«Հրապարակ»-ը գրում է․ «Երբ կարդացի Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան այս լակոնիկ գրառումը՝ «Եվրասիա մայրցամաքի արևմտյան ափից մինչև արևելյան ափ: Այցելությունները համարում եմ կարևոր և ստացված», ինձ մի պահ թվաց, թե հայտնվել եմ ծուռ հայելիների աշխարհում: Ակամա սկսեցի փորփրել հիշողությունս, որպեսզի մի դեպք հիշեմ համաշխարհային լիդերների կյանքից, որոնք իրենց որևէ այց կամ շրջագայություն որակած լինեն «անկարևոր և չստացված»: Եվ պատկերացրեք՝ նման դեպք չի եղել ոչ մի պետության ղեկավարի կյանքում: Նրանց այցերը «կարևոր ու ստացված» են միշտ, և նրանք հարկ են համարում դրանց մասին խոսելիս այլ գնահատականներ տալ:
Փաշինյանի մեկտողանոց գրառման մեջ արտասովոր բան չկա, իհարկե, բայց կա զավեշտալի խոստովանություն այն մասին, որ նա իր ճանապարհորդությունը՝ «այցելությունները», ինչպես ինքն է ասում, համարում է «կարևոր»: Այ, սա իսկապես քաղաքական անգրագիտություն է, որ գրեթե չի պատահում համաշխարհային քաղաքական պրակտիկայում: Ամբողջ հարցն այն է, որ երկրի ղեկավարի «Ատելությունների» կարևորությունը որոշվում է մինչև այցելությունը և ոչ թե այցելության ընթացքում կամ դրանից հետո: Տվյալ այցի կարևորությունից, նշանակությունից ու նպատակներից ելնելով էլ կազմավորվում է համապատասխան պատվիրակություն՝ համապատասխան մարդկանցով: Դիցուք, այս դեպքում հնարավոր չէ ասել, որ «Եվրասիա մայրցամաքի արևմտյան ափից մինչև արևելյան ափ» Փաշինյանի այցելությունները նախապես են «կարևորվել»:
Ավելի հավանական է թվում, որ այցի կարևորության մասին Փաշինյանը սկսել է մտածել միայն ինքնաթիռում, այլապես նրան ուղեկցող պատվիրակությունը բոլորովին այլ, առավել մասնագիտական կազմ կունենար: Կարո՞ղ է մեկն ինձ բացատրել, թե մեր պետության հաշվին Չինաստանում ինչ կարևոր գործ ունեին վարչապետին ուղեկցող գլխավոր խորհրդականը, օգնականը, աշխատակազմի արարողակարգի բաժնի պետը, նույն բաժնի գլխավոր մասնագետը, արարողակարգային միջոցառումների պատասխանատուն, արարողակարգի բաժնի խորհրդականը, արտաքին գործերի նախարարի պետական արարողակարգի ծառայության պաշտոնական այցերի բաժնի կցորդը, վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության գլխավոր մասնագետը, 7 թիկնապահները, Աննա Հակոբյանը, Աննա Հակոբյանի խորհրդականն ու վարսավիրը...
Մեր հեռուստատեսություններին կհորդորեի ամեն անգամ՝ առիթ-անառիթ, «Սարոյան եղբայրներն» ու «Երաժշտախմբի տղաները» ցուցադրելու փոխարեն, ցուցադրեին «Հարսնացուն հյուսիսից»-ը և «Ոսկե ցլիկը», որոնք բավականին ուսուցողական կարող են լինել այս կառավարության և անձամբ Նիկոլ Փաշինյանի համար: Չէ, դուք տեսեք՝ կառավարությունում ինչքան շաշկի խաղացող կա, Փաշինյանը հավաքել, հետը տարել է Պեկին՝ ցուցահանդես: Նաջարյանը, մինչդեռ, կբարկանար նրանց վրա՝ ես ձեզ աշխօր եմ տալիս, որ դուք շաշկի խաղաք... Բա որ հորթերը սատկեն, ձեզ պիտի՞ տանեմ ցուցահանդես... Դե իսկ Մուրադը համարյա կատաղեց, երբ իմացավ, որ գյուղի կեսը գյուղատնտեսական աշխատանքների, վարուցանքի այդ օրերին պատրաստվում է իր հետ շատ կարևոր առաքելությամբ մեկնել Ռուսաստան՝ աղջիկ ուզելու: Ասում էր՝ այ մարդ, էլ էսքան մարդու ինչո՞ւ աշխատանքից կտրենք: Առավոտը կգնամ, իրիկունը կվերցնեմ, կբերեմ... Մուրադը նույնիսկ անհարմար էր զգում ասել՝ ես ու Արուսը կգնանք: Ներկաները պետք է գլխի ընկնեին, որ երբ նա ասում է «ես»՝ Արուսը հետն է:
Հիմա մենք Աննայի շրջագայությունների մասին բան չասինք, որ Փաշինյանը շտապել է այդպես կարևորել Բրյուսել-Պեկին երթուղով այս տուրը: Ի վերջո, բոլորս էլ գիտենք, որ «Բադ պեկինյան ձևով» ուտեստը շատ է զիջում հայկական խորովածին, և հաստատ բադի համար չէ, որ Աննան մեկնել է Պեկին: Բայց մի՞թե կարելի էր ճոխ ու ոչինչ չասող այդպիսի պատվիրակությամբ Չինաստանի նման երկրի ղեկավարությանը ներկայանալ և անհեթեթության վերածել պետբյուջեի վրա միլիոններ նստած այցը»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը