05 06 2019

Վեթթինգը վերահսկելի դատական համակարգ ձևավորելու գործիք է դառնալու…Ս. Սուրենյանցի հոդվածը

Վեթթինգը վերահսկելի դատական համակարգ ձևավորելու գործիք է դառնալու…Ս. Սուրենյանցի հոդվածը

«Փաստ» օրաթերթը գրում է․

«Ռոբերտ Քոչարյանի գործով ցանկացած դատական ակտ, որը կլինի այս ճնշման տակ կայացված, ի սկզբանե ոչ լեգիտիմ է. օրերս լրագրողների հետ հանդիպման ժա­մանակ ասել է Ռոբերտ Քոչարյանի փաստա­բան Հայկ Ալումյանը: Նա հիշեցրել է, որ երբ առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը որոշեց անձնական միջնորդությունները հաշվի առնելով' Քոչարյանի խափանման միջոցը կալանքը չընտրել, ՀՀ վարչապետը, այնուհետև Աժ իշխող ուժի պատգամավորները ուղղակի կոչ արեցին ճնշում գործադրել դատական համակարգի վրա, ուղղակիորեն մասնակցեցին ճնումնե­րի իրագործմանը, մարդկանց կոչ արեցին փակել դատարանների մուտքերն ու ելքերը, որն իրականացավ: «Սա պարզ մեսիջ էր վե­րաքննիչ դատարանին, նաև ապագայում պարոն Քոչարյանի հետ առնչություն ունե­ցող բոլոր դատավորներին, թե ինչ տեղի կու­նենա, եթե երբևիցե նրանցից որևէ մեկը կհամարձակվի Քոչարյանի վերաբերյալ կայացնել այնպիսի որոշում, որը վարչապետի կամ Աժ մեծամասնություն կազմող ուժի սրտով չլինի: Սա ուղղակի եւ ամենաբիրտ ճնշումն էր իշխանական երկու ճյուղերի կող­մից իշխանական երրորդ ճյուղի նկատմամբ: Սա աննախադեպ երևույթ էր, որն ուղղակի դարձրեց ոչ լեգիտիմ ցանկացած կայացվե­լիք դատական ակտ, որը կլինի պարոն Քո­չարյանի դեմ: Այսինքն, ցանկացած դատական ակտ, որը կլինի այս ճնշման տակ կա­յացված, ի սկզբանե ոչ լեգիտիմ է»,-հայտարարել էր փաստաբանը:

Փորձառու փաստաբանի կանխատեսում­ներն իրականություն դարձան արդեն նախօրեին. վերաքննիչ քրեական դատարանի նա­խագահ Վազգեն Ռշտունին բավարարեց Հա­յաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով Մարտի 1-ի քննչական խմբի ղեկավարի միջնորդությունը և ինքնաբացարկ հայտնեց: Ռոբերտ Քոչարյանի փաստաբան­ները վերաքննիչում բողոքարկում են Երևանի ընդհանուր իրավասության դատարանի ապ­րիլի 12-ի որոշումը: Դատավոր Գագիկ Պողոսյանը մերժել էր Քոչարյանի նկատմամբ ան­ձեռնմխելիության հիմքով քրեական հետապն­դումը դադարեցնելու վերաբերյալ պաշտպա­նական խմբի ներկայացրած բողոքը: Արդեն նույնիսկ կարևոր չեն այն ֆորմալ մոտիվները, որոնք դրդել են դատավորին ինքնաբացարկ հայտնել: Ավելի էական է այն հանգամանքը, որ երկրում ձևավորված տոտալ անհանդուրժողականության ու ճնշման մթնոլորտը բացարձակապես չի նպաստում դատական ռեֆորմին ու ճիշտ հակառակը' կաշկանդում է դատավորներին, որոնք նման իրավիճակում պարզապես հրաժարվում են քննել Ռոբերտ Քոչարյանի հետ կապված գործերը: Մարդկայնորեն նման մոտեցումն ինքնին հասկանալի է. ոչ ոք չի ցանկանում դառնալ հասարակության անհանդուրժող, լյումպենացված խավերի ու, առավել ևս, գործադիր իշխանության ճնշումների թիրա­խը և կայացնել ոչ թե օրենքից բխող, այլ այնպիսի վճիռ, որը հաճո կլինի նշյալների քիմքին: Ու նաև ակնհայտ է, որ նման իրա­վիճակում Քոչարյանի գործը կքննեն դատա­վորներ, որոնք իշխանության համար հաճո որոշումներ կկայացնեն' փաստորեն ապալեգիտիմացնելով գործընթացը:

Սակայն խնդիրը պետք է դիտարկել ավելի գլոբալ համատեքստում: Փաստորեն վեթթինգը դառնում է ոչ թե դատական ռեֆորմի խորհրդանիշ, այլ վերահսկելի դատական համակարգ ձևավորելու գործիք: Սա ոչ մի տեղ չտանող ճանապարհ է, որը Հայաստա­նում իրական է դարձնում քաղաքական, սահմանադրական ճգնաժամի հեռանկարը: Սրանք դատական համակարգի կապիտու­լյացիայի առաջին նշաններն են»:

Սուրեն Սուրենյանց

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ