27 05 2019

Ինչո՞ւ են հետ մնում բյուջեի ծախսերը․ «168 Ժամ»

Ինչո՞ւ են հետ մնում բյուջեի ծախսերը․ «168 Ժամ»

«168 Ժամ»-ը գրում է․ «Շատ հաճախ կարևորելով բյուջեի եկամուտները, մի տեսակ ստվերում ենք թողնում ծախսերը։ Մինչդեռ դրանք պակաս կարևոր չեն և լուրջ դերակատարում ունեն՝ հատկապես տնտեսական գործընթացներում։

Այսպես. այս տարվա սկզբին պետական բյուջեի ծախսերի իրականացումն էապես հետ է ընկել պլանավորվածից։ Ֆինանսների նախարարության ներկայացրած  բյուջեի կատարման հաշվետվությունը փաստում է, որ կատարվել է առաջին եռամսյակում նախատեսված ծախսերի ընդամենը 79,1 տոկոսը։ Տարեսկզբի առաջին երեք ամիսներին կառավարությունը պլանավորել է ապահովել շուրջ 365 մլրդ դրամի ծախս։ Սակայն թերացել է. 365 մլրդ դրամից իրականացվել է ընդամենը 288 միլիարդը. թերակատարումը հասնում է 77 մլրդ դրամի։ Ներկա փոխարժեքով այն համարժեք է գրեթե 160 մլն դոլարի։

Սա այն գումարն է, որն առաջին եռամսյակում պետական բյուջեի հաշվին տարբեր ծրագրերի ֆինանսավորման միջոցով պիտի մտներ տնտեսություն, սակայն չի մտել։

Եվ ո՞վ է մեղավոր սրա համար, եթե ոչ՝ կառավարությունը։ Դժվար է ասել` այս մասին վարչապետը գիտի՞, թե՞ ոչ, բայց մի բան փաստ է, որ 77 մլրդ դրամը կամ 160 մլն դոլարը փոքր գումար չէ Հայաստանի տնտեսության համար։ Անկախ ամեն ինչից՝ այն կարող էր, թեկուզ չնչին, բայց դրական ազդակներ հաղորդել տնտեսական գործընթացների ակտիվությանը։

Այնպես որ, նախկին արատավոր բարքերի ու թերությունների մասին անընդհատ խոսելու փոխարեն, լավ կլիներ, որպեսզի կառավարությունը երբեմն-երբեմն իր շուրջը նայեր, որպեսզի տեսներ, թե ինքն ինչ է անում։ Այլապես ստացվում է, որ վարչապետը մի կողմից՝ հորդորում է մարդկանց ակտիվ ներդրումներ կատարել տնտեսության մեջ, իրականացնել տնտեսական ծրագրեր, մյուս կողմից՝ կառավարությունն իր դանդաղկոտության և հարկաբյուջետային չհավասարակշռված քաղաքականության հետևանքով խնդիրներ է ստեղծում տնտեսության համար։

Թե ո՞րն է եղել բյուջետային ծախսերի չկատարման պատճառը, դեռ կանդրադառնանք։ Մինչ այդ արձանագրենք, որ դա նոր բան չէ։ Նախկինում ևս բազմիցս բյուջեի ծախսերը թերակատարվել են։ Բայց այդ երևույթը կտրուկ խորացել է հատկապես իշխանափոխությանը հաջորդող շրջանում։ Պատկերացնելու համար ասենք, որ անցած տարվա ավարտից ընդամենը մեկ ամիս առաջ բյուջեի ծախսերի թերակատարումն անցնում էր 19 տոկոսը։ Այս տարվա սկզբին իրավիճակը ոչ միայն չի կարգավորվել, այլև ավելի է խորացել. Առաջին եռամսյակում, պլանավորվածի համեմատ՝ ծախսերը պակաս են եղել գրեթե 21 տոկոսով։

Առաջին հայացքից գուցե տպավորությունն այնպիսին է, որ գործ ունենք դրական գործընթացի հետ։ Բայց այդպես չէ։ Իրականում բյուջեի թերակատարումը բացասական երևույթ է։ Առավել ևս, երբ դա կապված չէ ֆինանսական միջոցների սղության հետ։ Եթե հավատալու լինենք կառավարությանը, ապա տարեսկզբին բյուջեն եկամուտների խնդիր չի ունեցել։ Ընդհակառակը` մի բան էլ նախատեսված մուտքերը, այդ թվում` զուտ հարկային, գերազանցվել են։

Այս պայմաններում ծախսերի թերակատարումը շատ ավելի վատ է. դա նշանակում է, որ հարկերի տեսքով տնտեսությունից միջոցները հանվել են և չեն վերադարձվել։

Հիշեցնենք, որ առաջին եռամսյակում բյուջեի եկամուտները կազմել են շուրջ 319,8 միլիարդ, ծախսերը` 288,6 մլրդ դրամ։ Այլ կերպ ասած, բախվել են պրոֆիցիտի հետ։ Այն դեպքում, երբ Հայաստանի բյուջեն դեֆիցիտով է, ինչն ունի իր հիմնավոր պատճառները, որքան էլ դրա հետևանքով երկիրը պարտքեր է կուտակում։

Բյուջեի ծախսերի կատարումն ինքնանպատակ չէ։ Դրանք գումարներ են, որոնց միջոցով իրականացվող ծրագրերը ոչ միայն կարևոր դեր ունեն տարբեր խնդիրների լուծման գործում, այլև լրացուցիչ խթաներ են ստեղծում տնտեսական գործընթացների ակտիվացման համար։

Սակայն ստացվում է, որ բյուջետային ծախսերի միջոցով տնտեսությունն աշխուժացնելու փոխարեն՝ կառավարությունն իր գործողություններով մի բան էլ խնդիրներ է ստեղծել դրա համար։ Առավել ևս, որ Հայաստանի տնտեսությունը ֆինանսական միջոցների մեծ կարիք ունի։ Մինչ չկան ներդրումներ` հիմնական հույսը մնացել են վարկերը։ Ինչքան էլ կառավարությունը փորձի տարբեր միջոցներով մեղմել վարկերի տոկոսադրույքները, դրանք, միևնույն է, թանկ փողեր են և ոչ միշտ են նպաստում տնտեսության արդյունավետության բարձրացմանը։

Այս պայմաններում ոչ մի կերպ չի կարող արդարացվել տնտեսությունից ֆինանսական միջոցների դուրսբերումը և սառեցումը։ Հատկապես որ, առանց այդ էլ տնտեսական զարգացումները մի կարգին վիճակում չեն։ Արձանագրվող աճը խարսխված է հիմնականում առևտրի և ծառայությունների վրա, որի մի մասն էլ ոչ այնքան՝ իրական զարգացումների, որքան՝ շրջանառությունների բացահայտման արդյունք է։

Ֆինանսական միջոցների առկայության պայմաններում բյուջեի ծախսերի թերակատարումը հիմնականում երկու գործոնի հետևանք է. սովորաբար դա կապված է լինում՝ ինչպես խնայողությունների, այնպես էլ՝ նախատեսված ծրագրերի կատարման ժամկետների շեղումների հետ։

Բյուջեի խնայողությունները, անշուշտ, լավ են։ Դա լրացուցիչ հնարավորություն է նոր ծրագրեր ֆինանսավորելու և իրականացնելու համար։

Այլ հարց է, երբ բյուջեի ծախսերի թերակատարումը ծրագրերի ուշացումների հետևանքն է։ Այստեղ է, որ կառավարությունը խնդիրներ ունի։ Ինչ-ինչ պատճառներով հետաձգվում են բյուջեի միջոցներով իրականացվող ծախսերը։

«2019թ. առաջին եռամսյակում պետական բյուջեն կատարվել է 31,2 մլրդ դրամ հավելուրդով՝ առաջին եռամսյակում ծրագրված 55,1 մլրդ դրամ և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 26,3 մլրդ դրամ պակասուրդի դիմաց: Բյուջեի հավելուրդը հիմնականում պայմանավորված է եկամուտների համեմատ ծախսերի ավելի ցածր կատարողականով»,- ասվում է բյուջեի կատարման առաջին եռամսյակի հաշվետվության մեջ։

Խոսքն ինչպես՝ ներքին, այնպես էլ՝ արտաքին վարկային միջոցների հաշվին նախատեսված ծրագրերի մասին է։ Բյուջեի ազատ միջոցների հաշվին ծրագրված է եղել կատարել 38 մլրդ դրամի ծախս։ Սակայն ոչ միայն չի կատարվել, այլև մի բան էլ ազատ միջոցներն ավելացել են։

Առաջին եռամսյակում արտաքին աղբյուրներից ներգրավվել է նախատեսված վարկային միջոցների ընդամենը 31,5 տոկոսը։ Արտաքին աջակցությամբ իրականացվող ծրագրերի շրջանակներում պլանավորվել է տնտեսվարողներին տրամադրել ավելի քան 30 մլն դոլարի վարկ, բայց տրամադրվել է ընդամենը 8-8,5 միլիոնը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ