ առումով կայացած չէ ու չի կարող կատարել իր ներկայացուցչական վերահսկողական ֆունկցիան, որովհետև 88 մարդ մանդատ է ստացել բացառապես Փաշինյանի հաշվին:
Այն, ինչ հեղափոխությունից հետո է տարվում է ՏԻՄ ընտրությունների ժամանակ, պարզապես նոնսենս է՝ քաղաքական տեսանկյունից: Խոշոր քաղաքներում ընտրությունների ժամանակ պայքարը չի գնում թեկնածուների ու նրանց ծրագրերի միջև, Նիկոլ Փաշինյանն ինքն իրեն «պարտադրում» է հասարակությանը՝ իր բարձր վարկանիշի շնորհիվ «կերտելով» հարթակ քաղաքապետին, որը, ըստ էության, ոչ ՏԻՄ ղեկավար է՝ իր ինքնուրույնությամբ համայնքին հաշվետու լինելու պարտավորությամբ, այլ ընդամենը Փաշինյանի տեղապահը այս կամ այն քաղաքում»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը