«Փաստ»-ը գրում է․ «Իշխանական «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի տեղեկացմամբ, խորհրդարանն սկսել է vetting-ի (դատավորների զտման) նախագծի մշակումը, բայց առայժմ զերծ է մնացել մանրամասներ ասելուց։ «Նույնիսկ ուրվագծվող բաների մասին չեմ ուզում ասել, բայց հնարավորինս սեղմ ժամկետներում մենք կունենանք նախագիծ»,- նշել է Մակունցը։
Սա ակնհայտորեն կառավարությունում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ունեցած ելույթի արձագանքն է։ Նիկոլ Փաշինյանը խորհրդակցության ընթացքում հայտարարել էր, որ Հայաստանում գործող բոլոր դատավորները պետք է ենթարկվեն, այսպես կոչված, vetting-ի: Vetting-ն արտառոց մի գործընթաց չէ, այն արդեն իրականացվել է աշխարհի մի շարք երկրներում, պայմանական ասած՝ ատեստացիա է, որը չանցած դատավորները գնում են տուն։ Ամբողջ խնդիրն այն է, որ այս գործընթացում անպայմանորեն երկու սկզբունք պետք է պահպանվի՝ խտրականության և կամայականության բացառումը։
Արդյո՞ք այսօրվա Հայաստանում նման բան հնարավոր է։ Սկզբունքորեն դատաիրավական բարեփոխումների օգտին հանդես են գալիս բոլորը՝ թե՛ հայաստանյան քաղաքական ուժերն ու քաղաքացիական հասարակությունը, թե՛ մեր երկրի արտաքին գործընկերները. ամբողջ խնդիրն այն է, որ վստահություն չի ներշնչում այն ճանապարհը, որն ընտրվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից։Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի Հայաստանի հարցով համազեկուցողները մտահոգություն են հայտնում դատարանների մուտքերն ու ելքերն արգելափակելու՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչի կապակցությամբ, միաժամանակ շեշտում երկրում դատական իշխանության նկատմամբ հանրային վստահության ցածր մակարդակն ու դատական բարեփոխումների անհրաժեշտությունը:
Սա մոտավորապես այն բանաձևն է, որն ուղղակի կամ անուղղակի այս օրերին արտահայտում են հայաստանյան իրադարձություններին արձագանքող բոլոր սուբյեկտները։Ամբողջ խնդիրն այն է, որ Նիկոլ Փաշինյանի թիմն իշխանության ղեկին է մեկ տարուց ավելի ու որևէ քայլ չի իրականացրել արդարադատության համակարգը բարեփոխելու ուղղությամբ՝ նույնիսկ այն դեպքում, երբ նման օրակարգի անհրաժեշտության մասին խոսում էին գրեթե բոլորը, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանը, որի՝ անցած տարվա օգոստոսի 16-ի հանրահավաքային ելույթի մի ստվար հատված վերաբերում էր անցումային արդարադատության գործիքների ներդրմանը։
Vetting-ի անհրաժեշտության մասին Փաշինյանը խոսեց միայն այն ժամանակ, երբ դատարանը որոշում կայացրեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու մասին։ Սա, իր հերթին, ռիսկեր է ծնում, որ Փաշինյանի մոտեցումը քաղաքականապես մոտիվացված է, մանավանդ, որ վարչապետը գնաց անթույլատրելի քայլի՝ փորձեց փողոցի միջոցով ճնշում գործադրել արդարադատության համակարգի վրա։ Այս պարագայում դժվար է խոսել խտրականության ու կամայականության բացառման մասին, և արդյունքում մենք կարող ենք ստանալ ոչ թե բարեփոխումներ, այլ դատական այսօրվա խամաճիկային համակարգի փոխարինումը նույն որակն ունեցող այլ համակարգով»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը